«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#77, 2002-04-26 | #78, 2002-04-27 | #79, 2002-04-30


ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ

Կիրակի օրը Գյումրիում տեղի ունեցավ Երեւանյան պողոտա-155 բազմաբնակարան բնակելի շենքի վերանորոգման աշխատանքների սկիզբը նշանավորող արարողություն Շիրակի մարզպետ Ֆ. Փիրումյանի, ՀՀ քաղաքաշինության նախարարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության եւ Վաշինգտոնի «Ուրբան» ինստիտուտի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Նորոգման աշխատանքները կատարվելու են ԱՄՆ ՄԶԳ-ի եւ Հայաստանի կառավարությանՙ երկրաշարժի գոտու վերականգնման համատեղ ծրագրի մաս կազմող քաղաքային բնակարանների վերանորոգման դրամաշնորհային փորձնական ծրագրի շրջանակներում։ Այս նոր փորձնական ծրագիրը դրամաշնորհներ է տրամադրելու 1988 թ. երկրաշարժից առաջին եւ երկրորդ աստիճանի վնասվածություն ստացած բնակելիների համար, որոնք աղետից հետո շարունակել են շահագործվել, առնվազն մասնակիորեն բնակեցված են եւ որեւէ ծրագրով ամրացված կամ վերանորոգված չեն եղել։ Ընդսմին խոսքը չի վերաբերում ամբողջ շենքի ամրացմանը։ Կոնկրետ Երեւանյան-155-ի պարագայում կֆինանսավորվի շենքի ընդհանուր օգտագործման տարածքների վերանորոգումը, ինչպես նաեւ ընտրված այն առանձին բնակարանների նորոգումը, որոնք բնակելի համարվելու համար վերանորոգման կարիք ունեն։ Աշխատանքների կատարման վերաբերյալ պայմանագիր է կնքվել շենքի համատիրության հետ, իսկ ղեկավարումն իրականացվելու է «Ուրբան» ինստիտուտի կողմից։

Իսկ ընդհանրապես, «Բնակարանների վերանորոգման դրամաշնորհների» /ԲՎԴ/ ծրագրի շրջանակներում կարող են տրամադրվել նաեւ անհատական դրամաշնորհներ որոշակի չափանիշների համապատասխանող այնպիսի առանձին բնակարանների վերանորոգման աշխատանքների համար, որոնք ոչ բնակելի են դարձել կոմունալ շահագործման ենթակա տարրերի չվերանորոգման /օրինակՙ կտուրների կաթոցների պատճառած վնասների/ հետեւանքով։ Գյումրիում կարճաժամկետ փորձարկումից հետո ծրագրի հովանավորները որոշում կկայացնեն դրա հետագա ընթացքի ու դրամաշնորհների տրամադրման եղանակների վերաբերյալ։

Ինչպես նշեցինք, ԲՎԴ ծրագիրը Հայաստանի երկրաշարժի գոտու վերականգնման համատեղ ծրագրի միայն մեկ բաղադրիչն է։ Ընդհանուր ծրագիրը 20 մլն ԱՄՆ դոլարի արժողությամբ երկամյա ծրագիր է, որի շրջանակներում բնակարանների գնման վկայագրեր են տրամադրվելու երկրաշարժից անօթեւան դարձած 3000 ընտանիքների։

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4