«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2002-03-29 | #59, 2002-03-30 | #60, 2002-04-02


ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի եւ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության համագործակցությամբ, «Տեղական ինքնակառավարման մարմինների ուսուցում» ծրագրով առաջինը Շիրակի մարզում անցկացվեց 6-շաբաթյա սեմինարների շարք համայնքների ղեկավարների եւ ֆինբաժինների պետերի համար։ Համայնքապետների եւ նրանց աշխատակազմերի անդամների անհրաժեշտ պատրաստվածությունը կարեւոր դեր ունի տեղական ինքնակառավարման զարգացման եւ համայնքների հզորացման ապահովման գործում։ Կազմակերպված դասընթացների նպատակն էր ունկնդիրներին տեսական ու գործնական գիտելիքներ հաղորդել Հայաստանում գործող օրենսդրության, համայնքների կառավարմանն առնչվող իրավական, տնտեսական, ֆինանսական եւ այլ խնդիրների ու գործառույթների մասին։ Սեմինարների ընթացքում քննարկվել են մասնավորապես համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի կազմման, բյուջետավորման, գույքի կառավարման, փախստականների խնդիրների հետ կապված եւ ուրիշ հարցեր։

Դասընթացներն ավարտողներին հինգշաբթի օրը հանդիսավոր պայմաններում հավաստագրեր հանձնեցին Սոցներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը, Մարդկային զարգացման կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Դարբինյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Փիրումյանը։

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4