«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2001-12-14 | #231, 2001-12-15 | #232, 2001-12-18


ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ԴՈՆԱԼԴ ՌԱՄՍՖԵԼԴԻՑ ԱՄԱՆՈՐԻ ՆՎԵՐ ՍՏԱՑԱՎ

Հայ-ամերիկյան ռազմական համագործակցության հեռանկարը Երեւանը պայմանավորում է 907 ուղղումով

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոկտեմբերի սկզբներին, երբ «Ազատության աջակցության ակտի» 907 ուղղումը վտանգի տակ էր, Հայաստանի նախագահը նամակով դիմեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշինՙ մտահոգություն հայտնելով 907-ի վերացմանն ուղղված նախաձեռնությունների առնչությամբ: Ռոբերտ Քոչարյանը նշում էր, որ «907-ի վերացումը, որ ուղղակիորեն բխում է Ադրբեջանի շահերից, կմեկնաբանվի իբրեւ պարգեւատրում Ադրբեջանին», «բացասաբար կանդրադառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացի վրա», «907 հոդվածը հակամարտության ողջ ընթացքում փոխկապակցված է եղել Հայաստանի հանդեպ թուրք-ադրբեջանական շրջափակման հետ եւ մեկ տարրի հեռացումը, դրան անկախ կարգավիճակ տալն անդառնալիորեն կվնասի ԼՂ խաղաղության գործընթացին»: ՀՀ նախագահը հիշեցրել էր, որ Ադրբեջանում արմատավորվել է բեն Լադենի ահաբեկչական ցանցը եւ «907-ի վերացումը կնշանակի պարգեւատրում մի երկրի, որը պատսպարում է ահաբեկիչներին»:

«907-ի վերացումն ինձ համար կլինի Ամանորի լավ նվեր», շաբաթ օրը ԱՄՆ պաշտպանության քարտուղար Դոնալդ Ռամսֆելդի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Հ. Ալիեւը: Տարածաշրջանային այցի շրջանակներում Դ. Ռամսֆելդի գլխավորած պատվիրակությունն առաջինն այցելեց Բաքու: «Ֆրանսպրես» գործակալության հաղորդագրության համաձայն, պրն Ռամսֆելդը Ալիեւին խոստացել է «ռազմական օգնություն», «ավելի լայն ռազմական համագործակցություն», ինչը հնարավորություն կտա Ադրբեջանին միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ավելի մեծ օգնություն տրամադրել:

«Այս տարածաշրջանի կայունությունը մեզ համար կարեւոր է, ինչպես կարեւոր է ձեզ համար: Մենք մտահոգ ենք ահաբեկչության, թմրանյութերի եւ զանգվածային ոչնչացման զենքերի տարածման խնդիրներով», Բաքվում ասել է Ռամսֆելդը, ինչին հետեւել է Հ. Ալիեւի մեկնաբանությունը. «Ադրբեջանը միշտ դեմ է եղել ահաբեկչությանը, եւ մենք ցանկանում ենք այս խնդրի լուծման գործում շարունակել մեր համագործակցությունը»: Պաշտոնական Բաքվի ակնարկը պարզ է: Ամերիկյան CBS հեռուստաընկերության թղթակիցը, որն ԱՄՆ պաշտպանության քարտուղարի պատվիրակության կազմում էր, մեզ հետ զրույցում նշեց, որ Բաքվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը հիշեցրել է տարիներ շարունակ չկարգավորվող ԼՂ հակամարտության, փախստականների, «հայկական ահաբեկչության» եւ անջատողականության մասին: Ըստ ամերիկացի մեր գործընկերոջ տեղեկության, Ադրբեջանը միջազգային հակաահաբեկչական պայքարում ԱՄՆ-ին առաջարկել է իր ռազմաբազաները, ինչը պրն Ռամսֆելդին այնքան էլ չի ոգեւորել: Ընդհանրապես հրապարակավ պրն Ռամսֆելդը չի անդրադարձել ԼՂ խնդրին, մինչդեռ Աբխազիայի եւ վերջերս ռուսական օդուժի կողմից Վրաստանի Պանկիսի կիրճի ռմբահարումների առնչությամբ բավականաչափ կտրուկ է արտահայտվել: «Մենք լիովին պաշտպանում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը: Մենք զգում ենք, որ վրաց-ամերիկյան ռազմական սերտ համագործակցությունն արդարացված է եւ օգտակար նման խնդիրներ առաջանալու համատեքստում», ասել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարը Բաքու թռչելու ճանապարհին:

Իր ռազմաբազաներն ԱՄՆ-ին տրամադրելու առաջարկությունը Բաքուն արել էր Դ. Ռամսֆելդի այցի նախօրեին: Ենթադրաբար, ճիշտ է CBS-ի թղթակցի դիտարկումը, որ ամերիկյան կողմը դրանից չի ոգեւորվել: Այլապես, նույն Սաֆար Աբիեւը համատեղ մամլո ասուլիսում չէր հայտարարի, թե «Բաքուն դեռեւս չի որոշելՙ իր ռազմաբազաներն ԱՄՆ ուժերին տրամադրի՞, թե՞ ոչ»: Այստեղ մեջբերենք Բաքվում լույս տեսնող «Զերկալո» օրաթերթի հոդվածից մի հատված. «ԱՄՆ-ն արդեն Թուրքիային խնդրանքով դիմել էՙ որոշել Ադրբեջանի այն ռազմաբազաները, առաջին հերթինՙ օդակայանները, որոնք մոտ են ՆԱՏՕ-ի ստանդարտներին, որպեսզի դրանք անհրաժեշտության դեպքում օգտագործվեն հակաահաբեկչական պայքարում: ԱՄՆ-ն օդակայանները վերակառուցելու համար պատրաստ է միջոցներ տրամադրել»:

Եթե հաշվի առնենք, որ Թուրքիան այս տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցն է, եւ Հարավային Կովկասում իր հետաքրքրությունները, ռազմաքաղաքական ներկայությունն ամրապնդելու համար Վաշինգտոնը գործում է հենց Անկարայի միջոցով, ապա «Զերկալոյի» մեջբերումը կարող ենք դիտել խիստ հավանական: Հիշենք, մեր տարածաշրջանի մեկ այլ երկրումՙ Վրաստանում, ԱՄՆ-ը եւս գործում է Թուրքիայի միջոցով, թուրքերն են արդիականացրել Մառնեուլի ռազմական օդակայանը, հետաքրքրված են Վազիանի ռազմաբազայով: Ընդհանրապես, 907 բանաձեւի վերացումը, ինչը, Ռամսֆելդի խոսքերով, տեղի կունենա այս կամ եկող շաբաթ, քիչ աղերսներ ունի ԱՄՆ հակաահաբեկչական գործողությունների հետ: ԱՄՆ-ը դեռ մի քանի տարի առաջ էր փորձում վերացնել այն, իսկ սեպտեմբերի 11-ի ողբերգությունը Վաշինգտոնի համար հարմար առիթ էր: Հիշենք, որ ԱՄՆ Կոնգրեսը 1992 թ. ընդունեց 907 ուղղումըՙ ի պատասխան Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ շրջափակման: ԱՄՆ-ի համար առաջնայինն ի՚ր շահերն են, իսկ այդ շահերն այսօր թելադրում են մեծացնել ռազմական ներկայությունն Ադրբեջանում մասնավորապես, Հարավային Կովկասումՙ ընդհանրապես: Հ. Ալիեւի նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեն նկատում է. «Բաքուն ուղղակի պարտավոր է օգտագործել այս պատմական հնարավորությունը եւ ընդլայնել ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցությունը»:

Հայ-ամերիկյան ռազմական համագործակցության հեռանկարը շատ հստակ ձեւակերպեց Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: ԱՄՆ պաշտպանության քարտուղարի հետ համատեղ մամլո ասուլիսում պրն Սարգսյանն ասաց. «Բանակցություններում հիմնական թեմաներն էին հակաահաբեկչական գործողություններում մեր համագործակցության եւ ռազմական բնագավառում երկու երկրների պաշտպանության նախարարությունների համագործակցության խնդիրները: Մեր պատրաստակամությունը հայտնեցինք այսուհետ եւս աջակցել հակաահաբեկչական գործողություններին եւ պրն Ռամսֆելդի հետ պայմանավորվեցինք ԱՄՆ Կոնգրեսի որոշումից հետո խոսել ռազմական բնագավառում կոնկրետ համագործակցության մասին»: Դոնալդ Ռամսֆելդը նշեց, որ կամ այս, կամ եկող շաբաթ կորոշվի 907-ի ճակատագիրը, հետեւաբարՙ հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ապագան:

Երեւանում ԱՄՆ պաշտպանության քարտուղարը բանակցություններ է վարել ՀՀ նախագահ Քոչարյանի, պաշտպանության եւ արտաքին գործոց նախարարներ Սերժ Սարգսյանի ու Վարդան Օսկանյանի հետ: Համատեղ մամլո ասուլիսում պատասխանելով ամերիկացի լրագրողի հարցինՙ «Ի՞նչ օգնություն եք ցանկանում ստանալ ԱՄՆ-ից», Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Մենք կցանկանայինք շարունակել այն ծրագրերը, որոնք կյանքի ենք կոչում: Դա առաջին հերթին սպաների ուսուցումն է, ականազերծման կենտրոնի ստեղծման ավարտը: Մեր կապի միջոցների արդիականացման առումով կցանկանայինք լուրջ օգնություն ստանալ»:

Տարածաշրջանային այցը Դոնալդ Ռամսֆելդն ավարտել է Վրաստանում եւ անմիջապես ուղեւորվել Աֆղանստան: Թբիլիսիում նա բանակցություններ է վարել իր վրաց պաշտոնակից Դ. Թեւզաձեի, արտգործնախարար Ի. Մենաղարիշվիլու, խորհրդարանի նախագահ Ն. Բուրջանաձեի եւ Վրաստանի առաջնորդ Է. Շեւարդնաձեի հետ: Ռամսֆելդն ասել է, որ վրաց իշխանությունների հետ քննարկել է «ռազմական ոլորտում համագործակցության եւ դրանց հետագա ամրապնդման ու ընդլայնման հարցեր»: Շեւարդնաձեն նշել է, որ ԱՄՆ-ը լուրջ օգնություն է տրամադրում «վրացական զինված ուժերի կառուցման եւ բարեփոխման պրոցեսում», ընդգծելով, որ ռազմական ոլորտում ԱՄՆ օգնությունը Վրաստանին լինելու է երկարաժամկետ: Վրաստանի նախագահը խոստացել է այսուհետ եւս լինել ԱՄՆ կողքինՙ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում:

Ի դեպ, Շեւարդնաձեին ընդդիմադիր «Բաթումի դաշինք» խորհրդարանական խմբակցության առաջնորդներից Ջեմալ Գոգիտաձեն «Փրայմ նյուս» գործակալությանն ասել է, որ Պանկիսի կիրճում այսօր կան շուրջ 2 հազար զինված չեչեններ: «Վրաստանն աջակցում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարին, միեւնույն ժամանակ այնքան էլ մաքուր չէ զինված չեչեններիՙ իր տարածքում գտնվելու փաստի առնչությամբ», ասել է Գոգիտաձեն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4