«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#68, 2002-04-12 | #69, 2002-04-13 | #70, 2002-04-16


ՉԵՄՊԻՈՆԻՆ ԱՐԺԱՆԻ ԽԱՂ

Մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 11-րդ առաջնությունը։ Դատելով գրանցված արդյունքներից, առաջնությունում բավական հետաքրքիր մրցապայքար է ծավալվելու։ Բնականաբար, ուշադրության կենտրոնում առաջին հերթին երկրի չեմպիոն «Փյունիկի» հանդիպումն էր «Բանանցի» հետ։ Առաջ անցնելով նշենք, որ այն մեծ բավականություն պատճառեց «Հանրապետական» մարզադաշտ եկած ֆուտբոլասերներին։ «Փյունիկն» իր տիտղոսին արժանի խաղ ցուցադրեցՙ աչքի ընկնելով գրագետ գործողություններով, գեղեցիկ ու սրընթաց կոմբինացիաներով։ Թիմի գլխավոր մարզիչ Օսկար Լոպեսն արդեն հասցրել է որոշ շտկումներ մտցնել «Փյունիկի» տակտիկական զինանոցում։ Նախ, աչքի էր զարնում այն հանգամանքը, որ կիսապաշտպանները հսկողության տակ էին առել դաշտի կենտրոնը, պաշտպանները գործում էին հստակ իրենց հատկացված դիրքերում եւ ողջ հանդիպման ժամանակ դիրքերը չլքեցին։ Եվ ընդհանրապես, թիմի խաղում ավելի շատ գերակշռում են կոլեկտիվ գործողությունները, օղակների միջեւ սերտ համագործակցություն է հաստատվել։ «Փյունիկն» ակտիվ սկսեց հանդիպումը եւ արդեն 6-րդ րոպեին հնարամտորեն օգտագործեց մրցակցի պաշտպանների անփութությունը, որոնք մի պահ հսկողությունից դուրս էին թողել Արման Քարամյանին։ Վերջինս անմիջապես պատժեց «Բանանցին»ՙ բացելով հաշիվը։ 24-րդ րոպեին դարձյալ սխալվեցին հյուրերի պաշտպանները, եւ այս անգամ Քարամյան-Անտոնյան կոմբինացիայից հետո վերջինս դարպասապահի գլխավերեւով գնդակն ուղարկեց դարպասը։

Բաց թողած գոլերից հետո «Բանանցը» փորձեց բեկում մտցնել մրցակցությունում։ Երկու անգամ հարվածային դիրքում հայտնվեց Արթուր Ոսկանյանը։ Առաջին դեպքում նրա գլխի հարվածը բարձր ստացվեց, երկրորդ դրվագում հարվածը հետ մղեց Լյաշչուկը։ Մինչեւ ընդմիջում «Փյունիկը» կարող էր նոր հաջողության հասնել։ Դիավարայի հարվածը հետ մղեց դարպասի ձողը, իսկ Մինասյան-Արման Քարամյան-Արտավազդ Քարամյան սրընթաց գեղեցիկ կոմբինացիան հրաշքով չավարտվեց դարպասի գրավումով։

Ընդմիջումից հետո էլ «Փյունիկը» տիրում էր նախաձեռնությանը, թեեւ ավելի շատ ապավինել էր հակագրոհների տակտիկային։ Դրանցից մեկն էլ 65-րդ րոպեին ավարտվեց դարպասի գրավումով։ Քարամյան եղբայրները մեկը մյուսին փոխանցելով, ձախ թեւով սրընթաց առաջ ընթացան եւ գնդակը հասցեագրեցին տուգանային հրապարակ ներխուժած Դիավարային, որն էլ ընթացքից գրավեց դարպասը։ Ճիշտ է, 10 րոպե անց Մելիքյանն անկյունայինից կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն այդ գոլը խաղի պատկերը չփոխեց։ Խաղավերջն էլ հարուստ էր գոլային պահերով։ Կարող էին աչքի ընկնել Մելոյանը, Անտոնյանը, Մեսրոպյանը, սակայն հաջող խաղացին դարպասապահները։ «Փյունիկն» արժանի հաղթանակ տարավ, իսկ «Բանանցից», անկեղծ ասած, ավելին էինք սպասում։

Արմավիրում համառ պայքար ծավալվեց «Միկայի» եւ «Զվարթնոցի» միջեւ։ Բախտը ժպտաց «Միկային»։ Խաղավերջում Շահգելդյանի խփած գնդակը հաղթանակ պարգեւեց երկրի գավաթակրին։

«Հանրապետականում» կայացած «Սպարտակ»-«Արարատ» խաղն աչքի չընկավ դիտարժանությամբ։ Երկու թիմերն էլ գործում էին բազում սխալներով, աչքի ընկնում կոպիտ խաղով եւ անհասցե փոխանցումներով։ Դժվար է ասել, թե ե՞րբ կբացվեր հաշիվը, եթե չսխալվեր արարատցի Էտուվեն, որից անմիջապես օգտվեց Արամ Հակոբյանըՙ գնդակն ուղարկելով դարպասը։ Արարատցիներն ամբողջ խաղի ընթացքում այդպես էլ չկարողացան գեթ մեկ գոլային պահ ստեղծել։ Սպարտակցիներն էլ առանձնապես աչքի չընկան սուր հարձակումներով։ Պարզապես այդ օրը նրանք ավելի հաջողակ գտնվեցին։ Իսկ խաղավերջում Զանազանյանիՙ մոտ 25 մետրից շեշտակի հարվածով խփած գնդակն ամրապնդեց «Սպարտակի» հաղթանակը։

Մրցաշրջանը վստահ սկսեցին «Շիրակն» ու «Դինամոն»ՙ հյուրընկալվելիս տոնելով համոզիչ հաղթանակներ։ Միակ ոչ-ոքին գրանցվեց Կապանում, որտեղ մրցում էին «Արցախը» եւ «Լեռնագործը»։

Խաղերի արձանագրություններից

«Փյունիկ»-«Բանանց»ՙ 3¬1 (2¬0)

1¬0ՙ Արման Քարամյան (6), 2¬0ՙ Հովհաննես Անտոնյան (24), 3¬0ՙ Մամադու Դիավարա (65), 3¬1ՙ Եղիշե Մելիքյան (75)։

«Զվարթնոց»-«Միկա»ՙ 0¬1 (0¬0)

Արմեն Շահգելդյան (88), 33-րդ րոպեին Շահգելդյանը չիրացրեց 11 մ հարվածը։

«Արցախ»-«Լեռնագործ»ՙ 1¬1 (0¬0)

0¬1ՙ Աբել Մինասյան (72), 1¬1ՙ Արմեն Տատինցյան (85, սեփ. դարպասը)։

«Սպարտակ»-«Արարատ»ՙ 2¬0 (1¬0)

Արամ Հակոբյան (25), Անդրանիկ Զանազանյան (88)։

«Կոտայք»-«Դինամո»ՙ 1¬3 (0¬1)

0¬1ՙ Վահան Բաբայան (38), 0¬2ՙ Հրաչյա Միքայելյան (48), 1¬2ՙ Գոռ Միրզախանյան (63), 1¬3ՙ Գագիկ Ավագյան (76)։

«Լոռի»-«Շիրակ»ՙ 0¬4 (0¬0)

Հենրիկ Բատիկյան (54), Կարեն Ալեքսանյան (67), Անդրանիկ Բարիկյան (71, 85)։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4