«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2002-02-19 | #32, 2002-02-20 | #33, 2002-02-21


ՍԵՐԽԻՈ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽԵԼ Է «ՊԱՆԱՏԻՆԱԻԿՈՍԸ»

«C» եւ «D» խմբերում կայացած հանդիպումներում վերսկսվեց ֆուտբոլի չեմպիոնների լիգայի խմբային 2-րդ մրցաշարը։ «C» խմբում իր 3-րդ հանդիպումն էլ հաղթանակով ավարտեց Մադրիդի «Ռեալը»ՙ գործնականում ապահովելով քառորդ եզրափակիչի ուղեգիրը։ Ճիշտ է, հաղթանակը շատ դժվարությամբ տրվեց։ Միակ գնդակն իսպանացիները խփեցին խաղի 83-րդ րոպեին։ Աչքի ընկավ արգենտինացի կիսապաշտպան Սանտյագո Սոլարին, որը ստանալով գնդակը, խաբս տվեց պաշտպանին եւ հիանալի հարվածով հաղթանակ պարգեւեց իր թիմին։ Հատկանշական է, որ Սոլարին փոխարինման էր դուրս եկել։ Ընդհանրապես «Ռեալը» սեփական հարկի տակ հաջող է խաղում «Պորտոյի» հետ։ Բացառություն չկազմեց նաեւ թիմերի հերթական հանդիպումը։ Այս խմբում կայացած մյուս խաղում հունական «Պանատինաիկոսը» հյուրընկալվելիս անակնկալ հաղթանակ տարավ «Սպարտայի» նկատմամբ։ Հարկ է նշել, որ երբ դեկտեմբերի կեսերին թիմի ղեկը ստանձնեց ուրուգվայցի մասնագետ Սերխիո Մարգարյանը, «Պանատինաիկոսը» լրիվ կերպարանափոխվեցՙ առաջնությունում տանելով 7 անընդմեջ հաղթանակ։ «Սպարտայի» հետ խաղում էլ հույն ֆուտբոլիստներն իրենց գերազանց դրսեւորեցին։ Հաշիվը 39-րդ րոպեին բացեց Գիորգոս Կարագունիսը, իսկ 71-րդ րոպեին Միխալիս Կոնստանտինուն կրկնապատկեց այն։

«D» խմբում առանց այն էլ խճճված իրավիճակն ավելի խճճվեց։ Երկու հանդիպումներն էլ ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով։ Հատկապես դրամատիկ պայքար ծավալվեց Թուրինում, որտեղ «Յուվենտուսը» հյուրընկալել էր «Դեպորտիվոյին»։ Հյուրերն ընտրել էին պաշտպանական տակտիկա։ Չնայած դրան, առաջին 5 րոպեներին իտալացի Անտոնիո Կոնտեն երկու անգամ կարող էր բացել հաշիվը։ Այնուհետեւ Տրեզեգեն գլխի հարվածով փորձեց գրավել դարպասը, սակայն գնդակը դիպչելով ձողինՙ դուրս եկավ դաշտի սահմաններից։ Խաղի լարվածությունն իր գագաթնակետին հասավ, երբ Դել Պիեռոյի անհատական անցումը հյուրերը կասեցրին արգելված հնարքով։ Սակայն տուժողը չկարողացավ իրացնել 11 մ հարվածը. հիանալի խաղաց դարպասապահ Մոլինան։ Սա գոլ խփելու ամենառեալ հնարավորությունն էր։ Դարպասներն այդպես էլ մնացին անառիկ։

Անգլիական «Արսենալը» ձեռքից բաց թողեց հաղթանակը «Բայերի» հետ խաղում։ Իսկ մինչ խաղի վերջին րոպեն ամեն ինչ հաջող էր ընթանում անգլիացիների համար։ 56-րդ րոպեին թիմի ֆրանսիացի լեգեոներ Ռոբեր Պիրեսը բացեց հաշիվը։ Թվում էր, թե «Արսենալը» հաղթանակ կտոնի, սակայն խաղի վերջին րոպեին Ուլֆ Կիրստենը գերմանացիներին փրկեց պարտությունից։

Մրցաշարային աղյուսակ

«C» խումբ

Խ - Հ - Ո - Պ - Գ - Մ

1. Ռեալ - 3 - 3 - 0 - 0 - 7¬2 - 9

2. Պանատինաիկոս - 3 - 1 - 1 - 1 - 2¬3 - 4

3. Սպարտա - 3 - 1 - 0 - 2 - 3¬5 - 3

4. Պորտո - 3 - 0 - 1 - 2 - 0¬2 - 1

«D» խումբ

Խ - Հ - Ո - Պ - Գ - Մ

1. Յուվենտուս - 3 - 1 - 1 - 1 - 5¬3 - 4

2. Արսենալ - 3 - 1 - 1 - 1 - 4¬4 - 4

3. Բայեր - 3 - 1 - 1 - 1 - 4¬5 - 4

4. Դեպորտիվո - 3 - 1 - 1 - 1 - 2¬3 - 4


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4