«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2001-12-14 | #231, 2001-12-15 | #232, 2001-12-18


ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՄԱԿ-ՈՒՄ

Ինտերնետային ցանցով ստացված տեղեկության համաձայն, ՄԱԿ-ի «Թիլման» մատուռում դեկտեմբերի 6-ին միջազգային կազմակերպության աշխատակազմն ու զանազան կրոնական ուղղությունների հոգեւորականներ ներկա են եղել մի միջոցառման, որի ընթացքում Ամերիկայի հայկական եկեղեցու Արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արք. Պարսամյանից լսել են հետաքրքրական տեղեկություններ Հայաստանի եւ նրա հավատի ակունքների մասին: Մեկժամյա միջոցառումը, որը նվիրվել է Հայաստանում քրիստոնեության պետական կրոն ընդունման 1700 եւ Հայաստանի անկախության 10-ամյակներին, կազմակերպել է ՄԱԿ-ում թեմի ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցիչ Ադրիեն Ալեքսանյանը:

«Մեր ժողովուրդը թվով քիչ է, եւ մեր պատմությունը ոչ բոլորին է հայտնի, դրա համար էլ յուրաքանչյուր հայ իրեն դեսպան է զգում, կենդանի օրինակը եւ վերապրող մնացորդըՙ 1700-ամյա ստեղծագործական կյանքի, նվաճումների եւ հավատի», ասել է սրբազանը ներկաներին, որոնց թվում են եղել ՄԱԿ-ի հայազգի եւ օտար աշխատակիցներ: «Ովքեր մեզ ճանաչում են, խորապես տպավորվում են մեզանով, եւ նրանց մեջ անհագ ցանկություն է առաջանում իմանալու մեր ներշնչումների աղբյուրները», ավելացրել է նա:

Հայաստանի պատմության եւ մշակույթին նվիրված այս միջոցառման ընթացքում խոսք է ասել նաեւ Սբ. Ներսես հայկական դպրանոցի դեկան դոկտ. Աբրահամ Տերյանը, որն անդրադարձել է մեր պատմության ընթացքում մեզ բաժին ընկած բազում փորձություններին եւ այն ոգուն, որով պահպանել ենք մեր հավատըՙ անսասան մնալով թշնամու արհավիրքների առաջ: «Հայաստանը մեծապես նպաստել է հոգեւոր աշխարհի ստեղծմանը», նշել է նա:

Երեկոյի վերջում տեղի է ունեցել նաեւ գեղարվեստական մաս, որին մասնակցել են սոպրանո Անուշ Բարքլինՙ Ֆլորենս Ավագյանի երգեհոնային նվագակցությամբ, եւ ուրիշներ: «Այս ամենը ցույց է տալիս, որ հայերը խոր արմատներ ունեն ինչպես իրենց, այնպես էլ համաշխարհային պատմության մեջ: Իհարկե, հեշտ չէր մեր պատմության եւ մշակույթի ժառանգությունը փոխանցել դարերին եւ հասցնել մինչեւ մեր օրերը: Պատերազմների, հետապնդումների եւ նույնիսկ ցեղասպանության միջով անցած մեր ժողովրդին մնում է շարունակել առաջ տանել հոգեւոր արժեքների գեղեցկությունը, խաղաղության ձգտումներն ու բարյացակամության դրսեւորումները համայն մարդկության հանդեպ», ասել է իր խոսքի վերջում միջոցառմանը ներկա ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Մովսես Աբելյանը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4