«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2002-03-16 | #50, 2002-03-19 | #51, 2002-03-20


ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏՎԵՑ

Երեկ ֆուտբոլի հանրապետական ֆեդերացիայում տեղի ունեցավ Հայաստանի «Անկախության գավաթի» խաղարկության վիճակահանությունը։ Գավաթի մրցաշարին մասնակցելու հայտ էին ներկայացրել բարձրագույն խմբի 11 եւ առաջին խմբի 5 թիմեր։ Մրցաշարից հրաժարվել էին բարձրագույն խմբի ներկայացուցիչ Կապանի «Լեռնագործը», առաջին խմբի թիմեր ՖԻՄԱ-ն, Գյումրիի «Արագածն» ու Աշտարակի «Քասախը»։

Անցկացված վիճակահանության համաձայն գավաթի 1/8 եզրափակիչում կմրցեն հետեւյալ զույգերը.

«Դինամո» Եղվարդ-«Փյունիկ»

«Բանանց»- «Ղարաբաղ»

«Լոռի»- «Միկա»

«Լոկոմոտիվ»- «Շիրակ»

«Արմավիր»- «Սպարտակ»

«Սպարտակ-2»- «Արարատ»

«Դինամո-2000»- «Կոտայք»

«Փյունիկ-2»- «Զվարթնոց»

Առաջին հանդիպումները կկայանան զույգերում առաջինը նշված թիմերի դաշտերում (խաղադաշտերը պետք է հայտնի դառնան մինչեւ մարտի 25-ը)։ Առաջին չորս զույգերը կմրցեն մարտի 30-ին, մյուս թիմերըՙ հաջորդ օրը։ Պատասխան հանդիպումները կկայանան ապրիլի 6-ին եւ 7-ին։ Ապրիլի 8-ին ֆուտբոլի ՀՀ ֆեդերացիայում տեղի կունենա քառորդ եզրափակիչ առաջին հանդիպումների դաշտի տերերի վիճակահանությունը։ Այս փուլի խաղերը կկայանան ապրիլի 19-20-ին եւ 27-28-ին։ Մայիսի 14-15-ին եւ 20-21-ին նախատեսված են կիսաեզրափակիչ հանդիպումները։ Գավաթակիրը հայտնի կդառնա մայիսի 27-ին կայանալիք եզրափակիչ խաղում։

Հաստատվել է նաեւ ֆուտբոլի ՀՀ 11-րդ առաջնության խաղացանկը։ Առաջնությունը մեկնարկելու է ապրիլի 13-ին կայանալիք «Լոռի»-«Փյունիկ», «Ղարաբաղ»- «Զվարթնոց», «Կոտայք»- «Սպարտակ» հանդիպումներով։ Հաջորդ օրը մրցասպարեզ կելնեն «Շիրակն» ու «Դինամոն», «Լեռնագործն» ու «Արարատը», «Բանանցն» ու «Միկան»։ Առաջնությունը վերջնագիծը կհատի նոյեմբերի 15-ին։ Ընդ որում առաջին 17 տուրերի հանդիպումները տեղի են ունենալու երկու օրվա ընթացքում, հիմնականումՙ շաբաթ եւ կիրակի օրերին, իսկ 18-րդ տուրից սկսած խաղերը կկայանան միեւնույն օրը։

Ինչ վերաբերում է առաջին խմբի առաջնությանը, մասնակիցների թիվը դեռեւս վերջնականապես ճշգրտված չէ։ Այն տատանվում է 18-20-ի սահմաններում։ Հավանաբար, թիմերը կբաժանվեն 2 ենթախմբի։ Մեկնարկը նախատեսվում է ապրիլի 20-25-ը։

Վիճակահանության արարողության ժամանակ խոսվեց գնաց հայտավորման գործընթացի մասին։ Կազմվել է թիմերի հայտերի ներկայացման հստակ գրաֆիկ, սակայն շատ թիմեր մինչ օրս ֆեդերացիա չեն ներկայացրել իրենց հայտերը։ Նման դեպքերում ֆեդերացիան ուշացրած յուրաքանչյուր օրվա համար նախատեսել է 5 հազար դրամ տուգանք։

Դե ինչ, վերջապես կատարվեց գավաթի վիճակահանությունը, հաստատվեց խաղացանկը։ Մնում է, որ առաջնության մասնակից թիմերը կազմ ու պատրաստ ներկայանան մրցաշարին եւ իրենց հասուն խաղով ուրախացնեն բազմահազար ֆուտբոլասերներին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4