«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2002-03-15 | #49, 2002-03-16 | #50, 2002-03-19


ԱՐԳԵՆՏԻՆԱՑԻ ՄԱՍՆԱԳԵՏԸ ԿԳԼԽԱՎՈՐԻ «ՓՅՈՒՆԻԿԸ»

Կազմի ընտրության որոնումները շարունակվելու են

Հայաստանում ֆուտբոլային մրցաշրջանի մեկնարկին քիչ ժամանակ է մնացել։ Հանրապետության բարձրագույն խմբի մասնակից թիմերն աշխատում են նպատակասլաց օգտագործել մինչ առաջնության մեկնարկը մնացած ժամանակահատվածը եւ կազմ ու պատրաստ դիմավորել մրցաշրջանը։ Այն հատկապես պատասխանատու է լինելու երկրի չեմպիոն Երեւանի «Փյունիկի» համար, որը լուրջ մտադրություններով է նախապատրաստվում չեմպիոնների լիգայի մրցաշարին։ Ահա թե ինչու մենք հաճախակի ենք անդրադառնում չեմպիոնի գործերին։ Այսօր «Ազգի» հյուրն է ակումբի նախագահ Խորեն Հովհաննիսյանը։

¬ Պարոն Հովհաննիսյան, ինչպե՞ս են ընթանում նոր մրցաշրջանի նախապատրաստական աշխատանքները։

¬ «Փյունիկը» մեր մյուս ակումբներից շուտՙ դեկտեմբերի կեսերից սկսեց նախապատրաստությունը նոր մրցաշրջանին։ Այդ ընթացքում մեծ ծավալի աշխատանք է կատարվել թե տղաների ֆիզիկական պատրաստության, թե տեխնիկատակտիկական ու խաղային որակների բարելավման ուղղությամբ։ Թիմը մասնակցեց Մոսկվայում անցկացված ԱՊՀ չեմպիոնների գավաթի մրցաշարին, ուսումնամարզական հագեցած հավաք կազմակերպվեց Ֆրանսիայում, ինչը մեծապես օգնեց խաղային փորցի ձեռքբերմանը։ Ներկայումս էլ մասնակցում ենք Հունան Ավետիսյանի անվան հուշամրցաշարին։ Ամեն ինչ ընթանում է ծրագրին համապատասխան, գոհ ենք մարզիչների կատարած աշխատանքից, տղաների նվիրվածությունից։ Այս տարին մեզ համար պատասխանատու մրցաշրջան է, հիմնական նպատակը եվրագավաթներում հաջող հանդես գալն է, ուստի ձգտում ենք ուժեղացնել թիմի կազմը։

¬ Ի դեպ, ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել վերջին շրջանում։

¬ Իրենց դիմումի համաձայն, թիմից ազատվել են դարպասապահ Կարեն Բաբայանն ու կիսապաշտպան Հայկ Հարությունյանը։ Մեզ չբավարարեց Մալալի եւ Մակալուի խաղամակարդակը, ուստի Ֆրանսիայում մենք հրաժարվեցինք նրանց ծառայություններից։ Փոխարենը մեզ հետ Երեւան ենք բերել արգենտինացի Միգել Սիստերային։ Օրերս թիմին կմիանան սլովենացի դարպասապահն ու արգենտինացի եւս մեկ կիսապաշտպան։

¬ Կազմի ընտրությունն ավարտվա՞ծ է, թե որոնումները շարունակվելու են։

¬ Ֆուտբոլն այնպիսի խաղ է, որ կազմի ընտրության որոնումները միշտ էլ շարունակվելու են։ Եթե մեզ հաջողվի ուժեղ ֆուտբոլիստներ գտնել, ապա անպայման թիմ կհրավիրենք։ Այս հարցում խնդիր չկա։ Կրկնում եմ, մեր նպատակը չեմպիոնների լիգայում հաջող հանդես գալն է, ուստի ձգտում ենք ուժեղ կազմ հավաքագրել։ Իսկ ներքին առաջնության համար, կարծում եմ, ոչ մի խնդիր չկա։

¬ Տեղյակ եմ, որ Արգենտինայից 3 մարզիչ եք հրավիրել։ Ի՞նչ կարգավիճակով են նրանք աշխատելու թիմում։ Մարզչական կազմում փոփոխություններ լինելո՞ւ են։

¬ Ակումբի ղեկավարությունը «Փյունիկի» ղեկը վստահելու է արգենտինացի մասնագետ Օսկար Լոպեսին։ Մյուս մարզիչը կլինի նրա օգնականը, իսկ երրորդը ֆիզպատրաստության մասնագետ է։ Ինչ վերաբերում է հայ մարզիչներին, ապա նրանք բոլորն էլ կշարունակեն աշխատանքը թիմում։

¬ Մինչ առաջնության մեկնարկն ընկած ժամանակահատվածում թիմն ինչպե՞ս է նախապատրաստվելու։

¬ Ֆրանսիական հավաքի ժամանակ «Փյունիկը» բավական ուժեղ մրցակիցների հետ խաղաց, ինչը շատ օգտակար էր մեր ֆուտբոլիստների համար։ Որպեսզի թիմի մարտունակությունը պահպանենք, նախատեսել ենք մարտի 25-ին եւ 28-ին Վրաստանում ստուգողական հանդիպումներ անցկացնել տեղի ուժեղագույն ակումբներիՙ Թբիլիսիի «Դինամոյի» եւ Քութաիսի «Տորպեդոյի» հետ։ Հնարավոր է, տեղում պայմանավորվենք նաեւ 3-րդ խաղն անցկացնելու վերաբերյալ։ Վրաստանից կվերադառնանք եւ կներգրավվենք ՀՀ գավաթի մրցաշարում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4