«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2002-03-01 | #40, 2002-03-02 | #41, 2002-03-05


ՇԻՐԱԿ. ԴԵՄ ԿՔՎԵԱՐԿԵՆ ԶԼ ԱՅՍ ՕՐԻՆԱԳԾԻՆ

Անցած շաբաթ օրը Գյումրու «Ասպարեզ» լրագրողական ակումբը հանդիպման էր հրավիրել ԱԺ Շիրակից ընտրված պատգամավորներինՙ համատեղ քննարկելու զանգվածային լրատվության օրենքի կառավարական նախագիծը։ Հրավիրված բոլոր 8 պատգամավորներից հանդիպմանը ներկայացել էին երեքը։ Մյուսներից միայն մեկիՙ Վարդեւան Գրիգորյանի մասին տեղեկություն էր ստացվել, որ նա հանրապետությունից բացակայում է։ Ծավալված խոսակցության ժամանակ կոմունիստ պատգամավոր Գագիկ Մանուկյանը նշեց, թե ազատ մամուլը մեր վերջին 10 տարվա թերեւս մեծագույն նվաճումն է, ուստի պետք է պահպանել։ Իսկ այս նախագիծը մեզ հետ է շպրտում, եւ նման մոտեցումից պետք է հրաժարվել։ ԱԺ պատգամավոր, «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Արծրունի Աղաջանյանը տեսակետ հայտնեց, թե այս կարգի նախագիծը պետք է նախապես քննարկվեր նաեւ լրատվամիջոցների հետ։ Նա մասնավորապես անտրամաբան ու անընդունելի համարեց լրատվությունը 5 օրվա ընթացքում տրամադրելու դրույթը, որը խոչընդոտում է օպերատիվ լրատվության ստացմանը։ Իսկ նախագիծն ամբողջությամբ ինչպես իր կուսակցության, այնպես էլ իր համար անընդունելի է։

Արդարադատության նախարարության պատրաստած օրինագիծն անընդունելի համարեց նաեւ հանրապետական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը։ Նա նշեց հեռուստատեսության եւ ռադիոյի օրենքի վատ նախադեպը։ Ըստ պատգամավորի, վերջինս իր ժամանակին ընդունվեց հապշտապ քննարկմամբ, բազմաթիվ թերություններով եւ արդեն երկու տարի փոփոխություններ կատարելով էլ չի հաջողվում ընդունելի տեսքի բերել։ Ս. Ավետիսյանը նաեւ նկատեց, թե հարկ չկա նման հարցերում ամեն առիթով դիմել Վենետիկյան հանձնաժողովներին, երբ մեզ համար էլ ամեն ինչ ակներեւ է։ Մեկ այլ կարծիք էլ հայտնվեց, թե այս պարագայում ավելի լավ կլիներ թեկուզ գնալ գործող հին օրենքը բարեփոխելու ճանապարհով։

Երեք պատգամավորներն էլ համամիտ էին, որ այս նախագիծը չպետք է ներկայացվի Ազգային ժողով։ Նրանք հավաստիացրին, որ այդ տեսքով մտնելու դեպքում իրենք դեմ կքվեարկեն։

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4