«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#115, 2002-06-21 | #116, 2002-06-22 | #117, 2002-06-25


ԹՈՒՐՔԻԱՆ ԵՂՈՅԱՆԻ ՖԻԼՄԻՆ ՔԱՐՈԶՉԱԿԱՆԻ ՊԻՏԱԿ Է ԿՊՑՆՈՒՄ, ՈՐՊԵՍԶԻ ՀԱՅԵՐԻ ԴԵՄ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ ԾԱՎԱԼԵԼՈՒ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԻ

Ինչպես որ ենթադրվում էր, մայիսի 20-ին Կաննի փառատոնում արտամրցութային կարգով ցուցադրված կանադահայ ռեժիսոր Ատոմ Եղոյանի «Արարատ» ֆիլմը բուռն հակազդեցություն առաջացրեց Թուրքիայում։ Հակազդեցությունն արտահայտվեց թուրքական մամուլի կատաղի արձագանքներով։ Արձագանքները, ինչի մասին հունիսի 7-ի համարում վկայում է «Ակօսը», դեռ շարունակվում են։ Ուրեմն, հակազդեցությունը եւս կշարունակվի։

Հունիսի 5-ի համարում «Ազգը» «Ատոմ Եղոյանի «Արարատ» ֆիլմը մոբիլիզացնում է Թուրքիայի պետական կառույցներին» խորագրով փորձեց լուսաբանել ինչպես թուրքական հակազդեցության, այնպես էլ արձագանքների բուն էությունը։ Պարզապես նշենք, որ «Ազգը» ուշադրություն էր հրավիրում Թուրքիայում վարչապետարանի, արտգործնախարարության, զինված ուժերի գլխավոր շտաբի եւ պետական այլ կառույցների աջակցությամբ մշակված նախագծի, ինչպես նաեւ դրա շրջանակներում պատրաստված գրքի վրա։

Գրքի մասին մայիսի 18-ի համարում տեղեկացրեց թուրքական «Զամանը», նշելով, որ դա «արժանի պատասխան է տալու Թուրքիայի դեմ ուղղված ցեղասպանության պնդումներին եւ լինելու է «Արարատ» ֆիլմի գրավոր պատասխանը»։ Գիրքն այդ պահին հրատարակված չէր։ Ահա, հունիսի 4-ին «Զամանը» վերստին անդրադարձավ գրքի հրատարակման առնչությամբ Եվրասիական ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի հայկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Օմեր Էնգին Լյութեմի Անկարայում կազմակերպած մամուլի ասուլիսին։ Հունիսի 6-ի համարով «Զամանին» լրացրեց պոլսահայ «Մարմարա» թերթը։

Կարծում ենք, «Արարատ». հայկական քարոզչություն արվեստի միջոցով» վերնագրով Հայկական հետազոտությունների ինստիտուտի հրատարակած այդ գիրքն առանձին խնդիր է։ Այդ իսկ պատճառով նպատակահարմար ենք գտնում անդրադառնալ ինստիտուտի տնօրեն Լյութեմի մամուլի ասուլիսին։ «Զամանի» վկայությամբ, գրքի բովանդակության մասին պարզաբանումներ տալով ներկաներին, Լյութեմը նշել է, որ «Արարատ» ֆիլմի ռեժիսոր Եղոյանը նկարահանումները կատարելիս ամենեւին հարազատ չի մնացել այն ստեղծագործությանը, որի հիման վրա պատրաստվել էր սցենարը։ Այնուհետեւ նա հայ ժողովրդի իղձերն արտահայտելու, նրա ցանկությունների թարգմանը դառնալու մտավարժանքներով, ավելացրել է. «Այս ֆիլմին հակառակվում եւ հակազդեցություն են ցուցաբերում նաեւ Հայաստանի հայերը, որովհետեւ դա նրանց որեւէ օգուտ չի բերում։ Վերջին տարիներին Հայաստանի բնակչությունը կիսով չափ նվազել է։ Գործազրկությունն ու սովը հասել է անթույլատրելի սահմանագծին։ Հայաստանում առկա են երկու հակադիր տեսակետների կողմնակիցներ։ Եթե դրանցից առաջինը Թուրքիայի հետ խաղաղ գոյակցության է ձգտում, ապա երկրորդը ցանկանում է շարունակել Ցեղասպանության պնդումները։ Եղոյանն այդ ֆիլմով անցնում է խաղաղ գոյակցությունը վիժեցնողների կողմը»։

Քաջատեղյակ լինելով Թուրքիայում գործազրկության համատարած բնույթին, որտեղ դեռ 2001 թ. հունվարին, ըստ Հեղափոխական արհմիությունների գլխավոր նախագահ Սուլեյման Չելեբիի, 13 մլն բանվոր գործազուրկ էր, իսկ Համաշխարհային բանկի տվյալներովՙ 24 մլն մարդ ապրում է սովի շեմին, ակամա զարմանում ես սեփական ժողովրդի նյութական, անմխիթար վիճակի նկատմամբ հայերին կարեկցող Լյութեմի անտարբերության վրա։ Հարկ է, սակայն, նշել, որ Լյութեմը նախկին դեսպան է, նրա ինստիտուտը պետականորեն վերահսկվում է, իսկ Թուրքիան երկարատեւ շրջափակման միջոցով Հայաստանը քայքայելու պետական ծրագիր է իրագործում։

Ուրեմն, հայ ժողովրդի նկատմամբ Լյութեմի կարեկցանքը Հայաստանի քայքայմանը հասնելու թուրքական նկրտումների արտահայտությունն է։ Հատկանշական է, որ դա Լյութեմին կշտամբանքից հետ չի պահում, եւ նա «Արարատ» ֆիլմի առնչությամբ արվեստը քարոզչության միջոց դարձնելու համար հայերին մեղադրելիս, կարեկցանքը հարմարեցնում է թուրքական նկրտումներին։

Թեեւ Թուրքիայի պետնախարար Յըլմազ Քարաքոյունլուն եւ մշակույթի նախարար Իսթեմիհան Թալայը Լյութեմի պես կարեկցանքի մտավարժանքներ չեն անում, սակայն նրանք եւս «Արարատին» քարոզչական պիտակ են կպցնում։ «Մարմարա» թերթի մայիսի 23-ի համարի վկայությամբ, Քարաքոյունլուն նշում է, որ ֆիլմը չի դիտել, սակայն դա նրան չի խանգարում ավելացնել. «Թուրքական կառավարությունը պետք է ձեռնարկի այն, ինչն անհրաժեշտ է։ Սա Թուրքիայի դեմ կազմակերպված արշավների հերթական նմուշն է։ Թուրքական կառավարությունն այդ ժապավենի դեմ համապատասխան դիրքորոշում պիտի գրավի»։ Թալայն իր հերթին նշել է. «Շատ սխալ է, որ կինոյի նման համամարդկային արվեստում մարդիկ պատմական ճշմարտությունները խեղաթյուրեն եւ տարբեր հասարակությունների միջեւ ատելության զգացումներ սերմանեն»։

Թալայի խոսքերից կարելի է ենթադրել, որ Հայոց ցեղասպանության թուրքական կեղծարարությունը ոչ թե խեղաթյուրում, այլ վերականգնում է պատմական ճշմարտությունը, իսկ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի թշնամական քաղաքականությունը հայ եւ թուրք հասարակությունների միջեւ բարեկամության զգացումներ է զարգացնում։

Քարաքոյունլուն եւ Թալայը թուրքական պետության ներկայացուցիչներ են, իսկ Լյութեմըՙ այն հիմնարկի տնօրենն է, որն անմիջականորեն ենթարկվում է պետական իշխանություններին։ Ներկայացուցչության եւ ենթակայության պարագան առանց «Արարատ» ֆիլմը դիտելու, դրա նկարահանումը հայերի դավադրությամբ պայմանավորելու իրավունք է տալիս նրանց։ Ի տարբերություն վերջիններիս, «Ակօսի» գլխավոր խմբագիր Հրանտ Տինքը Կաննում դիտել է ֆիլմը։

Ինչպես երեւում է, հարցն ինքնին ֆիլմը չէ, այլ դրա նկատմամբ կանխակալ մոտեցումը։ Դրանում համոզվելու համար կարելի է անդրադառնալ Ատոմ Եղոյանի հետ Հրանտ Տինքի հանդիպմանը, որին ներկա էր եղել «Հյուրիեթի» թղթակից Մուամեր Էլվերենը։ Այդ մասին թուրքական թերթի մայիսի 21-ի համարում տեղեկացնում է թղթակիցը։ Նրա վկայությամբ, Տինքը Եղոյանին դիմել է հետեւյալ խոսքերով. «Մի՞թե կարելի է այսպիսի ֆիլմ նկարահանել։ Այս ֆիլմը թուրք-հայկական հարաբերությունների առումով խիստ վնասակար է, դա չի ցուցադրվի Թուրքիայում։ Ֆիլմի ոճը ո՛չ գրականության մեջ, ո՛չ էլ կինոյում չի կարող ընդունելի լինել մեզ համար։ Չի կարելի մի կողմից խոսել հաշտությունից ու երկխոսությունից, իսկ մյուս կողմիցՙ կրակի վրա յուղ լցնել։ Մենք մի՞թե փոխըմբռնման մթնոլորտը թուրքին որպես թուրք, հային որպես հայ, մարդուն որպես մարդ, ամոթի զգացումի մեջ խեղդող տեսարաններով ենք ստեղծելու։ Սա այնպես պետք էր նկարահանել, որ կարողանային դիտել նաեւ թուրքերը»։

Խոսքը տվյալ դեպքում Եղոյանի ֆիլմում տեղ գտած ոճրագործության տեսարանների մասին է։ Ընդ որում, այդ տեսարանների տեւողությունը ֆիլմում ընդամենը 2 րոպե է։ Թվում է, թե մեկուկես միլիոն հայի դաժան կոտորածը 2 րոպեանոց կադրերի մեջ տեղավորելն ինքնին թուրքերի նկատմամբ հանդուրժողականության ցուցանիշ է։ Մինչդեռ Հրանտ Տինքը դա ոչ միայն չի ընդունում, այլեւ Եղոյանի ֆիլմը քննադատելիս հայ-թուրքական հարաբերությունները դարձնում է գնահատականի չափանիշ։ Ինչո՞ւ։ Հարցի պատասխանը միանշանակ է, Հայոց ցեղասպանության կեղծարարությունը պատմական ճշմարտությունից վեր դասելու նպատակով։

Այս ամենի առումով պատահական չեն «Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի» անդամներից Օզդեմ Սանբերքի խոսքերը, որոնք խոստովանության երանգ են ստանում, երբ նա հայտարարում է. «Մեր նպատակը ճշմարտություն որոնելը չէ, այլՙ ապագայի համար նոր հորիզոններ բացելն ու փոխըմբռնմանը նպաստելը։ Մեր հանձնաժողովի գլխավոր նպատակն է խոչընդոտել ամեն տարի ԱՄՆ-ի Կոնգրեսի եւ արեւմտյան խորհրդարանների առջեւ դրված Ցեղասպանության ճանաչման նախաձեռնությունները»։

Հրանտ Տինքի տրամաբանությունը միանգամայն համապատասխանում է Սանբերքի տրամադրություններին։ Սակայն, անկախությունն էլ իր տրամադրությունն ունի։ Գաղտնիք չէ, որ ժողովուրդներն անկախանում, անկախ պետականություն են ստեղծում ազգային խնդիրներին արժանապատիվ լուծում տալու եւ բարեկեցիկ կյանք ապահովելու համար։ Հետեւելով պրն Տինքի տրամաբանությանը, սկսում ես համոզվել, որ հայ ժողովուրդն անկախացել եւ անկախ պետականություն է ստեղծել թուրք-հայկական հարաբերություններին ամեն կերպ նպաստելու գերագույն նպատակով, որպեսզի ազգային խնդիրների մասին մեկընդմիշտ մոռանա, իսկ բարեկեցիկ կյանքը պայմանավորի թուրքերի քմահաճույքով։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4