«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#132, 2002-07-17 | #133, 2002-07-18 | #134, 2002-07-19


ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ, ԲԱՅՑ ԴՊՐՈՑԻ ԿՆԻՔԸ ԴԵՌԵՎՍ ՉԿԱ

Հուլիսի 18-ին «Ազգը» մի հոդված էր հրապարակելՙ «Անպատժելիության համոզմունքն անպատիժ չպետք է մնա։ Այլապես... կորա՜նք...» վերտառությամբ։ Դա վերաբերում էր մայրաքաղաքի թիվ 6 դպրոցի, դպրոցի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Հովհաննիսյանի, նրա կողմից կնիք եւ փաստաթղթեր նորընտիր տնօրենին չհանձնելու հանգամանքներին։

Նախ, հոդվածում ներկայացվել էր, որ Անահիտ Հովհաննիսյանն իր ժամանակին հեռացվել է թիվ 62 դպրոցի տնօրենի պաշտոնից։ Ի լրումն հոդվածի ավելացնենք, որ նույն Անահիտ Հովհաննիսյանը վճռաբեկ ատյանի որոշմամբ վերականգնվել է, որից հետո քաղաքապետը հարկադիր նրան նշանակել է թիվ 6 դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Ինչ վերաբերում է կնիք եւ փաստաթղթեր վերադարձնելու կապակցությամբ վերը հիշատակված հուլիսի 18-ի հոդվածում նշված վերադասների անգործության հանգամանքին, ապա երեկ քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը տեղեկացրեց, որ դեռեւս հուլիսի 1-ին քաղաքապետարանը դիմել է Էրեբունի համայնքի դատախազություն։ Ըստ պրն Վաթյանի, կնիքը վերադարձնելու աշխատանքներ կատարվում են, սակայն մինչ այսօր այն չի գտնվել։

Քաղաքապետարանիՙ դատախազություն դիմելու եւ դատախազության կողմից աշխատանքներ կատարելու պայմաններում դեռ չվերադարձված կնիքի դեպքում կարելի է եզրակացնել, որ մոտ 20 օր դպրոցի կնիքը Անահիտ Հովհաննիսյանի ձեռքում գտնվելը իսկապես խոսում է վերջինիս անպատժելիության համոզմունքի մասին։ Թիվ 62 դպրոցի նախկին տնօրենը, պարզվում է, այնքան հզոր է, որ դատախազությունն անգամ առայժմ անարդյունք է գործում։

Այս դեպքում միայն 2 տարբերակ է հնարավոր. կամ Անահիտ Հովհաննիսյանն ինքնահաստատման ճանապարհին սայթաքած «մանկավարժ» է, կամ տիկինն այնպիսի հովանավորներ ունի, որոնք ոչ միայն հնարավոր են դարձրել վճռաբեկ ատյանում տիկնոջ արդարացվելը, այլեւ այսօր էլ որոշակի երաշխիքներ են տրամադրում Անահիտ Հովհաննիսյանին։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4