«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#125, 2002-07-05 | #126, 2002-07-09 | #127, 2002-07-10


«ՓՅՈՒՆԻԿԸ» ՀԱՄԱԼՐՈՒՄ Է ԿԱԶՄԸ

Ֆուտբոլի ՀՀ չեմպիոն «Փյունիկի» առջեւ այս մրցաշրջանում լուրջ խնդիր է դրվածՙ հաջող հանդես գալ չեմպիոնների լիգայի մրցաշարում։ Այդ նպատակով ակումբի ղեկավարությունը միջոցներ չի խնայում թիմի նախապատրաստության, կազմն ուժեղացնելու համար։ Օրերս «Փյունիկի» կազմը համալրեցին արգենտինացի երկու ֆուտբոլիստներՙ Ֆեռնանդո Զաքարյանը եւ Ֆեդերիկո Էրվերան։ Արգենտինահայ Ֆեռնանդո Զաքարյանը 23 տարեկան է, իր ֆուտբոլային գործունեությունը սկսել է հանրահայտ «Բոկա Խունիորս» թիմում։ Վերջին տարիներին նա հանդես է գալիս «Արգենտինոս Խունիորս» թիմում։ Նա արդեն պայմանագիր է կնքել «Փյունիկի» հետ։ Ակումբի ղեկավարությունը հույս ունի, որ Զաքարյանը կուժեղացնի թիմի հարձակման գիծը։

Ֆեդերիկո Էրվերան հանդես է գալիս ազատ պաշտպանի գոտում, 26 տարեկան է։ Նա էլ իր ֆուտբոլային գործունեությունը սկսել է արգենտինյան մեկ այլ հանրահայտ ակումբումՙ «Ռիվեր փլեյթում», այնուհետեւ հանդես է եկել Մեքսիկայում եւ Չիլիում։ Ընթացիկ առաջնությունում Էրվերան խաղում էր «Դեպորտիվո Արմենիա» թիմում։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, չեմպիոնների լիգայի մրցաշարի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» ուժերը չափելու է Ֆինլանդիայի չեմպիոն «Տամպերեի» հետ։ Վերջինս առաջին շրջանից հետո 12 թիմերի մրցավեճում զբաղեցնում է 6-րդ տեղը։ Թիմը տոնել է 3 հաղթանակ, 7 խաղ ավարտել ոչ¬ոքի, մեկում պարտվել է։ Առաջին հանդիպումը կայանալու է Տամպերեումՙ հուլիսի 17-ին, պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց Երեւանում։ Հաջողության դեպքում «Փյունիկը» հաջորդ փուլում կմրցի Կիեւի «Դինամոյի» հետ։ Հուսանք, որ գոնե «Փյունիկին» կհաջողվի հաղթահարել առաջին արգելքը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4