«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2002-07-13 | #131, 2002-07-16 | #132, 2002-07-17


«ՇԵԼԼ»-Ի ՀԱՄԵՐԳԸ

Երեկ Արամ Խաչատրյանի տուն թանգարանում տեղի ունեցավ «Շելլ» դաշնամուրային տրիոյի համերգը։ Երեք տարի է, ինչ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի կամերային անսամբլի ամբիոնին կից գործում է «Շելլ» դաշնամուրային տրիոն, որի կազմում են բուհի նախկին ասպիրանտներ Շուշանիկ Հակոբյանը (դաշնամուր), Լիլիթ Զաքարյանը (ջութակ), Աննա Հարությունյանը (թավջութակ)։ Տրիոյի ստեղծման նախաձեռնողն ու ղեկավարն է կոնսերվատորիայի կամերային անսամբլի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալլա Բերբերյանը։

Երեք տարիները բեղմնավոր են եղել երիտասարդ կատարողների համար։ Հայաստանի տարբեր բեմերից բացի, «Շելլ»-ը ելույթ է ունեցել մի շարք երկրներում, այդ թվումՙ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ավստրիայում, Լիբանանում... Հատկապես հիշարժան է տրիոյի մասնակցությունն Օդեսայում պարբերաբար անցկացվող «Երկու օր, երկու գիշեր» միջազգային փառատոնին եւ Փարիզում տեղի ունեցած (2001 թ.) կամերային անսամբլների միջազգային մրցույթին, որտեղ հայկական տրիոն արժանացավ «Գրան Պրիի»։

Հիշատակած համերգի ծրագրում ընդգրկված էին Սերգեյ Ռախմանինովի «Էլեգիական» թիվ 2 տրիոն, Լեւոն Չաուշյանի եւ Գեորգի Սարաջեւի դաշնամուրային տրիոները։

Կատարումներն աչքի ընկան անսամբլային պատեհ զգացողությամբ, ստեղծագործությունների երաժշտական ձեւակառուցման ճշգրտությամբ, երաժշտականությամբ։ Հատկություններ, որոնք կատարողներիՙ անսամբլային դժվարին արվեստին ջանադրությամբ նվիրվելու եւ հմուտ մանկավարժ Ալլա Բերբերյանի ներդրման արդյունքն են։

Խոր հուզականությամբ հագեցած Ռախմանինովի տրիոն, որ տվյալ ժանրի համաշխարհային գանձարանում տեղ գտած լավագույն նմուշներից էՙ հնչեց համոզիչ մեկնաբանմամբ։ Արդիականության շնչով էր համակված Լեւոն Չաուշյանի դաշնամուրային տրիոյի եւ ազգային կոլորիտով Գեորգի Սարաջեւի ստեղծագործության կատարումները։

ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4