«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2001-11-22 | #215, 2001-11-23 | #216, 2001-11-24


ԲԵՌԼԻՆԻ «ՀԱՅԿԱԿԱՆ» ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Բոննում բացված ցուցահանդեսըՙ մինչեւ դեկտեմբերի 9-ը

«Մարդիկ հայեր էին կոչվում. պատմական Հայաստանի հետ մի հանդիպում» (Armeni syn die Menschen genant: Eine Begegung mit dem historischen Armenien), այսպես է կոչվում Բոննի գիտությունների կենտրոնում հոկտեմբերի 18-ից դեկտեմբեր 9-ը գործող ցուցահանդեսը, որը ներկայացնում է Բեռլինի պետական գրադարանի 15-20 դդ. «հայկական» ժառանգությունը: Ինչպես մեր զրույցում փոխանցեց գրադարանի աֆրիկագիտության եւ հայագիտության բաժնի աշխատակից, Բեռլինի ու Բոննի ցուցահանդեսների կուրատոր Մելինե Փեհլիվանյանը, 2000-ի մարտի 15-ից ապրիլի 2-ը Բեռլինի գրադարանում հանրությանը ներկայացված նույնավերնագիր ցուցահանդեսն այնքան մեծ հետաքրքրություն էր արթնացրել, որ կարեւորություն զգացվեց արեւմտյան հատվածում էլ ցուցադրելու, առավել համալրվածՙ 300 ցուցանմուշով: Բացի գրադարանի պահոցներում հանգրվանած արժեքներից, Բոննում ներկայացված են նաեւ 18-19 դդ. հայկական տարազի նմուշներ, կանանց զարդեր, ազգային նվագարաններ, կենցաղային իրեր, դրամներ, գորգերՙ բեռլինաբնակ պրն Պետրոս Դիքիջյանի անձնական հավաքածուից:

Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը ներկաների մեջ մեծ թիվ էին կազմում գերմանացի մտավորականներն ու քաղաքական գործիչները: Դատելով նրանցՙ տիկին Փեհլիվանյանին ուղղած հարցումներից ու ցուցահանդեսի առիթով տպագրված 264 էջանոց գունավոր, շքեղ, 50 մարկ արժողությամբ պատկերագրքի սպառումից (պատկերագրքի առաջաբանը գրել է Բեռլինի պետական գրադարանի տնօրեն Անտոնիուս Յամմերսը, առանձին հոդվածներ հեղինակել են Հերման Գոլցը, Մելինե Փեհլիվանյանը, Արմենուհի Դրոստ-Աբգարյանը, Քրիստիան Հաննիքը, Դիրք Հենզգենը, Քլեմենս Զորգենֆրեյը, Թեսա Հոֆմանը, Խաչիկ Գազերը, Էլիզաբեթ Թիիթմեերը), կարելի է ասել, որ այս ցուցահանդեսի հանդեպ հետաքրքրությունը մեծ է:

Քչերին է հայտնիՙ հինգ հարյուրամյակ ամփոփող գերմանա-հայկական կապերը պատմության առանձին ժամանակահատվածներում չափազանց սերտ են եղել, ցուցահանդեսը դրա փայլուն վկայությունն է, ասում է 13 տարի հիշյալ գրադարանում աշխատած տիկին Փեհլիվանյանը, հավելելովՙ ուզեցի, որ գրադարանում հավաքված հայկական հարուստ գանձերը մի անգամ կողք կողքի հանրությանն ի ցույց դնենք:

Ցուցահանդեսում մատուցված տեղեկատվությունը բազմաշերտ է, բայց շատերիս հատկապես դեռ դպրոցից ծանոթ «մոռացված» բաժինն է զարմացնումՙ գերմանացիների կողմից այսքան հայտնագործված ու այսօր նրանց այսքան օտար մեր երկիրն ինչքան կարիք ունի նման ցուցահանդեսների: Ոչ միայն գերմանացիները, ներկա հայերից շատերն էլ չեն հիշում, որ 1486-ին Մայնցի տպարաններից մեկում հայկական առաջին տպագիր տառերը լույս տեսան Բերնհարդ ֆոն Բրեյդենբախի «Peregrinatio in terram sanctam» ճանապարհորդական գրքում, որ բիբլիական Արարատի գագաթ առաջինը 1829-ին մագլցել է գերմանացի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը եւ 1834-ին նկարագրել իր «Ճամփորդություն դեպի Արարատ» գրքում, որ գերմանացի հեղինակավոր գիտնականներ Յուլիուս Հայնրիխ Պետերմանն ու Հայնրիխ Հյուբշմանը եղել են հայոց լեզվի ամենաջանադիր ուսումնասիրողներից, որ իրանագետ Յոզեֆ Մարքվարթը Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմ համալսարանում հիմնել է առաջին հայագիտական ամբիոնը, որ արվեստի պատմության հայտնի վիեննաբնակ մասնագետ, «Հայաստանի եւ Եվրոպայի ճարտարապետություն» գրքի հեղինակ Յոզեֆ Ստրժիգովսկին, ցայսօր էլ վիճելի, բազմիցս քննարկված այն «հայասեր» տեսակետն է հայտնել, թե Եվրոպայում ռոմանականը սերում է հայկական ճարտարապետությունից, որ Հայաստանի աշխարհագրության գիտական առաջին հրատարակության հեղինակը մյունխենցի պրոֆեսոր Մորիթց Վագներն է, որ բեռլինցի ճանաչված քարտեզագիր Հայնրիխ Կիպերտն առաջինն է Օսմանյան կայսրության հայկական գավառների գիտական քարտեզագրությունը կազմել: Ցուցահանդեսում ներկայացված նրա հեղինակած մի շարք քարտեզներ, ըստ կուրատորի, արժեքավոր են նաեւ նրանով, որ տեղանունների լեզվագիտական ճշգրտությամբ են կազմված: Արեւելագետ, համեմատական լեզվաբանության մասնագետ Յոզեֆ Կաարստն, ի թիվս այլ արժեքավոր հրատարակությունների, ծավալուն մեկնաբանություններով գերմաներեն է թարգմանել Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը»: Այսքանը գիտենք, կասեք երեւի: Չեմ փորձի վիճել: Պարզապես շարադրեմ, թե էլ ինչ է տարիներով խնամքով պահվել ԳԴՀ մայրաքաղաքի գրադարանում: Հայկական տարեգրքեր, լրագրեր վերնագրված պահարանում կարելի է տեսնել «Մասիսը», Թեոդիկի «Ամէնուն տարեցոյցը», «Անահիտը» եւ այլն, հայագիտական անվանյալ ցուցափեղկումՙ «Հանդես ամսօրեայ»-ն, «Բազմավէպը», Միքայել Չամչյանի «Պատմութիւն հայոց»-ը, Մխիթար Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի», Արսեն Այտընյանի «Քերականութիւն աշխարհաբար կամ արդի հայերէն լեզուի» աշխատությունները, Մաղաքիա Օրմանյանի «Ազգապատումը» եւ այլն: Հայկական հարցին նվիրված մի քանի ցուցափեղկերում 19-20 դդ. տեղահանության, բնաջնջման, ցեղասպանության վավերագրությունն էՙ գերմանացի քաղաքական գործիչների, հրապարակախոսների, գրողների ու միսիոներների հայացքով: Եվ ցուցահանդեսի մի ծավալուն բաժին ներկայացնում է Յոհաննես Լեփսիուսի, Էդուարդ Բեռնշտայնի, Փոլ Ռոհրբախի, Ֆրիդրիխ Նոյմանի, Յակոբ Քյունցլերի, Արմին Թ. Վեգների եւ Ֆրանց Վերֆելի նամակներն ու ստեղծագործությունները:

Ծանոթ փաստերից ու անուններից անցնեմ անակնկալներին: Այս ցուցասրահներում մի քանի ժամ անցկացնելով ինձ հայտնի դարձավ, որ Բեռլինի պետական գրադարանն առանձին ժամանակահատվածներում սերտ կապեր է ունեցել Հայաստանի հետ: Հատկապես այն տարիներին, երբ դրա տնօրինությունն են ստանձնել հայերեն-լատիներեն հոյակապ բառարանի (ձեռագիրը պահվում է հոլանդական Լայդեն քաղաքի համալսարանական գրադարանում) հեղինակ ֆրանսիացի Մաթհուրին Վեյսիերե դե լա Քրոցեն (1661-1739), այնուհետՙ 1863-ին, Բեռլինում հայ բողոքականների միության վարչության անդամ Կարլ Ռիխարդ Լեփսիուսը (1810-1884), «ուղղորդելով» որդուՙ Յոհաննեսի հետաքրքրությունն առ Հայաստան, եւ Ադոլֆ ֆոն Հարնաքը (1851-1930), ով առանձնակի հոգ էր տանում հայ աստվածաբանական տեքստերի գերմաներեն թարգմանության համար: Ինձ համար մեկ ուրիշ նորություն էլ գտաՙ Եվրոպական մշակույթի թանգարանը ցուցահանդեսին է տրամադրել գերմանացի ազգագրագետ նկարիչ Ագուստ Վիլհելմ Քիզըվեթթերի (1811-1865) մեր երկրի մասին պատմող («Էջմիածնի վանքում», «Հայաստան», «Երեւայան շուկա», «Մի հայի դիմանկար» եւ այլն) 21 յուղաներկերը:

Թեպետ բարոյական չէ պատմական արժեքները թվերով հանդերձավորելը, սակայն Մելինե Փեհլիվանյանից իմացանք, որ 300 ցուցանմուշներից ամենաթանկագինը հայ միջնադարյան զարգացած գրքարվեստի վկայություն 16-18 դդ. 25 ձեռագրերն են, նաեւՙ Բրեյդենբախի գիրքը:

Ցուցափեղկից ցուցափեղկ հետաքրքիր տեղեկատվական շարքն այնքան է երկարում, որ դժվար թե լրագրային մեր հպանցիկ անդրադարձում տեղավորվի: Պարտադիր էլ չէՙ պատկերագրքում տիկին Փեհլիվանյանն այնքան մանրակրկիտ նկարագրել է ամեն ցուցանմուշ, որ մեր «կարճատես» հայացքն այս դեպքում իսկապես ավելորդ է դառնում: Պարզապես իրազեկենք, որ մի քանի ենթավերնագրի տակ, ապակեպատ պահարաններում ապահովագրված յուրաքանչյուր արժեք ներկայանում է լավ կազմված «կենսագրականով», ինչը հնարավորություն է ընձեռում այցելուին ինքնուրույն, առանց մասնագետի օգնության գիտելիքներ ձեռք բերել մի քանի ժամվա ընթացքում:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Բոնն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4