«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2002-07-09 | #127, 2002-07-10 | #128, 2002-07-11


ՎԵՐՋԻՆ ՓՈՐՁԱՄՐՑՈՒՄԸ

Երեկ «Փյունիկի» եւ «Լեռնագործի» մրցավեճով սկսվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրը։ Խաղացանկով այդ հանդիպումը պետք է տեղի ունենար Կապանում, սակայն թիմերի փոխհամաձայնությամբ կայացավ «Հանրապետական» մարզադաշտում։ Կարծում եմ, «Փյունիկի» հաղթանակը ոչ մեկի մոտ կասկած չէր հարուցում։ Պարզապես «Փյունիկի» համար այդ խաղը չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Տամպերեում կայանալիք հանդիպումից առաջ վերջին փորձամրցումն էր։ Իհարկե, «Լեռնագործն» իր ներուժով այն թիմը չէր, որ լուրջ մրցակից դառնար չեմպիոնին, սակայն ամեն դեպքում հետաքրքրական էր տեղեկանալ «Փյունիկի» ֆուտբոլիստների ներկա մարզավիճակի մասին։ Հանդիպման առաջին րոպեները հաստատեցին վերն ասվածը։ Հյուրերը պաշտպանությունում հաճախակի սխալվում էին, որի արդյունքում արդեն խաղասկզբում Արման Քարամյանը երկու անգամ պատժեց «Լեռնագործին»ՙ դիպուկ հարվածներով գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը։ Շոգ եղանակը, առաջիկա պատասխանատու հանդիպումն իրենց կնիքն էին թողել «Փյունիկի» ֆուտբոլիստների գործողություններում, որոնք գործում էին դանդաղ տեմպովՙ առանձնապես ջանքեր չգործադրելով։ Մինչեւ ընդմիջում «Փյունիկը» եւս մեկ անգամ հասավ հաջողության։ Այս անգամ էլ անվստահ խաղաց հյուրերի դարպասապահ Սարգիս Ներսիսյանը։ Ձախ թեւից Վարդան Մինասյանի հեռահար հարվածից հետո գնդակը դիպավ դարպասի հորիզոնական ձողին, այնուհետեւ դարպասապահին եւ հայտնվեց դարպասում։ Ինչ վերաբերում է «Լեռնագործին», ապա ողջ խաղի ընթացքում միայն մեկ վտանգավոր հարված կատարեցին կապանցիները, որից հետո գնդակը ակրոբատիկ ցատկով որսաց «Փյունիկի» դարպասապահ Ղարագյոզյանը։

Ընդմիջումից հետո փյունիկցիները որոշակի տեմպ հաղորդեցին գրոհներին եւ եւս երկու գոլ խփեցին։ Աչքի ընկավ Մամադու Դիավարան։ Նախ նա ընթացքից եզրափակեց ձախ թեւից Արտավազդ Քարամյանին փոխանցումը, ապա «պատ» խաղարկելով խաղընկերոջ հետ, մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դիմաց ու խփեց 5-րդ գոլը։ Կարող էր աչքի ընկնել նաեւ Արտավազդ Քարամյանը, սակայն նրա վտանգավոր հարվածը մեծ դժվարությամբ հետ մղեց դարպասապահը։ Արամ Ոսկանյանի հարվածից հետո էլ «Լեռնագործին» օգնության եկավ հորիզոնական ձողը։ «Փյունիկն» առանց մեծ ճիգերի հերթական հաղթանակը տոնեց եւ այժմ իր ողջ ուշադրությունը պետք է կենտրոնացնի ֆիննական «Տամպերեի» հետ արտագնա հանդիպման նախապատրաստությանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4