«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#73, 2002-04-19 | #74, 2002-04-20 | #75, 2002-04-23


«ԿՑԱՆԿԱՆԱՅԻՆՔ ՁԵՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՏԵՍՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

Աննախընթաց վերելք ապրած ԱՄԷ-ում ասաց Ռոբերտ Քոչարյանը

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Աբու-Դաբի-Դուբայ

Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակության անդամներին Աբու-Դաբիի «Էմիրի» օդանավակայանում առաջինը դիմավորեցին անապատային տոթն ու քամին, չնայած մեր ուղեկիցներն ասացին, որ այժմ այստեղ ամենազով եղանակն է։

Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքն էլ ոչ մի կերպ չէր տեղավորվում մեր պատկերացումներով «արեւելյան քաղաք» հասկացության մեջ։ Թերեւս բացի մզկիթներից, արաբական ազգային հագուստներ հագած տղամարդկանցից եւ չադրա կրող կանանցից, Աբու-Դաբին տիպիկ արեւմտյան քաղաքի էր նմանվումՙ երկնաքերներ, լայնահուն փողոցներՙ ջիպերով ու «Մերսեդեսներով» լի, կանաչապատ եւ մաքուր մայթեր, հսկայական սուպերմարկետներ, բարեկեցիկ բնակչություն։ Եվ այդ ամենը ստեղծվել է ընդամենը վերջին 20¬30 տարիներին։ Ինչպես Աբու-Դաբիի (որը թարգմանաբար կոչվում է եղջերուի հայր), այնպես էլ ԱՄԷ-ի մյուս բնակավայրերի տեղերում մինչ այդ ուղտերի քարավաններն էին անցնում եւ վրաններ էին խփված։ Երբ այստեղ ամերիկյան ընկերությունները հայտնաբերեցին նավթի հարուստ պաշարներ, երկրի տնտեսությունը բուռն վերելք ապրեց։

Դա հիմք հանդիսացավ բացի նավթի եւ գազի արդյունահանումից, զարգացնելու նաեւ տնտեսության մյուս ճյուղերը (վերաարտահանում, ալյումինի արտադրություն, ավիացիա, իսկ 1998 թ.-ից նաեւՙ բարձր տեխնոլոգիաներ)։

Դիմավորելու պաշտոնական արարողություններից հետո, Հայաստանի պատվիրակությանը ընդունեցին Աբու-Դաբիի առեւտրաարդյունաբերական պալատում։ Առաջ անցնելով, նշենք, որ տնտեսական կապերը զարգացնելուն միտված հանդիպումներն ու այլ միջոցառումները գերակշռում էին այցի ամբողջ ընթացքում։

Հայաստանի նախագահին նախ ողջունեց պալատի նախագահ Սաիդ Բեն Ջաբր աս-Սուեդին, որից հետո Ռոբերտ Քոչարյանը ներկայացրեց մեր երկրի սոցիալ-տնտեսական կացությունը։

Մինչ այդ նա ցանկություն հայտնեց հյուրընկալ երկրի գործարարների ներդրումները տեսնել Հայաստանում, որին կարելի է համարել հուսալի եւ կայուն գործընկեր։ Անդրադառնալով նախորդ տարվա ցուցանիշներին, նախագահը հայտնեց, որ առկա է տնտեսական տեսանելի աճ։ Նույնը սպասվում է նաեւ այս տարի, ինչի համար երկրում կուտակվել է անհրաժեշտ ներուժ։ Դա նախ առեւտրի ամենալիբերալ ռեժիմն է նախկին ԽՍՀՄ հանրապետություններից, բանկային կայացած համակարգը։ «Մենք մեզ դիտում ենք որպես Հարավային Կովկասի ամենակազմակերպված երկիր», նշեց Ռոբերտ Քոչարյանը եւ ավելացրեց, որ ապագայում տեսնում ենք Հայաստանը որպես «մտավոր սերվիսների կենտրոն»։ Մեր առավելությունը ժողովրդի կրթվածությունն է, նորի նկատմամբ ընկալունակ լինելը։ Նախագահը թվարկեց նաեւ Հայաստանի խնդիրներըՙ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, բարեփոխումների շարունակվող ընթացքը։ Այդուհանդերձ, ընդգծվեց, որ երկու երկրների փոխհարաբերություններում գործարարներն առաջ են անցել միջպետական կապերից եւ անհրաժեշտ է լրացնել իրավապայմանագրային հիմքը, ինչն էլ տեղի ունեցավ երկօրյա այցի ընթացքում։ Ստորագրվեցին 7 պայմանագրեր, այդ թվումՙ «Կրկնակի հարկումը բացառելու մասին» եւ «Կապիտալ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» փաստաթղթերը։

Երկրի մայրաքաղաք Աբու-Դաբիում գտնվելու օրվա վերջին Ռոբերտ Քոչարյանը, ավանդույթի համաձայն, հանդիպեց տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնցից շատերը նրան դիմավորել էին օդանավակայանում եւ ընկերակցել այցի առաջին օրը։ ԱՄԷ-ի երկու հազարից ավելի կազմող փոքրաթիվ, սակայն խիստ կազմակերպված եւ համերաշխ համայնքի (որին առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում) ներկայացուցիչները ջերմորեն ընդունեցին եւ բազմաթիվ հարցեր ուղղեցին Հայաստանի նախագահին։ Վերջինս նախ նշեց, որ սա իր առաջին այցն է այս տարածաշրջան, եւ նկատի է առնվել նաեւ արաբների բարյացակամ վերաբերմունքը հայերի նկատմամբ։ Կոնկրետ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ Հայաստանի համագործակցության հեռանկարները մեծ են, քանի որ մենք ոչ մի ոլորտում չենք մրցակցում։ Նախագահն առանձնացրեց հատկապես հայկական ապրանքների ԱՄԷ արտահանման հարցը։ Նա շեշտեց, որ այստեղ եւ ընդհանրապես երկկողմանի տնտեսական կապերի զարգացման հարցերում, հատկապես նկատի ունենալով այս երկրի յուրահատկությունները, հայկական համայնքի դերակատարությունը կարող է վճռական հանգամանք լինել։ Ռոբերտ Քոչարյանը հանգամանորեն ներկայացրեց Հայաստանի տնտեսական, ներքաղաքական վիճակը, երկրի արտաքին քաղաքականությունը հարեւան երկրների, Ռուսաստանի, ՆԱՏՕ-ի եւ Եվրախորհրդի առնչությամբ։ Վերլուծելով Հայաստանի կոմպլեմենտար քաղաքականության էությունը, նախագահը պատասխանեց, որ մենք փորձում ենք համատեղել տարբեր պետությունների շահերը Հայաստանում, ի տարբերություն մեր հարեւանների, որոնք փորձում են օգուտներ քաղել տարածաշրջանի պետությունների միջեւ առկա հակասություններից։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում որեւէ նորություն չկա։ Միջազգային հանրությունն առաջարկել է տարբերակներ, որոնք ընդունելի են եղել Հայաստանի համար, բայց անընդունելի Ադրբեջանի համար։ Այդ պատճառով էլ, ըստ նախագահի, կարգավորման գործընթացը դանդաղել է։ «Համենայն դեպս, մենք միջազգային ճնշման ենթակա կողմը չենք», համայնքի ներկայացուցիչներին ասաց նա։

Ռոբերտ Քոչարյանն առանձին անդրադարձ կատարեց Հայաստան-սփյուռք հարաբերություններին, ասելով, որ Հայաստանն առանց սփյուռքի եւ Հայաստանը սփյուռքով տարբեր բաներ են։ Անհրաժեշտ է ճիշտ գնահատել այդ ռեսուրսը եւ այդ դեպքում կշահեն ե՛ւ Հայաստանը, ե՛ւ սփյուռքը։

Նախագահը կոչ արեց մեր գործարար հայրենակիցներին չվարանել ներդրումներ կատարելու Հայաստանում եւ շահույթ ստանալու։ Մեկ այլ հարցի պատասխանելով, նա խոստացավ լուծել Հայաստանի դեսպանատան համար տարածքի տրամադրման, իսկ ներկաներըՙ դրա կառուցման հարցը։ Մինչ այժմ, արդեն երկու տարի, Հայաստանի դեսպանատունը տեղակայված է վարձակալած սենյակներում, ուր եւս ԱՄԷ-ում գտնվելու առաջին օրն այցելեցին Հայաստանի պատվիրակության անդամները։

Պաշտոնական այցի երկրորդ օրըՙ ապրիլի 21-ին Ռոբերտ Քոչարյանը հանդիպեց Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Զայեդ Ալ-Նահայանի հետ։ Վերջինս նաեւ երկրի 7 էմիրություններից ամենամեծիՙ Աբու-Դաբիի էմիրն է։ Այդ հանգամանքը նկատի առնելով էլ, նրա տոհմի ներկայացուցիչները ժառանգաբար ստանում են ԱՄԷ նախագահի պաշտոնը։ Այս հանդիպմանը հաջորդեց Ռոբերտ Քոչարյանի մեկ այլՙ այդ երկրի ֆինանսների նախարարի հետ հանդիպում, որից հետո էլ վերջինս եւ ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարը ստորագրեցին վերեւում նշված համաձայնագրերը։ Դա տեղի ունեցավ Դուբայում։

Հայաստանի նախագահիՙ արաբական այս երկրում գտնվելու ամենահուզիչ պահը թերեւս նրա մեկնումն էր միակՙ Շարժայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին։

Հարյուրավոր հայեր ծափահարություններով, հայ մանուկներըՙ «Կեցցե Հայաստան» գոչելով ու երկու երկրների դրոշները թափահարելով դիմավորեցին Հայաստանից եկած հյուրերին։ Նախագահը եւս իր ուրախությունն ու գոհունակությունը հայտնեց հանդիպման առթիվ եւ ներկաներին մաղթեց հետագա բարգավաճում եւ հաջողություններ։ Իսկ երկօրյա այցն ավարտվեց Շարժայի էմիրի պալատում, որտեղ հանդիպում տեղի ունեցավ երրորդ խոշոր (Աբու-Դաբիից եւ Դուբայից հետո) էմիրության էմիրիՙ Սուլթան Բեն Մոհամմադ ալ-Կասիմիի հետ։

Երեկ սկսվեց Ռոբերտ Քոչարյանի այցը ԱՄԷ-ի հարեւան Քաթարի պետություն։ Վերջինս նույնպես հարուստ է նավթային պաշարներով, բայց տնտեսության մյուս ճյուղերը դեռեւս չեն զարգացել։ Քաթարի մայրաքաղաք Դոհան արդեն իսկական արեւելյան քաղաք էր, այստեղ ավելի շատ էին ցածրահարկ եւ ավելի մեծ տարածքի վրա ցրված տները։ Բացի նավթի պաշարներից, վերջերս Քաթարը հայտնի դարձավ «Ալ Ջազիրա» նշանավոր հեռուստաընկերության շնորհիվ, որի թղթակցին երեկ հարցազրույց տվեց Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Իսկ մինչ այդ նախագահ Քոչարյանը հանդիպել էր Քաթարի էմիր Համադ Բին Խալիֆա ալ-Թանինի հետ։ Այնուհետեւ երկու երկրների միջեւ ստորագրվել են տնտեսական կապերի սերտացմանն ուղղված համաձայնագրեր։

Այս փոքրիկ պետության մեջ նույնպես ապրում էին սակավաթիվ հայեր (մոտ 100 հոգի), որոնց հետ հանդիպեց Ռոբերտ Քոչարյանը։ Սա նրա փաստորեն վերջին հանդիպումն էր այդ տարածաշրջան կատարած այցի ընթացքում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4