«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2002-07-09 | #127, 2002-07-10 | #128, 2002-07-11


ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԾՎԵՑ ԿԱՏԱՐՅԱԼ ԽԱՌՆԱՇՓՈԹԻ

Թերեւս դա պայմանավորված է վարչապետ Էջեւիթին ներկայացվող հրաժարականներով

Թուրքիայում ներքաղաքական զարգացումները կայծակնային արագություն են ձեռք բերել։ Վարչապետ Բյուլենթ Էջեւիթի վատառողջությունից բխողՙ երկրի ներքաղաքական կյանքի անորոշությունը վերածվել է կատարյալ խառնաշփոթի։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու թերեւս միակ ճանապարհը Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի վաղաժամկետ ընտրությունների անցկացումն է։ Սակայն միջկուսակցական կատաղի պայքարն ու կուսակցությունների քաղաքական հաշվարկները խառնաշփոթ վիճակ են ստեղծում նաեւ ընտրությունների հարցում։ Այսպիսով միանգամայն տրամաբանական են դառնում վաղաժամկետ ընտրությունները ե՞րբ անցկացնելու եւ դրանց կազմակերպումը ո՞ր կառավարությանը վստահելու հարցերը։

Մեջլիսում ներկայացված բոլոր կուսակցությունները, կառավարողները ներառյալ, առաջիկա ընտրությունների վաղաժամկետ անցկացման հարցում համամիտ են։ Դրանցից «Մայր հայրենիք» կուսակցությունը գտնում է, որ մինչ ընտրությունները պետք է ընդունել այն օրենքները, որոնք կնպաստեն Եվրամիության հետ Թուրքիայի հարաբերությունների բարելավմանը, թերեւս դրանով էլ նորընտիր կառավարությունը առաջադրվող նախապայմաններից խուսափելու հնարավորություն կստանա։ Իսլամական «Երջանկություն», «Արդարության եւ բարգավաճման» կուսակցությունները ԵՄ-ի նախապայմանների առնչությամբ պաշտպանում են «Մայր հայրենիք» կուսակցության դիրքերը։ Վերջիններիս է միանում նաեւ «Ճշմարիտ ուղի» կուսակցությունը եւ նրանց հետ պահանջում է, որ Մեջլիսը «ընտրությունների եւ կուսակցությունների մասին» նոր օրենք ընդունի։

Այլ կերպՙ նոր օրենքի ընդունումը համարվում է վաղաժամկետ ընտրությունների նախապայման։ Մինչդեռ այդ օրենքը Մեջլիսում վերանայվել է վերջերս, իսկ Թուրքիայի սահմանադրությունը նոր օրենքի ընդունման համար պահանջում է առնվազն մեկ տարի ուժի մեջ թողնել վերանայված օրենքը։ Թանսու Չիլլերի «Ճշմարիտ ուղի» կուսակցության ղեկավարությունը հազիվ թե երկրում գործող սահմանադրությունից անտեղյակ լինի։ Սակայն նա միանգամայն քաջատեղյակ է վարչապետ Բյուլենթ Էջեւիթի հետ կապերը խզած նախկին փոխվարչապետ Հյուսամեթդին Օզքանի եւ նրա մերձակա շրջապատի նոր կուսակցություն ստեղծելու փորձերին, եւ այդ փորձերի նկատմամբ պետնախարար Քեմալ Դերվիշի հարաճուն հետաքրքրություններին։

Թուրքական թերթերը հուլիսի 10-ի համարներում «Ձախ ժողովրդավարական կուսակցության շարքերից հեռացող պատգամավորները նոր կուսակցություն են ստեղծում» ընդհանուր խորագրով անդրադառնում են Օզքան-Դերվիշ հանդիպմանը, որը կայացել էր Օզքանի հրաժարականից անմիջապես հետո։ Նրանք, նկատի ունենալով հանդիպման պարագան, կարծիք են հայտնում, որ ստեղծվող կուսակցությունը հենց Դերվիշն է ղեկավարելու։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ հրաժարական տվող նախարարներին շուտով կմիանա նաեւ Դերվիշը։ Ինչ վերաբերում է արտգործնախարար Իսմայիլ Ջեմին, ապա թուրքական թերթերի ուշադրությունը գրավել է ինչպես գործող կառավարության կազմում նոր փոփոխության, այնպես էլ կազմավորվող նոր կուսակցության առումով չափազանց կարեւոր մի փաստՙ Օզքանի հրաժարականից հետո Բյուլենթ Էջեւիթն իր մերձավորներին վարչապետի գրասենյակ հրավիրելիս մոռացել էր Ջեմին։ Ուրեմն հրաժարականի է պատրաստվում նաեւ Ջեմը։

Հարցը, սակայն, նախարարների հրաժարականը չէ, այլ պաշտոնից հրաժարվողների նոր կուսակցություն ձեւավորելու ձգտումները, որի նախագահի պաշտոնում առաջադրվելու Դերվիշի հավանականությունը, վերջինին Միջազգային արժութային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի աջակցությունը եւ վերջապեսՙ նրա նկատմամբ Մեսութ Յըլմազի «Մայր հայրենիք» կուսակցության ղեկավարների բարեհաճ վերաբերմունքը։

Թերեւս այդ վերաբերմունքը վարչապետ Էջեւիթին ստիպում է վերանայել կառավարող կոալիցիայի կազմըՙ փոխարինելով «Մայր հայրենիք» կուսակցությանը «Ճշմարիտ ուղի» կուսակցությունով։ Ահա թե ինչու Յըլմազի կուսակցությունը պահանջում է վաղաժամկետ ընտրություններն անցկացնել սեպտեմբերին եւ որպես անհրաժեշություն է դիտում Էջեւիթի հրաժարականը։ Հակառակ նրանՙ Ազգայնական շարժում կուսակցության նախագահ, փոխվարչապետ Դեւլեթ Բահչելին, թուրքական մամուլի վկայությամբ, Էջեւիթին խնդրում է հրաժարական չտալ, իսկ Չիլլերըՙ փոխվարչապետի պաշտոնում Յըլմազին, թեկուզ մինչեւ ընտրություններ փոխարինելու եւ իր կուսակցությանը մի քանի ամսով կառավարող կոալիցիայի մաս դարձնելու հեռանկարով «ընտրությունների եւ կուսակցությունների մասին» օրենքից է կառչում եւ գտնում է, որ վաղաժամկետ ընտրությունները կարելի է անցկացնել ոչ շուտ, քան 2003 թ. գարնանը։ Հենց այդ հեռանկարն է, որ Չիլլերին եւս ստիպում է Էջեւիթի հարցում վերանայել իր դիրքորոշումը եւ հակադրվել նրա հրաժարականին։

Թուրքիայում քաղաքական ուժերը վերախմբավորվում են։ Այս պայմաններում, ինչ խոսք, որոշիչ է դառնում խմբավորվողների նկատմամբ իսլամական կուսակցությունների դիրքորոշումը։ Ըստ ամենայնի, դրա հստակեցումը պայմանավորված է Ձախ ժողովրդավարական կուսակցության հետագա ճակատագրով։ Համենայն դեպս, վերջին երեք օրերին կուսակցության պատգամավորական խմբակցության 32 անդամներ հրաժարականի դիմումով հեռացել են դրա կազմից։ Քանի որ Թուրքիայում կառավարության անդամները պահպանում են պատգամավորի կարգավիճակը, ուստի վերոհիշյալ 32 անդամներից 27-ը զուտ խմբակցության պատգամավորներ են, որոնց թվում են Մեջլիսի փոխնախագահն ու պետպլանի եւ բյուջեի հանձնաժողովի նախագահը, իսկ 5-ըՙ փոխվարչապետ Օզքանի գլխավորությամբ, նախարարներ։

Ինչ վերաբերում է պետնախարարներ Հասան Գեմիջիին եւ Մուստաֆա Յըլմազին, ապա նրանք հրաժարականի մասին հայտարարել էին, սակայն գրավոր դիմում դեռեւս չէին ներկայացրել։ Իսկ պետնախարար Դերվիշն ու արտգործնախարար Ջեմը հրաժարականի են պատրաստվում։ Նախորդ օրը Օզքանից ազատված փոխվարչապետի պաշտոնում Էջեւիթը նշանակել էր Շյուքրու Սինա Գյուրելին, պետնախարարներիՙ Զեքի Սեզերին եւ Թայֆուն Իչլիին, իսկ մշակույթի նախարարիՙ Սուաթ Չաղլայանին, դեռեւս ազատ էր մնում Մեթին Բոսթանջըօղլուից ազատված ազգային կրթության նախարարի պաշտոնը։

Նոր հրաժարականները Էջեւիթից նոր նշանակումներ են պահանջելու, իհարկե, եթե նա դրանց ճնշման տակ հրաժարական տալու պարտադրանքի առջեւ չհայտնվի։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4