«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#89, 2002-05-16 | #90, 2002-05-17 | #91, 2002-05-18


ԴԱՎԻԹ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԴԺԳՈՀ Է

Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում իրենց մրցավեճն ավարտեցին հանրապետության չեմպիոնի կոչումը վիճարկող բռնցքամարտիկները։ Ինչպես միշտ, մրցաշարն անցավ կազմակերպչական բարձր մակարդակով։ Բացի այն, որ մրցանակակիրները պարգեւատրվում էին համապատասխան մեդալներով, նաեւ առանձին կազմակերպությունների, բռնցքամարտի վետերանների կողմից սահմանվել էին հատուկ մրցանակներ, որոնք հանձնվեցին առավել աչքի ընկած մարզիկներին։ Երեկ շնորհավորանքների իր բաժինը ստացավ նաեւ բռնցքամարտի հանրապետական ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային կարգի մրցավար Դերենիկ Գաբրիելյանը, որի ծննդյան 58-ամյակն էր։ Հոբելյարին հանձնվեցին նվերներ։

Ինչ վերաբերում է բուն մրցումներին, բռնցքամարտիկների պատրաստությանը, ապա, ցավոք, այն պատշաճ մակարդակի վրա չէր։ Ինչպես «Ազգի» թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, նախկինում հանրահայտ բռնցքամարտիկ Դավիթ Թորոսյանը, առաջնության մրցանակակիրների, նույնիսկ չեմպիոնների թվում չկան միջազգային չափանիշներին համապատասխանող բռնցքամարտիկներ։ Նա նույնիսկ կասկած հայտնեց, որ նման մարզիկներով համալրված հավաքականը կարող է մասնակցել հունիսին Պերմում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը։ Մարզիչը նաեւ ավելացրեց, որ բարձրակարգ բռնցքամարտիկների պատրաստման համար քրտնաջան աշխատանք է պետք կատարել։

Ինչեւէ, մրցաշարն ավարտվեց, հայտնի դարձան քաշային 12 կարգերում չեմպիոնի կոչմանն արժանացած բռնցքամարտիկները։ Ահա նրանք. Արսեն Պողոսյան (48 կգ, «Դինամո»), Գագիկ Մարտիրոսյան (51 կգ, Վանաձոր), Դանիել Դանիելյան (54 կգ, Գյումրի), Արամ Ռամազյան (57 կգ, «Դինամո»), Բագրատ Ավոյան (60 կգ, Վանաձոր), Տիգրան Հակոբյան (63,5 կգ, «Դինամո»), Հայկ Եղիազարյան (67 կգ, «Դինամո»), Հրաչիկ Հովհաննիսյան (71 կգ, Էջմիածին), Անդրանիկ Հակոբյան (75 կգ, Էջմիածին), Արտակ Մալումյան (81 կգ, Վանաձոր), Մարատ Թովմասյան (91 կգ, ՀՄՄ, Արագածոտնի մարզ), Բագրատ Օհանյան (գերծանր քաշ, Գյումրի)։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4