«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2002-07-19 | #135, 2002-07-20 | #136, 2002-07-23


ՏՈՒԺՈՂՆԵՐԻ ՄԵՋ ԱՌԱՋԻՆ «ՉՏՈՒԺԱԾԸ»

Նա «չի հիշում «27»-ի դեպքերը

«Հոկտեմբերի 27»-ի դատավարության երեկվա նիստը, եթե կարելի է այսպես արտահայտվել, հարուստ էր. դատարան էին ներկայացել 3 տուժողներ։ Ինչպես պարզվեց հետագա ցուցմունքներից, դատարան ներկայացածներից բոլորին չէ, որ հարկ էր դատակոչել որպես տուժողի։

Ինչեւէ, սկսենք ըստ ցուցմունք տալու հերթականության։ Առաջինն Արմեն Հակոբյանն էր։ Վերջինս նշեց, որ իրեն հաջողվել է դահլիճից դուրս գալ սպանություններից 10¬15 րոպե հետո։ Ինքնաթիռի օդաչուի եւ անձնակազմի ղեկավարի փորձ ունենալով եւ սովոր լինելով արտակարգ իրավիճակների, մինչ առաջին անգամ դահլիճից դուրս գալը պրն Հակոբյանը ելույթ է ունեցելՙ դիմելով ահաբեկիչներին այն խոսքերով, թե իրավիճակն իրենց կողմից չտնօրինվելու դեպքում ինչ են նրանք ուզում պատգամավորներից։

Այնուհետեւ ահաբեկիչները նրան հանձնարարել են գնալ-կանչել ՀՀ նախագահին։ Տուժողը դուրս է եկել դահլիճից, գնացել ԱԺ նախագահի աշխատասենյակ, փոխանցել ահաբեկիչների պահանջը եւ վերադարձել։ Այդուհետեւ մնացել է դահլիճում, զրուցել ամբաստանյալ Դերենիկ Բեջանյանի հետ։ Վերջինս «ի՞նչ արեցիք» հարցին պատասխանել է, թե ինքը զինվոր է, իր գործն արել է, մնացածի մասին էլ ոչինչ ասել չի կարող։

Թեեւ տեսաժապավենում երեւում է, որ Արմեն Հակոբյանն անցնում է Արմենակյանի դիակի մոտով, սակայն տուժողը պնդեց, որ դահլիճից դուրս գալիս ինքը ոչինչ չի նկատել։

Հաջորդ «տուժողը» Վրեժ Շահգելդյանն էր։ Նա նշեց, որ 1999 թ. հոկտեմբերի 27-ից առաջ շաքարախտ է ունեցել, հետո էլՙ սրտի վիրահատություն տարել։

Հիվանդությունների ներածականից հետո Վրեժ Շահգելդյանը հայտարարեց, որ ընդհանրապես չի հիշում, թե ի՞նչ է կատարվել 2 տարի առաջ։ Ապա կասկածի տակ դնելով իր տուժող-չտուժող լինելու հանգամանքըՙ պրն Շահգելդյանը նշեց, որ ահաբեկիչների ներխուժմանը հետեւած կրակոցներն է հիշում եւ ուրիշ ոչինչ։

Դատավորի այն հարցին, թե քանի զոհ է եղել դահլիճում, «տուժողը» կրկնեց, որ չի հիշում։ Հետո հարցերի միջոցով Վրեժ Շահգելդյանը հիշեց, թե որտեղ է նստած եղել, ահաբեկիչների ներխուժումից հետո ինչպես է վատ զգացել եւ ընկել կոմայի մեջ։ Այդուհետեւ ոչ մի բան չի տեսել ու չի հիշում։ Երեկոյան ժ. 10¬11-ի սահմաններում «տուժողը» թույլտվություն է խնդրել, գնացել, հաց է բերել եւ կերել, բայց ումից է թույլտվություն ստացել, ում հետ է գնացելՙ ինքը չի հիշում։

Ավելի ուշ Վրեժ Շահգելդյանը քնել է ու... արթնացել, երբ օպերատիվ խմբի կողմից ահաբեկիչները ձերբակալվել են։ Հաջորդ հարցին «տուժողը» պատասխանեց. «Չգիտեմՙ տուժո՞ղ եմ։ Ի՞նչ է դա ինձ տալիս։ Թող իրավապահները որոշեն։ Ես ինձ տուժող չեմ համարում»։ Վրեժ Շահգելդյանը տուժող չհամարեց իրեն ոչ միայն որպես պատգամավոր, այլեւ որպես ՀՀ քաղաքացի, որին, իր իսկ խոսքերով, վնաս չի հասցվել։

Ինչ վերաբերում է պետությանը հասցված վնասին, նույն Վրեժ Շահգելդյանին ԱԺ նիստերի դահլիճում պառկեցնելուն, վերջինիսՙ կոմայի մեջ հայտնվելուն, բոլորին, նաեւ Վրեժ Շահգելյանին ուղղված հայհոյանքներին, ապա, ըստ «տուժողի», հիշողության կորուստն ու ոչինչ չլսելը նշանակում է չհամարվել տուժող։

Դատավոր Ուզունյանը նման վերաբերմունքը համարեց անհարգալիցՙ ավելորդ համարելով քաղհայց ունենալ-չունենալու մասին հարցնելը։

Վերջինը ներկայացել էր Մելիք Գասպարյանը։ Նա իրեն երջանիկ համարեց, որ մինչեւ ահաբեկչությունն ամբաստանյալներին չի ճանաչել։ Ըստ տուժողի, եթե հրապարակային կախեին ահաբեկիչներին, ավելի ճիշտ կլիներ։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4