«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2001-12-13 | #230, 2001-12-14 | #231, 2001-12-15


ՎՐԱՑԱԿԱՆ ՄԻՋԱՆՑՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ Է ԴՐՎՈՒՄ

Դրանով վերստին շրջանառության մեջ է մտնում Գոբլի տխրահռչակ ծրագիրը

Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների նկատմամբ ԱՄՆ-ի շահագրգռությունները հայտնի են: Գաղտնիք չէ նաեւ հայերի եւ Հայաստանի հարցում ամերիկյան տեսակետների համընկնումը թուրք-ադրբեջանական տեսակետների հետ: Ահա թե ինչու ԱՄՆ-ը Հայաստանի շրջափակումը վերացնելու հարցում Թուրքիային ընդամենը հորդորում է, վերջինս դա անընդմեջ պայմանավորում է ադրբեջանական տարածքներիցՙ ներառյալ Լեռնային Ղարաբաղը, հայկական զորքերի դուրսբերմամբ, իսկ Ադրբեջանը դուրսբերման առնչությամբ մշտապես ապավինում է ամերիկացիների աջակցությանը:

Այլ կերպՙ հայերը եւ Հայաստանը որպես առաջնահերթ խնդիր անընդհատ տեղ են զբաղեցնում թուրք-ամերիկյան պաշտոնական հանդիպումների օրակարգում: Թերեւս այդ առումով պատահական չէին ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի վերջին բանակցություններն Անկարայում թուրքական իշխանությունների հետ: Վարչապետ Բյուլենթ Էջեւիթը դրանց անդրադառնալիս ասում է. «Ես նշել եմ, որ Թուրքիան Հայաստանի հետ դիվանագիտական կապեր կհաստատի միայն այն դեպքում, երբ նա վերջ կտա Ադրբեջանի տարածքների օկուպացմանն ու կբարելավվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները»:

Հատկանշական է, որ վարչապետ Էջեւիթը, ինչպես Բաքվի «Էխո» թերթն է վկայում, իր այս դիրքորոշումն արտահայտել է նաեւ Անկարայում ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի հետ հանդիպմանը, ներկայացնելով նրան Հայաստանն ապաշրջափակելու համար հետեւյալ երեք նախապայմաններըՙ «օկուպացված» ադրբեջանական տարածքների ազատում, փախստականների վերադարձ, Նախիջեւանի հետ Ադրբեջանի ցամաքային հաղորդակցությունն ապահովող միջանցք:

Այս նախապայմաններից հրատապը, որքան էլ դա հավասարապես անընդունելի լինի Հայաստանի, նրա ռազմաքաղաքական դաշնակից Ռուսաստանի, ինչպես նաեւ Իրանի համար, միջանցքի տրամադրումն է: Ի դեպ, այս միջանցքն իր հերթին հավասարապես շահագրգռում է Թուրքիային, նրա միջոցով Անդրկովկասում եւ Միջին Ասիայում գործող ԱՄՆ-ին եւ իր նկրտումներն ամերիկյան աջակցությամբ պայմանավորող Ադրբեջանին: Այդ առումով պատահական չէր Պոլ Գոբլի տխրահռչակ ծրագիրը եւ 1992 թ.-ին շրջանառության մեջ դրված այս ծրագրի առնչությամբ թուրքերի եւ ադրբեջանցիների ոգեւորությունը:

Ուրեմն Ադրբեջանի եւ Նախիջեւանի տարածքով Հայաստանի միջանցքի բացումը, որն իբրեւ նախապայման հայերին է առաջադրվում, նոր չի մտել ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ Ադրբեջանի օրակարգ: Դա առնվազն 9 տարվա վաղեմություն ունի: Ի՞նչ նպատակով է օրակարգ մտելՙ Նախիջեւանի վրայով Ադրբեջանի հետ Թուրքիայի ցամաքային կապն ապահովելու: Ուստի եւ չի կարելի նորություն համարել միջանցքի բացման նպատակը: Եթե այս հարցը մնում է օրակարգում, եւ նույնությամբ պահպանվում է դրա նախնական նպատակը, ապա ինչո՞վ բացատրել միջանցքի հարցի արծարծումը Ռամսֆելդի եւ Փաուելի հետ Էջեւիթի հանդիպումներում: Ըստ երեւույթին, Անդրկովկասում, Միջին Ասիայում, ինչպես նաեւ Մերձավոր եւ Միջին Արեւելքում Ռուսաստանի հարաճուն քաղաքական ակտիվությամբ:

Դա հատկապես նկատելի դարձավ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, երբ Աֆղանստանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած «հակաահաբեկչական» պատերազմում թալիբների դեմ հաղթանակն առանց ամերիկյան հետեւակայինների գործուն մասնակցության ապահովեցին «Հյուսիսային դաշինքի» ուժերը, իսկ այդ ուժերին զենքով ու զինամթերքով Ռուսաստանն էր օգնում: Այսինքնՙ դաշինքի վրա ռուսական ազդեցությունն զգալի է: Ինչ վերաբերում է օրերս Բոննում ձեւավորված Աֆղանստանի ժամանակավոր կառավարությանը, ապա դա էլ է կրում Ռուսաստանի հետ Իրանի եւ Պակիստանի ազդեցության կնիքը:

Այս պայմաններում ի չիք են դառնում «հակաահաբեկչական» գործողությունների պատրվակով վերահսկողությունից դուրս եկած թալիբներին նոր դրածոներով փոխարինելու եւ այդ միջոցով Աֆղանստանում դիրքեր ամրապնդելու, թերեւս դրանով էլ, ինչպես Հնդկաստանի, այնպես էլ Չինաստանի ազդեցությանը տարածաշրջանում հակակշռելու, Միջին Ասիա ներթափանցելու համար անհրաժեշտ նախադրյալները ստեղծելու եւ, վերջապես, միջինասիական հանրապետությունների էներգետիկ պաշարները խողովակաշարերով Պակիստանի Կարաչի նավահանգիստը փոխադրելու ԱՄՆ-ի քաղաքական բոլոր հաշվարկները:

Աֆղանական պատերազմում Ռուսաստանի հետ համագործակցությունը, որի հիմքում էին այդ համագործակցության միջոցով միջինասիական հանրապետությունների հետ նմանապես համագործակցելու ամերիկյան միտումները, անկախ Վաշինգտոնի կամքից, հանգեցրեց Միջին Ասիայում ռուսական ազդեցության աճին: Հատկանշական է, որ դրան նպաստեց հենց ԱՄՆ-ը, երբ միջինասիական հանրապետությունների հետ համագործակցությունը պայմանավորեց Ռուսաստանի միջնորդությամբ: Ռուսական ազդեցության հակակշռումն ԱՄՆ-ի համար ենթադրում էր Աֆղանստանում միանձնյա ռազմական ներկայության ապահովում: Սակայն «Հյուսիսային դաշինքի» ոչ բարենպաստ դիրքորոշումն ու Աֆղանստանում քաղաքական զարգացումների ընթացքը հակասում էին ամերիկացիների ռազմական ներկայության տրամադրությանը: Այս ամենը, իբրեւ տարանցիկ միջանցքի, առանձնակի նշանակություն հաղորդեց Վրաստանին: Այսպիսով նա, ինչպես այդ մասին դեկտեմբերի 2-ի հաղորդումներում վկայում էր թուրքական պետհեռուստատեսությունը, դարձավ Անդրկովկաս մուտք գործելու, այստեղից էլ Միջին Ասիա ներթափանցելու միակ պատուհանը:

Հարկ է սակայն նշել, որ այդ պատուհանը նպատակին ծառայեցնելու նախապայմանը Վրաստանի կայունությունն էր: Մինչդեռ վերջին իրադարձությունները ոչ միայն սրեցին ներքաղաքական լարվածությունը երկրում, այլեւ զգալի թուլացրին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի դիրքերը: Երբ Վաշինգտոնը Թուրքիայի նախագահի միջոցով փորձում էր քաղաքական աջակցություն ցույց տալ Շեւարդնաձեին, ռուսական ռազմաօդային ուժերը հանկարծ ռմբակոծեցին Պանկիսի կիրճը:

Այս ռմբակոծությունը պաշտոնական Անկարան վերագրեց Վրաստանում Թուրքիայի դիրքերը թուլացնելու ռուսական միտումներին: Քանի որ թուլացումը նույնացվում էր Ռուսաստանի դիրքերի ամրապնդման հետ, ուստի Անդրկովկասում եւ Միջին Ասիայում Թուրքիայի միջոցով գործող ԱՄՆ-ը կանգնեց վրացական տարանցիկ միջանցքը այլընտրանքային համարժեք միջանցքով փոխարինելու փաստի առջեւ: Ահա թե ինչու վարչապետ Բյուլենթ Էջեւիթը, ինչպես Քոլին Փաուելի, այնպես էլ Դոնալդ Ռամսֆելդի հետ հանդիպումներում առաջ քաշեց Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ միջանցք բացելու հարցը եւ դա որպես հայ-թուրքական հարաբերությունների բարելավման նախապայման առաջադրեց Հայաստանին: Ակամա հարց է ծագումՙ ինչո՞ւ, որովհետեւ այդ միջանցքն իրականում Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ցամաքային կապն է ապահովում, իսկ դա Ադրբեջանից Միջին Ասիա ներթափանցելու առումով շահագրգռում է թե՚ Թուրքիային եւ թե՚ ԱՄՆ-ին:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4