«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#236, 2001-12-22 | #237, 2001-12-25 | #238, 2001-12-26


«ՀԱՅԱՍՏԱՆ. ՔՐԻՍՏՈՆՅԱ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1700 ՏԱՐԻՆ»

Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի առթիվ «Մուղնի» հրատարակչատունը լույս է ընծայել «Հայաստան. Քրիստոնյա ճարտարապետության 1700 տարին» գեղատիպ հատորը Մուրատ Հասրաթյանի եւ Զավեն Սարգսյանի հեղինակությամբ: Առաջինը հայկական ճարտարապետության դոկտոր է եւ խորապես ուսումնասիրել է հայկական ճարտարապետությունը: Երկրորդըՙ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրենն է եւ սքանչելի լուսանկարիչ:

Գրքի ներածության մեջ Հասրաթյանը հանգամանալից ներկայացրել է հայկական ճարտարապետության երկար ուղին պատմական եւ գիտական ամուր հենքի վրա: Իսկ Սարգսյանն իրեն հատուկ ոճով եւ արվեստով ընթերցողին է փոխանցել հայկական եկեղեցիների հանդեպ ունեցած իր սերը: Նրա լուսանկարները խոսուն են ու գեղեցիկ:

Ըստ «Յառաջ» օրաթերթի, որն այս լուրը հաղորդում է, հատորը տպագվել է Մոնրեալում (Կանադա) «Թրիա» ընկերության կողմից հայերեն եւ անգլերենՙ Ռազմիկ Հեքիմյանի հովանավորությամբ: Գունավոր լուսանկարներով եւ աննման ճաշակով հրատարակված գրքի արժեքն է 50 ամերիկյան դոլար:

Ավելացնենք, որ «Մուղնի» հրատարակչությունը Մեսրոպ արք. Աշճյանի նախաձեռնությամբ է ստեղծվել, նպատակ ունենալով լույս ընծայել հոգեւոր, գրական եւ մշակութային արժեքավոր գործեր: Ավելացնենք նաեւ, որ նման մի հատոր, բայց սեւ-սպիտակ նկարներով տպագրվել էր 1965 թ.-ին Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության միջոցով հոգելույս Տ.Տ. Վազգեն Ա կաթողիկոսի օրերին:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4