«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#79, 2002-04-30 | #80, 2002-05-01 | #81, 2002-05-03


ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 1918-1923 ԹԹ.» ԳԻՐՔԸ

Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռաֆիկ Պապոյանի այս բավականին հետաքրքրական ուսումնասիրությունը, որ լույս է ընծայել Գյումրու «Դպիր» հրատարակչությունը, ներկայացնում է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի կազմավորման ու զարգացման ընթացքը Հայաստանի առաջին հանրապետությունում եւ խորհրդային կարգերի հաստատման ժամանակաշրջանում, մինչեւ 1923 թվականը։ Հեղինակի վկայությամբ, վերոհիշյալի վերաբերյալ բազմաթիվ հանգուցահարցեր խորհրդային տասնամյակների գրաքննչական ճնշման պատճառով մինչեւ այժմ պատշաճ մակարդակով չեն ուսումնասիրվել կամ էլ ներկայացվել են միակողմանի ու խեղաթյուրված։ Սույն գրքույկը կոչված է լրացնելու այդ բացը։

Ըստ Ռ. Պապոյանի ուսումնասիրության տվյալների, մինչեւ Առաջին հանրապետության հռչակումը ֆիզիկական կուլտուրան Հայաստանում մեծ զարգացում չուներ։ Այն չէր դասավանդվում դպրոցներում, չկային մարզական ընկերություններ եւ ակումբներ, մարզաբազաներ, մարզական գույք, մասնագետներ։ Առկա ծանրագույն պայմաններում քաջ գիտակցելով ֆիզկուլտուրայի եւ սպորտի դերը մատաղ սերնդի դաստիարակման, ազգի գենոֆոնդի առողջացման գործում, նորաստեղծ հանրապետության ղեկավարները, կառավարությունը իրենց գործունեության առաջին օրերից ձեռնամուխ են լինում այս գործի կազմակերպմանը։ Գրքում բավականին մանրամասներով նկարագրվում է այդ տարիներին երկրում մարզական ընկերությունների, ակումբների, սկաուտական կազմակերպությունների սկզբնավորումն ու գործունեությունը, որը շարունակվեց նաեւ խորհրդային առաջին տարիներին, մինչեւ ՀԽՍՀ Կենտգործկոմին կից ֆիզիկական կուլտուրայի խորհրդի ստեղծումը /1923 թ./։ Արխիվային նյութերի հիման վրա ի հայտ են բերվում ֆիզկուլտուրայի եւ սպորտի այն բազմաթիվ երախտավորները, ազգային գործիչներն ու ղեկավարները, «որոնց տքնաջան աշխատանքով սկզբնավորվեց մարզական կյանքը Հայաստանում»։

Գրքում զետեղված են նաեւ անցած տարիների բազմաթիվ լուսանկարներ, արխիվային փաստաթղթեր, այսօր էլ մասնագիտական ու մեթոդական որոշակի արժեք ներկայացնող նյութեր։ Դրանք կարող են օգտագործվել ինչպես ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի, այնպես էլ հանրապետության մանկավարժական բուհերի ֆիզդաստիարակության ֆակուլտետների ուսանողների, օլիմպիական հերթափոխի եւ ռազմական ուսումնարանների սովորողների, ընդհանրապես երիտասարդության ռազմաֆիզիկական դաստիարակության եւ ուսուցման համար։

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4