«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2002-05-07 | #84, 2002-05-08 | #85, 2002-05-09


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԴՐԱԿԱՆ ԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

ԲՐԱԶԻԼԻԱ, 8 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մայիսի 7-ի առավոտյան Ռոբերտ Քոչարյանը եւ նրա գլխավորած պատվիրակությունը Սան Պաուլոյից ժամանեցին ԲԴՀ մայրաքաղաք Բրազիլիա, որտեղ ծրագրված էին ՀՀ նախագահիՙ Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն պաշտոնական այցի գլխավոր իրադարձությունները։

Նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Ֆերնանդո Էնրիկե Կարդոզոյի հանդիպումը սկսվեց տեղական ժամանակով 10.30-ին եւ տեւեց նախատեսվածից շատ ավելի երկար։ Է. Կարդոզոյի խնդրանքով ՀՀ նախագահը ներկայացրել է Հարավային Կովկասում եւ հարակից տարածաշրջանում իրավիճակն ու հնարավոր զարգացումները, կացությունը Հայաստանում։ Իր հերթին ԲԴՀ նախագահն անդրադարձել է լատինամերիկյան տարածաշրջանում առկա գործընթացների հեռանկարներին։ Խոսվել է երկու երկրների միջեւ անմիջական, տարածաշրջանային ու միջազգային համագործակցության հնարավորությունների մասին։ Եվ, ինչպես հետագայում գնահատեց Ռոբերտ Քոչարյանը, շատ ընդհանուր ու կոնկրետ հարցերի վերաբերյալ երկու կողմերի մոտեցումները համահունչ են եղել։

Հանդիպումից հետո, որն ընթացավ երկու կողմերի պատվիրակությունների մասնակցությամբ, ընդունվեց համատեղ հայտարարություն։ Դրանով Ռ. Քոչարյանը եւ Է. Կադոզոն, գնահատելով երկու երկրների հարաբերությունների մակարդակը, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում վերջին զարգացումները, վերահաստատելով իրենց հանձնառությունը ՀՀ եւ ԲԴՀ միջեւ ավանդական հարաբերություններին, արտահայտելով դրանք ամրապնդելու իրենց հետագա վճռականությունը, ընդգծելով տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների միջեւ գոյություն ունեցող համագործակցությունը, հայտարարում են, որ դրական են գնահատում ՀՀ եւ ԲԴՀ միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացման ընթացքը եւ պայմանավորվում են աշխատել դրանց հետագա ամրապնդման ուղղությամբ։ Երկու երկրները ձգտելու են ավելի ակտիվորեն համագործակցող ՄԱԿ-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների շրջանակներում։ Բրազիլիան պատրաստակամություն է հայտնում աջակցելու Հայաստանիՙ ԱՀԿ-ի լիիրավ անդամ դառնալու ջանքերին։

ՀՀ եւ ԲԴՀ արտաքին գործերի նախարարներն ստորագրեցին երկու երկրների կառավարությունների միջեւ մշակութային համագործակցության, ինչպես նաեւ դիվանագիտական եւ ծառայողական անձնագրեր ունեցողների համար առանց մուտքի արտոնագրի ռեժիմ սահմանելու մասին համաձայնագրերը։ ԲԴՀ-ում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Եղիազարյանի եւ «Տերակապ» գործակալության տնօրենի կողմից ստորագրված փաստաթղթով Բրազիլիայի մայրաքաղաքի կառավարությունը Հայաստանին նվիրաբերեց 15 հազար 700 քմ հողատարածքՙ դեսպանատան կառուցման համար։

Նույն օրը տեղի ունեցավ ՀՀ դեսպանության շենքի հիմնաքարի տեղադրման արարողություն, որին մասնակցեցին նախագահ Ռ. Քոչարյանը, ՀՀ պատվիրակության անդամները, բրազիլահայ համայնքի ներկայացուցիչներ։

Հայաստանի եւ Բրազիլիայի խորհրդարանների միջեւ կապերի հետագա զարգացումը, միջազգային կառույցներում համագործակցության աշխուժացումը կարեւորվեցին Ռ. Քոչարյանի եւ ԲԴՀ Սենատի նախագահ Ռամեզ Տեբետի եւ Պատգամավորների պալատի նախագահ Աեսիո Նեւեսի հետ ունեցած հանդիպումներում, որոնք կայացան Ազգային կոնգրեսի շենքում։

ՀՀ նախագահը ու նրա գլխավորած պատվիրակությունը օրվա երկրորդ կեսին հատուկ չվերթով մայրաքաղաքից վերադարձան Սան Պաուլո, որն այս երկրի տնտեսական, մշակութային գլխավոր կենտրոններից է եւ որտեղ գերակշիռ մասով կենտրոնացած է հայ համայնքը։

Երեկոյան նախագահին իր տանը հյուրընկալեց համայնքային բարերար Մարկոս Քոթենենջյանը։ Այստեղ Ռ. Քոչարյանը ծանոթացավ տանտիրոջՙ տասնյակ տարիների ընթացքում կազմված զենքի անձնական հավաքածուին։ Բարերարի կամքով, 300-ից ավելի նմուշ պարունակող հավաքածուն այսուհետեւ կպատկանի Հայաստանին, եւ ակնկալվում է, որ այն իր մշտական ցուցադրությունը կունենա Երեւանի թանգարաններից մեկում։

«Մենք կարեւորում ենք այս այցը եւ գտնում, որ դրա ընթացքում պետք է դրվեն հետագա զարգացումների համար անհրաժեշտ հիմքերը», գնահատելով ԲԴՀ կատարած պաշտոնական այցի առաջին օցվա արդյունքները, ասաց նախագահ Ռ. Քոչարյանըՙ «Բուֆե ֆրանսա» սրահում քաղաքի ղեկավարների, Բրազիլիայում հավատարմագրված դիվանագետների, հայ համայնքի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ։ Նրա խոսքերով, Հայաստանում քաջ գիտակցում են Բրազիլիայի ներուժը, տնտեսական հզորությունը, նրա զարգացող ազդեցությունը համաշխարհային գործընթացներում, տնտեսության մեջ։ Այս ենթատեքստում Հայաստանը կարող է առաջարկվել իբրեւ շատ հուսալի եւ վստահելի գործընկերՙ եւս մեկ հետաքրքիր տարածաշրջանում։ Թեեւ ՀՀ-ն փոքր շուկա է Բրազիլիայի համար, բայց կարող է դարպաս դառնալ նոր շուկաներ մտնելու համար։ Հայ-բրազիլական հարաբերությունների հիմքերը իրավապայմանագրային նոր փաստաթղթերի համալրումով ընդլայնվում են երկկողմ, մասնավորապեսՙ տնտեսական ոլորտում, փոխգործակցության հնարավորությունները։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4