«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#236, 2001-12-22 | #237, 2001-12-25 | #238, 2001-12-26


ԿՐՈՆԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԴԱՍԱԳԻ՞ՐՔ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Ֆրանսահայ համայնքի «Յառաջ» օրաթերթըՙ «Ակօս» շաբաթաթերթից քաղելով նյութը, հաղորդում է, որ Թուրքիայի կրթության նախարարության հրահանգով պատրաստվում է մի դասագիրք, որով երեք գլխավոր կրոններըՙ քրիստոնեական, հրեական եւ մահմեդական, միասնաբար դասավանդվելու են դպրոցներում: Համապատասխան հանձնախմբերը կրթական երեք մակարդակների համար արդեն ավարտել են ծրագիրը, որն ակադեմիականների եւ կրթության բարձրագույն մարմնի վավերացումը ստանալուց հետո կկիրառվի: Ըստ նախարարության պատասխանատուների հայտարարության, նախաձեռնության նպատակն է տարբեր կրոնները աշակերտությանը ծանոթացնել եւ նրանց մեջ բազմամշակութային արժեքները հարգելու ու գնահատելու համակարգ ստեղծել եւ զարգացնել: Նյութի մատակարարման համար ծրագիրը նախատեսում է քրիստոնյա ուսուցիչ թուրքական վարժարանների եւ մահմեդական ուսուցիչ փոքրամասնությունների վարժարանների համար:

Դրական կողմերով հանդերձ, ժխտական հակազդեցություններն արդեն իսկ առկա են: Մարմարա համալսարանի աստվածաբանության բաժնի տեսուչ պրոֆ. Զ. Բեյազն, օրինակ, քննադատել է ձեռնարկըՙ վախենալով, որ միասնական ծանոթացումն անչափահասների մեջ կարող է կասկած ներշնչել մահմեդականության հանդեպ: Մյուս կողմից, «Ակօս» շաբաթաթերթի հարցումներին պատասխանելով, Պոլսո Մեսրոպ պատրիարքն ասել է, որ իրենք այդ դասագիրքը կազմելու վերաբերյալ ոչ մի դիմում չեն ստացել: Ապա ավելացրել է, որ նույն նախարարության պատրաստած կրոնի դասագրքերում քրիստոնեության եւ հրեական կրոնի մասին այնքան շատ սխալներ կան, որ միայն նոր հատորների հրատարակությամբ կարելի է սրբագրել: Նա հարմար է համարել, որ նոր դասագիրքը, հաստատվելու դեպքում, հայկական դպրոցներում օգտագործվի լոկ որպես օժանդակ նյութ մինչ այժմ օգտագործվող քրիստոնեական կրոնի դասագրքերի կողքին:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4