«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2002-04-17 | #72, 2002-04-18 | #73, 2002-04-19


ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ

Չորեքշաբթին ֆուտբոլի ազգային հավաքականների համար ՖԻՖԱ-ի կողմից հատկացված ընկերական հանդիպումների օր էր։ Կայացավ 27 խաղ։ Հավաքականներից շատերի համար դա աշխարհի առաջնության մեկնարկից առաջ գլխավոր փորձամրցումն էր։ Ցավոք, այս անգամ էլ ՀՀ հավաքականն ասպարեզ չմտավ, քանի որ առայժմ չունի խաղացանկ։ Առայժմ հայտնի է միայն, որ մեր ընտրանին հունիսի 8-ին Ֆրանսիայում մրցելու է Անդորրայի հավաքականի հետ։ Իսկ մինչ մերոնք անգործության են մատնված, ընտրական խմբում նրանց մրցակիցները փորձարկում են ուժերը։ Նրանցից երկուսըՙ Հյուսիսային Իռլանդիան եւ Իսպանիան մրցեցին միմյանց հետ։ Խաղն ավարտվեց հյուրերիՙ իսպանացիների խոշոր հաշվով հաղթանակով (5։0)։ Երկու գոլ խփեց Ռաուլը, մեկական անգամ աչքի ընկան Բարախան, Պույոլը, Մորյենտեսը։

Հույները սեփական հարկի տակ ոչ-ոքի (0։0) խաղացին չեխերի հետ, իսկ ուկրաինացիները սեփական դաշտում մեծ ջանքերի գնով հաղթեցին Վրաստանի հավաքականին։ Հաշիվը 17-րդ րոպեին բացեց Ռեբրովը, 70-րդ րոպեին Բուրդուլիան վերականգնեց հավասարակշռությունը։ Ուկրաինացիներին հաղթանակ պարգեւեց վերջին րոպեին Տիմոշչուկի խփած գնդակը։

Ռուսաստանի հավաքականը «Ստադ դը ֆրանս» մարզադաշտում ոչ-ոքի (0։0) ավարտեց հանդիպումը աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնների հետ։ Պորտուգալիայի եւ Բրազիլիայի հավաքականների մրցավեճում կողմերը մեկական գնդակ փոխանակեցին։ Մեծ անակնկալ էր հյուրընկալվելիս Հունգարիայի հավաքականի նկատմամբ բելառուսցիների տոնած հաղթանակը խոշոր հաշվով (5։2)։ Գերմանացիները սեփական հարկի տակ 0։1 հաշվով զիջեցին արգենտինացիներին։

Մյուս հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Իտալիա-Ուրուգվայՙ 1։1, Շոտլանդիա-Նիգերիաՙ 1։2, ՀԱՀ-Էկվադորՙ 0։0, Մեքսիկա-Բուլղարիաՙ 1։0, Լյուքսեմբուրգ-Լիխտենշտեյնՙ 3։3, Ավստրիա-Կամերունՙ 0։0, Իռլանդիա-ԱՄՆՙ 2։1, Անգլիա-Պարագվայՙ 4։0, Բելգիա-Սլովակիաՙ 1։1, Սլովենիա-Թունիսՙ 1։0, Մալթա-Ադրբեջանՙ 1։0, Դանիա-Իսրայելՙ 3։1, Թուրքիա-Չիլիՙ 2։0, Նորվեգիա-Շվեդիաՙ 0։0, Խորվաթիա-Բոսնիաՙ 2։0, Լատվիա-Ղազախստանՙ 2։1, Լեհաստան-Ռումինիաՙ 1։2, Հարավսլավիա-Լիտվաՙ 4։1, Մակեդոնիա-Ֆինլանդիաՙ 1։0, Ճապոնիա-Կոստա Ռիկաՙ 1։1։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4