«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2002-07-03 | #124, 2002-07-04 | #125, 2002-07-05


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԴԻՄԱԿԱՅԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻՆ

«Ազգն» էլ կդիմակայի թուրքական ինստիտուտի շանտաժին

Հուլիսի 3-ի համարում «Ազգը» թարգմանաբար հրապարակեց Անկարայում գործող «Եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնին» առընթեր «Հայկական հետազոտությունների ինստիտուտի» փորձագետ, դոկտ. Սեթադ Լաչիներիՙ խմբագրությանը հասցեագրված նամակը։ Հրապարակմամբ ընթերցողը նախ ծանոթացավ նամակի բովանդակությանը, ապա նամակը պատասխանի հետ համեմատելու հնարավորություն ստացավ։ Միաժամանակ ամբողջացան վերոհիշյալ ինստիտուտի մասին նրա պատկերացումները։

Լաչիներն «Ազգի» հունիսի 26-ի համարում «Առանց Եղոյանի «Արարատը» դիտելուՙ դրա մասին գիրք գրելն առնվազն շառլատանություն է» խորագրով հոդվածին անդրադառնալիս գրում էր, որ դա ծայրից ծայր լի է վիրավորանքներով։ Ակամա հարց է ծագումՙ որո՞նք են այդ վիրավորանքները եւ ի՞նչ բնույթ են կրում։ Քանի որ նա այդ հարցերն անպատասխան է թողնում, ուստի վիրավորանքների վերաբերյալ նրա արտահայտությունն ինքնաբերաբար դառնում է կանխամտածված ամբաստանություն։

Խնդրո առարկա հոդվածը զերծ է ամեն տեսակի վիրավորանքից։ Դրանում նույնիսկ տեղ չի գտել վիրավորական որեւէ արտահայտություն։ Ինչ վերաբերում է «շառլատանություն» արտահայտությանը, ապա Լաչիները չի ժխտում գիրքն առանց ֆիլմը դիտելուՙ սցենարի հիման վրա գրելու փաստը, ապա եւ փորձում է արդարանալ. «Արարատը» ուշացումով դիտելուց հետո պարզվեց, որ հետեւություններում չենք սխալվել»։ Դրանում համոզվելու լավագույն ձեւը սցենարի եւ «Արարատ» ֆիլմի մասին գրված գրքի միջեւ համեմատությունների անցկացումն է։ Բայց ինչպե՞ս, սցենարը սովորական հանդես չէ, որ հրատարակվի եւ վաճառքի հանվի թերթի կրպակներում։ Ուրեմն դա պետք է ձեռք բերել եւ գրքում որպես աղբյուր օգտագործելու համար հրատարակել։ Այլապես սցենարը գրքի հետ համեմատելու հնարավորության բացակայությամբ վերոհիշյալ հետեւությունները որեւէ արժեք չեն ներկայացնի։

Սակայն արժեքը մի կողմ, եթե գիտական աշխատության հավակնություն ունեցող այդ գրքի համար հիմք է ծառայել սցենարը, ուրեմն, հենց սցենարի մասին պետք է գրվեր, ոչ թե ֆիլմի։ Ինչպե՞ս բնութագրել առանց ֆիլմը դիտելու դրա մասին գիրք գրելու հեղինակների մոտեցումը կամ ի՞նչ անուն տալ նրանց։ Մինչդեռ Լաչիները «Հայկական հետազոտությունների ինստիտուտից» Երեւան նախապատրաստվող այցի նախօրյակին հոդված հրատարակելու համար դատապարտում է «Ազգին», թե «հարաբերություններին վնաս է հասցրել»։ Մնում է ենթադրել, որ դրանց միանգամայն նպաստել են Սեւծովյան տնտեսական համագործակցության գագաթաժողովին մասնակցելու համար Ստամբուլ ժամանած ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի ինչպես այցի նախօրյակին, այնպես էլ դրա ընթացքում եւ ավարտին Պոլսո հայկական եկեղեցիների վրա կատարված հարձակումները։

Լաչիները, սակայն, դատապարտելով չի սահմանափակվում, այլ թուրքական իրականության մեջ առկա բացասական երեւույթները մեր թերթին վերագրելիսՙ մատնանշում է. «Եթե «Ազգը» կարծում է, որ անարգանքը տեղեկատվություն է, մեծ սխալ է գործում»։ Մինչդեռ «Օրթադողու» թերթը 2000 թ. սեպտեմբերի 25-ի համարում գրել է. «Թուրքիան հանգամանքների բերումով չի կարող հակազդել ԱՄՆ-ի վրա, բայց միանգամայն ի վիճակի է արժանի հակահարված տալ հայ շներին»։ Սա արդեն անարգանք չէ, այլՙ հայհոյանք։ Հատկանշական է, որ հայհոյանքներն էլ թերթերով չեն սահմանափակվում։ Թուրքիայի Ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի փոխնախագահ Քամեր Գենչը, ինչպես վկայում է «Ակօսը» 2001 թ. ապրիլի 21-ի համարում, նույն Մեջլիսի ամբիոնից սեփական կառավարությանը դիմելիս, բացականչում էր. «2 գրոշանոց հայերի հախից գալ չեք կարողանում»։

Լաչիները, մոռանալով հայհոյանքները, «Ազգի» ոճը «շատ տգեղ եւ անընդունելի» է համարում։ Ուրեմն նրա տրամաբանությամբ գեղեցիկն ու ընդունելին հայհոյանքն է։ Թեեւ Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Քյամրան Ինանը հայերին չի անարգել, սակայն 2000 թ. հոկտեմբերի 5-ի հայտարարությամբ սպառնացել է. «ԱՄՆ Կոնգրեսի օրակարգում գտնվող այսպես կոչված Հայոց ցեղասպանության բանաձեւերից տուժողը Հայաստանն է լինելու, հայերը դեռ կզղջան բանաձեւի համար»։ 2001 թ. հունվարի 11-ին Ինանին է միացել Ազգայնական շարժում կուսակցության նախագահ, փոխվարչապետ Դեւլեթ Բահչելին, հայտարարելով. «Փորձ է արվում այսպես կոչված Հայոց ցեղասպանության բանաձեւերով պաշարման տակ պահել Թուրքիան։ Շուտով բոլորը կհամոզվեն, որ դա ոչ մի արդյունք չի տալու, առավելագույնս Թուրքիան հավելյալ զինվելու է Հայաստանի դեմ»։

Զինվելու ընթացքի մասին տեղեկություն չունենք, սակայն գիտենք, որ թուրքական սպառնալիքները նոր չեն, ոչ էլ որեւէ առնչություն ունեն Ցեղասպանության բանաձեւերի հետ։ Դրա վկայությունը 1992¬1993 թթ. Թուրքիայի ղեկավարության անփառունակ արտահայտություններն են, որոնց մեջ սանձարձակությամբ կարելի է առանձնացնել նախագահ Թուրգութ Օզալի հայտարարությունը. «Ժամանակն է, որ Թուրքիան ատամներ ցույց տա Հայաստանին», կամ 1915 թ. Ցեղասպանության մասին նրա ակնարկը, թե «Հայերը դասեր չեն քաղել Անատոլիայի փորձությունից եւ այնտեղ կրած արժանի պատժից»։

Թուրքական մամուլի էջերը հեղեղված են նման սպառնալիքների վկայությամբ, որոնք թերեւս մշտական գործոն են դարձել Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերություններում։ Լաչիները, սակայն, ողջամտորեն շրջանցում է այս ամենը եւ ողջամտության կոչ անումՙ գրելով. «Եթե «Ազգին» եւ Չաքրյանին թվում է, թե կարելի է այս ճանապարհով հայերին օգուտ բերել, նպաստել հայ-թուրքական հարաբերություններին կամ որեւէ հարց լուծել, նմանապես սխալվում են»։

Մենք էլ մեր կողմից ավելացնենք, եթե Լաչիները կարծում է, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների համառ մերժումը, որը համազոր է հայ ժողովրդի անկախ պետականության իրավունքի մերժմանը, երկարատեւ շրջափակումը, հարեւան երկրի նկատմամբ ռազմական սպառնալիքների դիմելը, եւ վերջապես, անարգանքն ու սանձարձակությունները հարաբերություններ են, ուրեմն ոչ թե մենք, այլ սխալվում է ինքը։

Վնասելու համար նախ պետք է հարաբերությունները գոյություն ունենան։ Այլ կերպ, Հայաստանի նկատմամբ Թուրքիայի որդեգրած հակահայկական քաղաքականության պատճառով հարաբերություններ չեն գոյանում։ Գոյություն ունեցողը Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի հետ ամեն կերպ կարգավորելու ԱՄՆ-ի շահագրգռություններն ու նախաձեռնություններն են։ Ուրեմն Լաչիները շանտաժի եւ սպառնալիքների միջոցով ակնհայտորեն վնասում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ամերիկյան նախաձեռնություններըՙ անտեսում շահագրգռությունները։

Հայաստանն անկախության առաջին իսկ օրից հաջողությամբ դիմակայել է Թուրքիայի սպառնալիքներին։ Կարծում ենք «Ազգի» համար առանձնակի դժվարություն չի ներկայացնի «Հայկական հետազոտությունների ինստիտուտի» փորձագետ, դոկ. Սեդաթ Լաչիների շանտաժներին դիմակայելը։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4