«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#120, 2002-06-28 | #121, 2002-06-29 | #122, 2002-07-02


ՈՒՇԱՑԱԾ ՊՈՌԹԿՈՒՄ

«Շիրակ»-«Սանտա Կլարա»ՙ 3¬3 (1¬2)

Գյումրի, քաղաքային մարզադաշտ, 30 հունիսի։

Մրցավարՙ Օլեգ Շուկին (Բելառուս)։

«Շիրակ»- Ռայմոնդ Զադուրյան, Գագիկ Մարգարյան, Արման Տոնոյան, Արտակ Գրիգորյան, Հովհաննես Թահմազյան, Արարատ Հարությունյան, Հենրիկ Բատիկյան (Երվանդ Հակոբյան, 54), Կարեն Ալեքսանյան, Տիգրան Դավթյան, Կարեն Խաչատրյան (Արտյոմ Հակոբյան, 54), Վարդան Բիչախչյան (Անդրանիկ Բարիկյան, 75)։

«Սանտա Կլարա»- Ժորժե Սիլվա, Իվան Միներ, Կառլոս Կալի, Սանդրո, Սերժիո Նունեշ, Պայվա, Պաուլո Ֆիգեյռեդո, Լուիզ Վուզելա (Բրունո Ռիբեյրո, 59), Պեդրո Հենրիկեզ, Ժոաո Պեդրո, Վիտոր Վիեյրա (Ջորջ, 46, Նունո Սոսիեդադե, 88)։

Գոլերը խփեցին Ժոաո Պեդրոն (29, 34, 46), Արարատ Հարությունյանը (36, 75ՙ 11 մ), Կարեն Ալեքսանյանը (90)։

Զգուշացվեց Լուիզ Վուզելան։

Խաղից առաջ երկու թիմերի ֆուտբոլիստներն էլ հեռուստացույցի մոտ հետեւում էին աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպմանը։ Տաքարյուն պորտուգալացիները շատ եռանդագին երկրպագում էին բրազիլացիներին եւ երբ Ռոնալդոն բացեց հաշիվը, նրանց ուրախությանը չափ ու սահման չկար։

Ինչ վերաբերում է Ինտերտոտոյի գավաթի խաղարկության պատասխան հանդիպմանը, ապա շիրակցիները հերթական անգամ հիասթափեցրին ֆուտբոլասերներին։ Խաղի առաջին 30 րոպեներին նրանց մոտ ոչինչ չէր ստացվում։ Ավելորդ շտապողականությո՞ւնը, թե՞ հուզմունքն էր պատճառը, որ պարզ իրադրություններում շիրակցիները սխալվում էին. անհասցե փոխանցումների պատճառով այդպես էլ չկարողացան գեթ մեկ մտածված կոմբինացիա ձեռնարկել, գեթ մեկ հարված կատարել։ Իսկ պորտուգալացիները մեծ ուժեր կենտրոնացնելով թիկունքում, խիստ հսկողության տակ առնելով մրցակցի խաղացողներին, բավական վտանգավոր հակագրոհներ էին ձեռնարկում, որոնցից երկուսը դիպուկ հարվածներով եզրափակեց Ժոաո Պեդրոն։ Երկու խաղերի ընդհանուր հաշիվն արդեն 4¬0 էրՙ հօգուտ պորտուգալացիների։ Պարզ էր արդեն, որ հաջորդ փուլի ուղեգրի հարցը վճռված էր։ Միայն բաց թողած գոլերից հետո շիրակցիները մի փոքր աշխուժացան, կարգավորեցին խաղը, իսկ տուգանային հարվածով Հարությունյանի խփած գոլը հանդիպման բարեհաջող ելքի որոշակի հույսեր արթնացրեց։ Սակայն ընդմիջումից անմիջապես հետո կրկին անփույթ խաղացին շիրակցիներըՙ հնարավորություն տալով Պեդրոյին դառնալու «հեթ-տրիկի» հեղինակ։ Արտյոմ Հակոբյանի մուտքը խաղադաշտ զգալիորեն աշխուժացրեց շիրակցիների հարձակողական գործողությունները։ Ի պատիվ շիրակցիների, նրանք 2-րդ խաղակեսում աչքի ընկան գրագետ գործողություններով, դրսեւորեցին կամք ու համառություն եւ կարողացան գոնե խաղն ավարտել ոչ-ոքի արդյունքով։ Նախ Արտյոմ Հակոբյանին վայր գցելու համար նշանակված 11 մ հարվածն իրացրեց Հարությունյանը, ապա խաղավերջում թիմի գրոհը դիպուկ հարվածով եզրափակեց Ալեքսանյանը։ Այսպիսով, «Շիրակը» դուրս մնաց Ինտերտոտոյի գավաթի խաղարկությունից։ Շուտով ասպարեզ կմտնի «Փյունիկը», որի հետ են կապված եվրոպական գավաթների խաղարկությունում հայկական թիմերի հաջող ելույթների մեր հույսերը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4