«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2002-04-18 | #73, 2002-04-19 | #74, 2002-04-20


ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆՔ ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Սուրեն Բարսեղյանի օրոք «Ալ Թադամոնն» առաջադիմել է

«Ազգն» իր ընթերցողներին պարբերաբար տեղեկացնում է ֆուտբոլի Լիբանանի առաջնությունում «Ալ Թադամոնի» եւ ՀՄՄ-ի ելույթների մասին, որոնց մարզում են Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչներ Սուրեն Բարսեղյանն ու Վարուժան Սուքիասյանը։ Ընթերցողներին ենք ներկայացնում «Դեյլի սպորտս Արարատ» լրատվական-ինտերնետային գործակալության թղթակցի հարցազրույցն օրերս իր 52-ամյակը նշած Սուրեն Բարսեղյանի հետ։

¬ Պրն Բարսեղյան, «Ալ Թադամոնը» գլխավորելուց հետո ինչպե՞ս են ընթանում թիմի գործերն ազգային առաջնությունում։ Ո՞ր տեղին են հավակնում ձեր սաները։

¬ Առաջին շրջանում թիմն այնքան էլ վստահ չէր խաղում։ Պատճառը նախապատրաստական շրջանում ուսումնամարզական գործընթացում տեղ գտած թերություններն էին, որի հետեւանքով «Ալ Թադամոնի» ֆուտբոլիստները թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես լրիվ պատրաստ չէին առաջնությանը։ Այդ իսկ պատճառով էլ ակումբի ղեկավարությունը հրավիրեց ինձ ստանձնելու թիմի ղեկը։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց ՀՄՄ-ի ղեկավարության հետ, որտեղ ես աշխատում էի, որպեսզի երկրորդ շրջանում գլխավորեմ «Ալ Թադամոնը»։ Մինչ առաջնության 2-րդ շրջանի մեկնարկը 10-օրյա ուսումնամարզական հավաք կազմակերպեցինք, որի ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվեց խաղացողների հատկապես ֆիզիկական վիճակին եւ հոգեբանական պատրաստությանը։ Թիմն անցկացրած 8 հանդիպումներում (մեկըՙ գավաթի մրցաշարում) միայն հաղթանակներ է տոնել եւ մրցաշարային աղյուսակում 8-րդ տեղից բարձրացել է 3-րդ հորիզոնական։ Այժմ «Նժմեի» եւ «Սաժեսի» հետ պայքարում ենք չեմպիոնի տիտղոսի համար։ Առաջնությունում հաջողության հասնելը մեծ խթան է ինձ համար, բացի այդ, դա հնարավորություն կընձեռի թիմին հաջորդ մրցաշրջանում մասնակցել Ասիայի չեմպիոնների գավաթի խաղարկությանը։

¬ Ինչպիսի՞ն են ձեր հետագա ծրագրերը «Ալ Թադամոնում»։ Պատրաստվո՞ւմ եք երկարաձգել պայմանագիրը թիմի հետ, թե՞ այլ առաջարկներ ունեք։

¬ Լիբանանի առաջնությունն ավարտվում է մայիսի 19-ին, որից հետո կկայանա գավաթի եզրափակիչը։ Ամենայն հավանականությամբ կմնամ թիմում, քանի որ ակումբի ղեկավարությունն ինձ հետ մեծ հույսեր է կապել։

¬ Պատմեք, խնդրեմ, Լիբանանում հանդես եկող հայ ֆուտբոլիստների, հայկական թիմերի ելույթների մասին։

¬ Հայկական երկու թիմերից միայն ՀՄՄ-ն հնարավորություն ունի պահպանելու իր տեղն ուժեղագույնների խմբում։ Թիմում տոն են տալիս Համլետ Մխիթարյանը, խաղացող-մարզիչ Գեւորգ Կարապետյանը, Գագիկ Սիմոնյանն ու Վիգեն Աբրահամյանը։ Մեծ աշխատանք են տանում գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն ու ակումբի նախագահ Միսակ Նաջարյանը։ Լիբանանի հավաքականում շարունակում են ելույթ ունենալ Վարդան Ղազարյանն ու Գուրգեն Ենգիբարյանը, որոնք հիանալի են խաղում նաեւ իրենց ակումբներում։ Ցավոք, հայկական մյուս ակումբըՙ ՀՄԸՄ-ն, արդեն համակերպվել է բարձրագույն խմբին հրաժեշտ տալու մտքի հետՙ վաստակելով ընդամենը 7 միավոր։

¬ Հնարավո՞ր է ձեզ հրավիրեն Լիբանանի ազգային հավաքական։

¬ Անցյալ տարի երկրի ֆուտբոլի ֆեդերացիան նման մտադրություն ուներ։ Այս տարի էլ նման խոսակցություններ կային, սակայն հետագայում որոշեցին Ֆրանսիայից մարզիչ հրավիրել։

¬ Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ հավաքականի հնարավորությունները Եվրո-2004-ի ընտրական մրցաշարում։

¬ Նախ, ցանկանում եմ շնորհավորել գործընկերոջսՙ Անդրանիկ Ադամյանին, հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելու առիթով։ Հաջողության հասնելու համար անհրաժեշտ կլինի նպատակասլաց, քրտնաջան աշխատանք կատարել։

¬ Ի՞նչ կարծիքի եք հավաքականների ղեկը օտարերկրացի մասնագետներին վստահելու ֆեդերացիայի որոշման մասին։

¬ Կարծում եմ, դա օգտակար կլինի։ Իսկ նման քաղաքականության արդյունքները կերեւան ապագայում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4