«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#119, 2002-06-27 | #120, 2002-06-28 | #121, 2002-06-29


ԳՈՐԾԿՈՄԸ ԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՎՃԻՌԸ

Ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիան շատ արագ արձագանքեց հունիսի 27-ին տեղի ունեցած միջադեպին («Ազգը» հանգամանորեն անդրադարձել էր նախորդ համարում)ՙ երեկ հրավիրելով գործկոմի նիստ։ Հիշեցնենք, որ «Հանրապետական» մարզադաշտում կայացած «Փյունիկ»-«Արարատ» հանդիպման 3-րդ րոպեին արարատցիները լքել էին խաղադաշտըՙ ի նշան բողոքի, որ ֆեդերացիան թույլատրել էր «Արարատի» հետ մինչեւ 2004 թ. պայմանագիր ունեցող Աղվան Մկրտչյանին հայտավորվելու եւ հանդես գալու «Փյունիկում» մինչեւ «Արարատ» ակումբի կողմից ֆուտբոլիստի տրանսֆերային գինը որոշելու համար անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելը։ Քննարկելով տեղի ունեցածը, ֆուտբոլի հանրապետական ֆեդերացիայի գործկոմը որոշեց.

1. ՀՖՖ-ի կարգապահական կանոնադրության 22-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, հունիսի 27-ին կայացած «Փյունիկ»-«Արարատ» հանդիպման ընթացքում «Արարատ» ՖԱ-ի կողմից միտումնավոր կերպով խաղադաշտը լքելու եւ խաղն անավարտ թողնելու համար «Արարատ» թիմին գրանցել պարտություն 0¬3 հաշվով, «Փյունիկ» թիմին շնորհել հաղթանակ 3¬0 հաշվով, «Արարատ» ՖԱ-ին տուգանել 200 հազար դրամով։

2. Նախազգուշացնել «Արարատ» ՖԱ-ի ղեկավարությանըՙ նույն արարքի կրկնման դեպքում թիմը կհանվի առաջնությունից, իսկ ֆուտբոլիստները կստանան ազատ խաղացողի կարգավիճակ։

3. ՀՖՖ-ի կարգապահական կանոնադրության 31-րդ հոդվածի համաձայն, ակումբի գլխավոր քարտուղար Գագիկ Գրիգորյանին թիմի ֆուտբոլիստներին խաղադաշտը լքելու հրահանգ տալու համար 1 տարով զրկել պաշտոնական պարտականությունները վարելու իրավունքից։

4. Կարգապահական կոմիտեի առաջարկով հաստատել կոմիտեի 16.04.2002 թ. ընդունած որոշումըՙ «Արարատ» ՖԱ-ի նախագահ Արկադի Անդրեասյանին ֆուտբոլում անցանկալի անձ հայտարարելու վերաբերյալ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4