«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2002-04-27 | #79, 2002-04-30 | #80, 2002-05-01


ՄՐՑԱՆԱԿԻ ՉՈՐՍ ՀԱՎԱԿՆՈՐԴ

Ֆուտբոլի ՀՀ գավաթի քառորդ եզրափակիչ պատասխան հանդիպումներն անցան համառ ու անզիջում պայքարում։ Դրան նպաստեց նաեւ այն հանգամանքը, որ մրցակիցներից եւ ոչ մեկն առաջին խաղից հետո իր համար չէր ապահովել կիսաեզրափակիչի ուղեգիրը։

Թվում էր, թե «Բանանցը», որը սեփական հարկի տակ 1։2 հաշվով զիջել էր «Փյունիկին», պատասխան խաղում ակտիվ գործողությունների կդիմի։ Սակայն «Բանանցին» այդպես էլ չհաջողվեց լրջորեն սպառնալ մրցակցի դարպասին։ Ողջ հանդիպման ընթացքում հյուրերը միայն 2 անգամ վտանգավոր հարված կատարեցին Լյաշչուկի դարպասին։ Արթուր Ոսկանյանի եւ Նավոյանի հարվածները հետ մղեց «Փյունիկի» դարպասապահը։ Իսկ ահա դաշտի տերերը բավական ակտիվ էին գործում եւ այս անգամ էլ արժանի հաղթանակ տոնեցին։ Հաջողությունում հատկապես մեծ էր Արման Քարամյանի ներդրումը, որն անընդհատ տեղաշարժվելով, միշտ լարվածություն էր ստեղծում մրցակցի դարպասին։ Հենց նրա ջանքերով էլ «Փյունիկը» 31-րդ րոպեին բացեց հաշիվը։ Քարամյանին վայր գցելու համար նշանակվեց 11 մ հարված, որն իրացրեց Մինասյանը։ Ընդմիջումից անմիջապես հետո իր վարպետությամբ փայլեց Քարամյանըՙ կրկնապատկելով հաշիվը։ Նա առնվազն 3 անգամ էլ կարող էր գոլ խփել, սակայն երկու անգամ դրությունը փրկեց Բաբայանը, մյուս դրվագում Արմանի հարվածը շեղ ստացվեց։

Կիսաեզրափակիչում «Փյունիկի» մրցակիցը պետք է որոշվեր Գյումրիում, որտեղ «Շիրակը» հյուրընկալել էր «Միկային»։ «Շիրակի» հնարավորությունները բարձր էին դասվումՙ հաշվի առնելով մրցակցի դաշտում տարած հաղթանակը (1։0)։ Իսկ երբ պատասխան խաղում «Շիրակը» բացեց հաշիվը, թվում էր, թե «Միկան» չի կարողանա փրկել խաղը։ Սակայն ի պատիվ հյուրերի, գավաթակիրը 2 գոլ խփեց եւ մտավ կիսաեզրափակիչ։ «Միկան» մեկ անգամ եւս ապացուցեց իր գավաթային թիմ լինելը։

Բավական հետաքրքիր ու աշխույժ մրցակցություն ծավալվեց «Սպարտակ»-«Արարատ» խաղում։ Թվում էր, թե արարատցիներն ապավինելու են պաշտպանությանըՙ ձգտելով պահպանել առաջին խաղի հաղթական հաշիվը (1։0)։ Սակայն նրանք հաճելի անակնկալ մատուցեցին։ 17-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Թադեւոսյանը գլխի հարվածով բացեց հաշիվը։ Բաց թողած գոլը սակայն չընկճեց սպարտակցիներին, որոնց կազմը համալրել էին Արթուր Քոչարյանն ու Հայկ Հակոբյանըՙ զգալիորեն ուժեղացնելով թիմի հարձակողական ներուժը։ Հենց Քոչարյանն էլ 23-րդ րոպեին հեռահար հարվածով վերականգնեց հավասարակշռությունը։ Մինչեւ ընդմիջում սպարտակցիները եւս 3 վտանգավոր պահ ստեղծեցին, սակայն նոր գոլ չգրանցվեց։

Ընդմիջումից անմիջապես հետո «Սպարտակը» հասավ հաջողության։ Զանազանյանի տուգանային հարվածից հետո դարպասապահը գնդակը հետ մղեց եւ վրա հասած Արամ Հակոբյանն այն ուղարկեց ցանցը։ Այդ գոլը բեկումնային եղավ։ Սպարտակցիները տիրելով նախաձեռնությանն, անընդհատ գրոհում էին, իսկ արարատցիները ստիպված էին մեծ ուժերով պաշտպանվել։ Դարպասին վտանգավոր հարվածներ կատարեցին Հայկ Հակոբյանն ու Զանազանյանը։ Իսկ 58-րդ րոպեին վարպետ խաղով աչքի ընկավ Արամ Հակոբյանը։ Նկատելով, որ դարպասապահ Գեորգի Խաչատրյանը դարպասից դուրս է եկել, Հակոբյանը գնդակն ուղարկեց դարպասըՙ խփելով հաղթական 3-րդ գնդակը։ «Արարատի» մարզիչներն անմիջապես փոխարինեցին դարպասապահին, սակայն խաղի ելքը փոխել նրանց սաներին չհաջողվեց։ Բացի այդ էլ, մնալով 10 հոգով (71-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Էտուվեն), արարատցիներն այդպես էլ չկարողացան գոլային ռեալ պահ ստեղծել։ Առաջին խաղակեսում ակտիվությամբ աչքի ընկած Արամ Սարգսյանն ու Գալուստ Պետրոսյանն ընդմիջումից հետո «նստեցին»։ Այնպես որ, «Սպարտակի» հաղթանակն օրինաչափ էր։

«Դինամոն», որը Ոսկեհատում անակնկալ էր մատուցելՙ «Զվարթնոցի» հետ խաղն ավարտելով ոչ-ոքի արդյունքով (3։3), Աշտարակում զիջեց 0։4 հաշվով։ «Զվարթնոցի» կազմում իր նորամուտը գոլով նշանավորեց Իրանից վերադարձած Արմեն Սանամյանը։ Դրվատանքի է արժանի Սարգիս Նազարյանը, որը գավաթային չորս խաղերում էլ դարձել է գոլի հեղինակՙ խփելով 6 գնդակ։

Երեկ ֆուտբոլի ՀՀ ֆեդերացիայում կայացած վիճակահանությունը որոշեց կիսաեզրափակիչ առաջին հանդիպումներում դաշտի տերերին։ Մայիսի 14-ին «Փյունիկը» կհյուրընկալի «Միկային», հաջորդ օրը կմրցեն «Զվարթնոցն» ու «Սպարտակը»։ Պատասխան հանդիպումները կկայանան մայիսի 20-21-ին։

Խաղերի արձանագրություններից

«Փյունիկ»- «Բանանց»ՙ 2։0 (1։0)

արդան Մինասյան (31ՙ 11 մ), Արման Քարամյան (49)։

«Շիրակ»- «Միկա» 1։2 (1։2)

։0ՙ Տիգրան Դավթյան (26), 1։1ՙ Դավիթ Գրիգորյան (31), 1։2ՙ Արմեն Շահգելդյան (36)։

«Սպարտակ» - «Արարատ»ՙ 3։1 (1։1)

։1ՙ Ալեքսանդր Թադեւոսյան (17), 1։1ՙ Արթուր Քոչարյան (23), 1։2, 1։3ՙ Արամ Հակոբյան (47, 58)։ 71-րդ րոպեին հեռացվեց Էտուվեն։

«Դինամո» - «Զվարթնոց»ՙ 0։4 (0։2)

եւորգ Միրիջանյան (12), Սարգիս Նազարյան (43), Վարդան Հովհաննիսյան (66, սեփ. դարպ.), Արմեն Սանամյան (83)։

Ռմբարկուները

Արման Քարամյան - «Փյունիկ» - 7

Արամ Հակոբյան - «Սպարտակ» - 6

Սարգիս Նազարյան - «Զվարթնոց» - 6

Մամադու Դիավարա - «Փյունիկ» - 5

Արմեն Շահգելդյան - «Միկա» - 4


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4