«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2001-11-22 | #215, 2001-11-23 | #216, 2001-11-24


ՆՈՐ ՀԱՅԱՑՔ ԿՈՎԿԱՍԻՆ

Կոնֆերանս Բեռլինում

Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը նոյեմբերի 26, 27-ին «Հակամարտությունների տարածաշրջան Կովկասը. Եվրոպայի հետ հանուն կայունության մի համաձայնություն (պակտ)» վերնագրով կոնֆերանս է հրավիրել Բեռլինում:

Ինչպես իրազեկում է հրավիրատոմսի հակիրճ տեղեկատվությունը, հարավկովկասյան երեք հանրապետություններըՙ Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը, ԽՍՀՄ փլուզումից հետո անկախացան եւ հայտնվեցին ծանրագույն անցումային փուլումՙ կենտրոնացված պլանային տնտեսությանը պիտի փոխարինեին շուկայական տնտեսությունն ու ժողովրդավարությունը: Փոխակերպման այս գործընթացը լրացուցիչ դժվարություններ գրանցեցՙ ուղեկցվելով բազմաթիվ հակամարտություններով: Միջոցառման նպատակն է գերմանական հետաքրքրված հանրությանը պարզաբանել Գերմանիայի եւ Եվրոպայի համար տարածաշրջանի ունեցած դերն ու նշանակությունը:

Երկօրյա կոնֆերանսը կողջունի Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի միջազգային երկխոսության բաժնի ղեկավար Ուվե Օփտենհյոգելը, «Հակամարտությունների տարածաշրջան Կովկասը. Գերմանիայի հետաքրքրությունները եւ եվրոպական քաղաքականությունը» բացման զեկուցումով հանդես կգա սոցիալ-դեմոկրատների խմբակցության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գերնոտ Էրլերը: Կոնֆերանսի կոնցեպցիան կներկայացնեն հիմնադրամի կովկասյան եւ Կենտրոնական Ասիայի կոորդինատոր Վինֆրիդ Շնայդեր-Դեթերսը (Թբիլիսի) եւ նախկին խորհրդարանական Դիտրիխ Շպեռլինգը, ովքեր եւ կվարեն երկօրյա միջոցառումը: Ծրագրում նշված երրորդ բանախոսը պրոֆ. Միխայել Բոհնեթն էՙ ԳԴՀ տնտեսական զարգացման եւ համագործակցության նախարարությունից: Առիթ է տրված Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, ԼՂ-ի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, ինչպես նաեւ փախստականների խմբի ներկայացուցիչներին իրենց տեսակետներն արտահայտելու: Կոնֆերանսում շոշափվելու են 6 թեմաներ, որոնց վերնագրերն ենՙ «Հարավկովկասյան հակամարտությունները», «Հակամարտության խաղաղ լուծման ներքին նախապայմանները», «Տարածաշրջանային հակամարտություններ եւ շրջանային առանձնահատուկ հետաքրքրություններ», «Հակամարտության կարգավորում. միջազգային միջնորդություն (Mediation) եւ տարածաշրջանային նախաձեռնություններ», «Տարածաշրջանային տնտեսական համագործակցություն. տեսիլք եւ իրականություն», «Եվրոպա եւ Կովկաս. կայունության մի համաձայնություն»:

Կոնֆերանսի հրավիրատոմսում մասնակիցների անուններ չկան: Տարածաշրջանից ներկա են լինելու նշված երկրների իշխանության, ընդդիմության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մեզ չհաջողվեց հստակեցնել, թե ՀՀ-ից եւ ԼՂՀ-ից միջոցառմանը մասնակցելու նպատակով Բեռլին ովքեր են ժամանելու: Նախապես խոսվում էր, որ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի միջոցառմանը հրավիրված են Ռուբեն Շուգարյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Դավիթ Շահնազարյանը, Արմեն Դարբինյանը, Բորիս Նավասարդյանը, Գեղամ Բաղդասարյանը եւ այլք:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4