«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#73, 2002-04-19 | #74, 2002-04-20 | #75, 2002-04-23


ՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ «ՀՐԱԶԴԱՆՈՒՄ»

Մեծ շուքով նշվեց Նիկիտա Սիմոնյանի 75-ամյակը

Ապրիլի 21-ին կրկին բազմամարդ էր «Արարատի» բազում հաղթանակների վկանՙ «Հրազդան» կենտրոնական մարզադաշտը, ուր տոնական տրամադրությունն էր թեւածում։ Այստեղ մեծ շուքով ու հանդիսավորությամբ նշվեց Նիկիտա Պավելի Սիմոնյանի 75-ամյակը։ Տոնակատարության կազմակերպիչները ջանացել էին, որպեսզի այն հաճելի հուշ դառնա մասնակիցների համար։

Բազմահազար ֆուտբոլասերներ հոտնկայս, ծափողջույններով դիմավորեցին անվանի ֆուտբոլիստ եւ մարզիչ Նիկիտա Սիմոնյանին, որի անվան հետ է կապված հայկական ֆուտբոլի աննախադեպ հաջողությունը 1973 թ., երբ «Արարատը» նվաճեց ԽՍՀՄ չեմպիոնի եւ գավաթակրի կոչումը։ Հոբելյարին իրենց ելույթներով ողջունեցին պատանի մարզիկներն ու պարային համույթները, որից հետո ասպարեզը տրամադրվեց ֆուտբոլային «աստղերին»ՙ «Արարատի» եւ ԽՍՀՄ հավաքականի վետերաններին։ Ֆուտբոլային շոուն մեկնաբանելու պատիվը տրվել էր անվանի մարզական մեկնաբաններ Կոտե Մախարաձեին ու Գեորգի Սարկիսյանցին, որոնք իրենց բնորոշ հումորով համեմված մեկնաբանությամբ գեղագիտական մեծ հաճույք պատճառեցին հանդիսականներին։

Հանդիպումից առաջ տոնակատարության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին կյանքից անժամանակ հեռացած հայկական ֆուտբոլի լավագույն «աստղերից» մեկիՙ Ալեքսանդր Կովալենկոյի հիշատակը։ Միջազգային կարգի մրցավար Վալերի Բուտենկոյի սուլիչով սկսված ֆուտբոլային շոուն մեծ բավականություն պատճառեց ֆուտբոլասերներին։ Թեեւ մասնակիցներից շատերի տարիքը 50-ից անց էր, սակայն նրանք պահպանել էին իրենց հատուկ անզուգական տեխնիկան։ Ֆուտբոլասերներն ականատես եղան հիանալի ֆուտբոլային մի ներկայացման, որի ընթացքում խփվեց 10 գնդակ։ Գրանցվեց նման շոուներին բնորոշ ոչ-ոքի (5։5) արդյունք։ «Արարատից» 2 գոլ խփեց Սերգեյ Պողոսյանը, մեկական անգամ աչքի ընկան Հովհաննես Զանազանյանը (11 մ), Լեւոն Իշտոյանն ու Պողոս Գալստյանը։ ԽՍՀՄ հավաքականի կազմում արդյունավետ հարվածներ կատարեցին Անդրեյ Յակուբիկը (2 անգամ), Գեորգի Յարցեւը, Իգոր Բելանովն ու Ալեքսանդր Բուբնովը։ Հարկ է նշել, որ շոուի կազմակերպիչները յուրօրինակ վերջաբան էին նախատեսել։ Թիմերից յուրաքանչյուրը մեկական 11 մ հարված պիտի կատարեր։ Բնական է, որ Բելանովը պիտի վրիպեր, իսկ խորհրդանշական 75 համարի մարզաշապիկով խաղադաշտ մտած Նիկիտա Սիմոնյանի փոխանցումով պատանի Ֆուտբոլիստը խոցեց Ալեքսանդր Պրոխորովի դարպասը։

Թիմերը հանդես եկան այսպիսի կազմերով.

«Արարատ»- Ալյոշա Աբրահամյան, Արտյուշա Մովսիսյան, Նորայր Մեսրոպյան (Ալբերտ Սարգսյան, 36), Սամվել Պետրոսյան (Ալեքսանդր Միրզոյան, 38), Արկադի Անդրեասյան (Գագիկ Հովհաննիսյան, 42), Սերգեյ Բոնդարենկո (Էդուարդ Հարությունյան, 50), Լեւոն Իշտոյան (Լեւոն Զանազանյան, 54), Էդուարդ Մարգարով (Ալեքսանդր Քերոբյան, 36), Հովհաննես Զանազանյան, Նիկոլայ Ղազարյան (Պողոս Գալստյան, 36), Սերգեյ Պողոսյան (Արամ Փարսադանյան, 59)։

ԽՍՀՄ հավաքական-Ռինատ Դասաեւ (Ալեքսանդր Պրոխորով, 36), Վագիզ Խիդիատուլին, Ալեքսանդր Բուբնով, Վլադիմիր Բեսսոնով, Սերգեյ Գոռլուկովիչ (Իվան Յարեմչուկ, 25), Գենադի Լիտովչենկո (Թենգիզ Սուլաքվելիձե, 36), Ալեքսեյ Միխայլիչենկո (Յուրի Գավրիլով, 36, Վլադիմիր Գուցաեւ, 51), Խորեն Հովհաննիսյան (Վալերի Գլադիլին, 36), Իգոր Բելանով, Ֆյոդոր Չերենկով (Ռամազ Շենգելիա, 51), Գեորգի Յարցեւ (Անդրեյ Յակուբիկ, 36)։

Տոնակատարության վերջում Նիկիտա Սիմոնյանն իր երախտագիտությունը հայտնեց կազմակերպիչներինՙ Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներ Ռադիկ Վանունցին ու Արթուր Սողոմոնյանին, «Արարատ-73» բարեգործական հիմնադրամին (նախագահՙ Հովհաննես Զանազանյան), հանդիսության բոլոր մասնակիցներին անմոռաց երեկոյի եւ ջերմ ընդունելության համար, նշելով, որ մինչեւ կյանքի վերջը կհիշի այդ օրը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4