«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2002-07-13 | #131, 2002-07-16 | #132, 2002-07-17


ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԸ ՈՐՈՇԵՑ. 7 ՏԱՐՎԱ ՓՈԽԱՐԵՆՙ 6 ՏԱՐԻ

Երեկ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը հրապարակեց իր որոշումը Մուշեղ Սաղաթելյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանի վերաքննիչ բողոքի կապակցությամբ։

Պաշտպանի վերաքննիչ բողոքի հիման վրա վերաքննիչ ատյանը, քննության առնելով Մուշեղ Սաղաթելյանի գործը, հիմնավոր չհամարեց փաստաբանի ներկայացրած հիմնավորումները։ Դատարանը որոշեց, որ Սաղաթելյանի մեղավորությունը 182 (1), 183 (1, 2), 115¬195 (2), 213 (3) հոդվածներով հիմնավորված է, չփարատված կասկածներ չկան, իսկ ամբաստանյալի արարքները որակվել են ճիշտ։

Ի վերջո, երկար նկարագրականից հետո նախագահող դատավոր Ավետիսյանը հայտարարեց, որ վերաքննությամբ Մուշեղ Սաղաթելյանի գործած արարքների որակման մասի փոփոխման հիմքեր չկան։ Փոփոխություն եղավ պատժի մասովՙ առաջին ատյանի դատավճռով սահմանված 7 տարի ազատազրկումը փոխվեց 6 տարվա։

Սա էլ այն հանգամանքը հաշվի առնելով, որ Գորիսի ճանապարհին փախուստի դիմած կալանավոր Ռաֆիկ Զորոյանի մահվան եւ Մուշեղ Սաղաթելյանի գործողությունների միջեւ, ըստ վերաքննիչ դատարանի, բացակայում է ուղիղ կապը։

Այսպիսով, վերաքննիչ դատարանը վճռեց պաշտպանի վերաքննիչ բողոքը թողնել առանց բավարարման։ Վճռաբեկության կարգով բողոքարկումը կարող է լինել վճռի հրապարակումից հետո տասնօրյա ժամկետում։

Նիստի ավարտից հետո Մուշեղ Սաղաթելյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանը նշեց, որ մեկ տարով պատիժը պակասեցնելը դեռ այն չէ, ինչին արժանի է Մուշեղ Սաղաթելյանը։

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4