«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2002-02-01 | #20, 2002-02-02 | #21, 2002-02-05


«ՊՈՒՏԻՆԸ ԵՎ ԱԼԻԵՎԸ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ ՓՈԽԱՆԱԿԵՑԻՆ»

Այս վերնագիրը ես չեմ հնարել, այլ խնամքով թխել եմ ռուսաստանյան մի թերթից: Ասեմ, թե ինչու: Ելցինի կառավարման շրջանում ես մեծ բավականությամբ էի կարդում Հ. Ալիեւի վերաբերյալ Ռուսաստանի մամուլում հրատարակվող նյութերը: Բոլորը գիտեին, որ տակավին հանրահռչակ քաղբյուրոյի տարիներից Բորիս Նիկոլաեւիչը մեծ ալերգիա ուներ նրանից, եւ դա լրագրողներին սնունդ ու ասպարեզ էր տալիս իրենց նյութերը շռայլորեն համեմելու առնվազն հումորովՙ չհաշված սարկազմի հասնող խայթիչ ակնարկները: Իսկ ներկա այցի վերաբերյալ մեկնաբանություններում, ավա՜ղ, գերիշխում էին փաստահաստատիչ չոր արձանագրումներՙ զուրկ երբեմնի հարազատ (համենայն դեպս, ինձ համար) զավեշտական զեղումներից:

Ալիեւի այցի բարձրակետը, անշուշտ, պետք է համարել նրա հայտարարությունը ռուս-ադրբեջանական ստրատեգիական համագործակցության մասին: Կովկասյան քաղաքականության նահապետը իրեն չսազող միամտությամբ փորձել է կրկնօրինակել մյուս մեծ հարեւանին, ճիշտ էՙ այլ դիրքից: Վերջինս ռուսներին հաճախ է ասումՙ վերադարձրեք Աբխազիան, եւ Վրաստանը ձերն է: Ընդսմին սա վարում է հակառուսական քաղաքականություն: Ալիեւն արդիական մոտեցում է ցույց տալիսՙ առանց պարտության ու առանց հաղթանակի վերադարձրեք Ղարաբաղը, եւ մենք ստրատեգիական եղբայր գործընկերներ ենք: Ռուսաց լեզուն էլ գժի պես սիրում ենք ու տիրապետում, Պուշկինի արձանն էլ բացում ենք Բաքվում. Դե որ մի քիչ էլ խնդրեք, կարող ենք կանգնեցնել նաեւ... Արթուր Չիլինգարովի արձանը. Մոտավորապես այսպես: Պրագմատիկ Պուտինն այնքան էր շոյված այս զգացմունքաշարժ իրողություններից, որ անմիջապես Ալիեւին հրավիրեց Ս. Պետերբուրգՙ մասնակցելու «ադրբեջանցի մեծ» մտածող Նիզամիի հուշարձանի բացմանը: Անշուշտ, Պուտինը չէր կարող Կրեմլում բանավեճ բացել բանաստեղծի իսկական ազգային պատկանելության շուրջ: Բայց նա կարող էր գոնե նշել, թե տարածքային առումով իր հայրենի քաղաքի որ շուկայի մոտ է տեղի ունենալու պաստառահանման հանդիսավոր արարողությունը:

Գթառատ այս իրադարձությունների ֆոնի վրա լուրջ բան չէ քննարկել ռուս-ադրբեջանական ռազմական թե տնտեսական համախոհության հարցերը: Շարունակենք զարգացնել մեր նախկին մտքերը: Վրացին Աբխազիան ոչ միայն չի ստանում, այլեւ կարող է կորցնել նաեւ, ասենք, Աջարիան: Արդյոք ավելի խո՞րն է Ալիեւը: Նա կարո՞ղ է նույն մակարդակի հարաբերություններ ունենալ Թուրքիայի եւ Ռուսաստանի հետ: Արդյոք Ադրբեջանը կարո՞ղ է գրավել Հայաստանի տեղը Անդրկովկասում: Ինձ թվում է, այս կարգի համապարփակ հարցերից հայերիս առաջին հերթին պիտի հուզի թերեւս առաջին հայացքից անվայել թվացող մի հարցականՙ ի՞նչ կլինի Ադրբեջանի հետ Ալիեւից հետո: Ի վերջո, երեւի պատահական չէր, որ այցին նախորդած մամլո կանխագուշակումներն այն վարկածն էին արծարծում, որ հոր գլխավոր մտահոգությունը ռուսների օգնությամբ որդուն գահին նստեցնելն է: Ի դեպ, ծանոթ ադրբեջանցի մի լրագրող ինձ միշտ ասում է, որ եթե որդի Ալիեւը դառնա նախագահ, նույն օրը նա Ադրբեջանը տանուլ կտա խաղատանը:

Ցավոք, հայերս հազիվ թե կարողանանք խանգարել նրան այդ արկածախնդրական գործում:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4