«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2001-12-14 | #231, 2001-12-15 | #232, 2001-12-18


ԹՈՒՐՔԵՐԸ ՉԱՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ՎԵՐԱԳՐԵԼՈՒ ՀԱԿՈՒՄ ՈՒՆԵՆ

Ցեղասպանություն հասկացությունը հավասարակշռությունից հանում է թուրքերին: Քանի որ նրանք այդ հասկացության օգտագործումը նույնացնում են Թուրքիայի դեմ դավադրության որոնումների հետ, ուստի աշխարհով մեկ հիստերիա են բարձրացնում: Համատարած հիստերիայի պայմաններում ստացվում է, որ իրենք ոչ թե ցեղասպանություն են գործել, այլՙ դրան ենթարկվել: Ակամա հարց է ծագումՙ ովքե՞ր են ջարդարարները: Կարսում եւ Իգդիրում կանգնեցված հուշարձաններն ու Էրզրումի ցեղասպանության թանգարանը միանշանակ պատասխանում են այդ հարցինՙ հայերը: Իսկ բացի հայերի՞ց, դրան դեկտեմբերի 5-ի համարում պատասխանել էր «Թուրքիյե» թերթը, հայերի կողքին թուրքերի նկատմամբ ցեղասպանության մեջ մեղադրելով նաեւ հույներին:

Թուրք-իսլամականներին հարող այս թերթն ավելորդ աղմուկ էր բարձրացրել, թե հունական իշխանությունները սեպտեմբերի 14-ը հռչակել են «Անատոլիայի հույների ցեղասպանության» օր: Թուրքական պետհեռուստատեսությունը Աթենքում իր սեփական թղթակցի միջոցով հերքել էր վերոհիշյալ թերթի այս լուրը, թե սեպտեմբերի 14-ը Անատոլիայի հույների ցեղասպանության օր հռչակելու հունական խորհրդարանի որոշումն իշխանությունների միջամտությամբ կասեցվել է: Կասեցումը, սակայն, չէր խանգարել Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդին, որպեսզի մայիսի 15-ը «Արեւմտյան Թրակիայի թուրքերի ցեղասպանության» օր հայտարարելու առաջարկով դիմի Մեջլիսին:

Դեկտեմբերի 7-ին «Ազգն» արձագանքեց թե «Թուրքիյե» թերթին եւ թե՚ թուրքական պետհեռուստատեսությանը: Նույն օրն այս ամենին արձագանքում է նաեւ «Ակօսը»: Արձագանքից պարզվում է, որ խոսքը «Անատոլիայի հույների» մասին չէ, այլՙ սեպտեմբերի 14-ը «Փոքր Ասիայում իրագործված ցեղասպանության» օր հռչակելու Հունաստանի խորհրդարանի որոշման: Դրա արդյունքում Ազգային անվտանգության խորհուրդը համարժեք քայլի է դիմել եւ ելակետ ընդունելով քեմալականների ազգային անկախության պատերազմին հունական զորքերի մուտքը Փոքր Ասիա, որը տեղի է ունեցել մայիսի 15-ին, այդ օրը «Արեւմտյան Անատոլիայի թուրքերի ցեղասպանության օր» հայտարարելու առաջարկ է արել, այլ ոչ թեՙ «Արեւմտյան Թրակիայի»: «Ակօսը» նշում է, որ տվյալ խորհուրդն առաջարկել է նաեւ, որպեսզի Մեջլիսը համանման որոշում ընդունի «Արեւելյան Անատոլիայի թուրքերի» առնչությամբ:

Ինչ վերաբերում է Հունաստանի խորհրդարանի վերոհիշյալ որոշման կասեցմանը, այս հարցում «Թուրքիյե» թերթին հերքում էր թուրքական պետհեռուստատեսությունըՙ ընդգծելով կասեցման փաստը: Ինչպես երեւում է, Ազգային անվտանգության խորհուրդն էլ կասեցումը անտեսելու գնով Թուրքիայի խորհրդարանին առաջարկ կատարելիս նախապես պետհեռուստատեսությանն է հերքել: Համենայն դեպս, «Ակօսը» մեզ տեղեկացնում է, որ Հունաստանի խորհրդարանի «սեպտեմբերի 14-ը Փոքր Ասիայում իրագործված ցեղասպանության օր հռչակելու» 1998 թ. հոկտեմբերի 13-ի որոշումը երկրի նախագահը թուրք-հունական հարաբերությունների բարելավման ֆոնին հրաժարվել է վավերացնել, այսպիսով դա սառեցվել է: Այնուհետեւ, սակայն, տեղեկություններ են ստացվել, թե ս. թ. սեպտեմբերի 21-ին որոշումն այնուամենայնիվ վավերացվեց, դեռ ավելինՙ վավերացման մասին պաշտոնապես հրապարակվեց Հունաստանում: Այս տեղեկությունը հիմք է տվել Ազգային անվտանգության խորհրդին ս. թ. հոկտեմբերին արձագանքելու: Այսպիսով, առաջ են քաշվել 1919-1922 թթ. Արեւմտյան Անատոլիայում թուրք բնակչության նկատմամբ հունական զորքերի «կոտորածները»: Դրանք քննարկելու եւ մայիսի 15-ը Արեւմտյան Անատոլիայի թուրքերի ցեղասպանության օր հռչակելու առաջարկ է արվել Մեջլիսին:

20-րդ դարի սկզբին թուրքերի թիվը Թուրքիայի Հանրապետության սահմաններում ընդամենը 6 միլիոն էր: Ներկայումս 70 միլիոն է: Թվաքանակի այս ահռելի տարբերությունը հիմք է տալիս ենթադրելու, որ կոտորածները կամ խիստ բարերար ներգործություն են ունենում թուրքերի թվական աճի վրա, կամ էլ նրանք վարպետանում են կանխարգելիչ նախահարձակ միջոցներով իրենց չարագործություններն այլ ժողովուրդների վերագրելու մտավարժանքների մեջ:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4