«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2002-07-04 | #125, 2002-07-05 | #126, 2002-07-09


ԴԱՎԻԹ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՄԵԾ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարում աննախադեպ հաջողության հասավ արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը։ Առաջին անգամ մասնակցելով Ուիմբլդոնի մրցաշարին, Դավիթն առաջին փորձից հասավ եզրափակիչՙ սահմանելով յուրօրինակ ռեկորդ։ Մինչ այդ մրցաշարի նորեկներից ամենամեծ հաջողության հասել էր Ջոն Մաքինրոյը, որը 1977 թ. հանդես էր եկել կիսաեզրափակիչում։ Եզրափակիչի ճանապարհին Նալբանդյանը քառորդ եզրափակիչում հինգ խաղափուլում հաղթեց էկվադորցի Լապենտիին (6¬4, 6¬4, 4¬6, 4¬6, 6¬4), իսկ կիսաեզրափակիչում պայքարից դուրս մղեց բելգիացի Խավյեր Մալիսեին (7¬6, 6¬4, 1¬6, 2¬6, 6¬2)։ Եզրափակիչում Նալբանդյանի մրցակիցը փորձառու Լլեյթոն Հյուիթն էր։ Ցավոք, 20-ամյա Դավթին չհաջողվեց լուրջ դիմադրություն ցույց տալ իրենից մեկ տարով մեծ, սակայն մեծ թենիսում զգալի հաջողությունների հասած մրցակցին։ 1 ժամ 57 րոպե տեւած մրցավեճում Հյուիթը հեշտությամբ հաղթեց Նալբանդյանին (6¬1, 6¬2, 6¬3)։

Ինչպես եւ Ֆրանսիայի բաց առաջնությունում, Ուիմբլդոնում էլ կանանց մրցապայքարի եզրափակիչը վերածվեց Ուիլյամս քույրերի ընտանեկան մրցավեճի։ Հաջողությունն ուղեկցեց Սերենային (7¬6, 6¬3)։ Հետաքրքրական է, որ վերջին 3 տարիներին Ուիմբլդոնում հաղթել են Ուիլյամս քույրերը։ Մինչ Սերենան, երկու անգամ լավագույնն է ճանաչվել Վենուսը։ Ուիլյամս քույրերի հաղթանակով ավարտվեց նաեւ կանանց զուգախաղը։ Նրանք պարտության մատնեցին Պասկուալ-Սուարես զույգին (6¬2, 7¬5)։ Տղամարդկանց զուգախաղում հաջողության հասան Բյորկմանն ու Վուդբրիջը, որոնք պարտության մատնեցին Նոուլզ-Նեստոր երկյակին։ Խառը զուգախաղերում Բհուպատի-Լիխովցեւա զույգը հաղթեց Ջոնսոն-Մեսերլի երկյակին (6¬4, 1¬6, 6¬3)։

Պատանեկան մրցաշարում աղջիկներից ուժեղագույն ճանաչվեց ռուսաստանցի Վերա Դուշեւինան, իսկ պատանիներից լավագույնն ավստրալացի Ռեյդն էր։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4