«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2002-07-25 | #139, 2002-07-26 | #140, 2002-07-27


ՆԱԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԽՆԴԻՐՆԵՐ

Շրջակա միջավայրի պահպանության լուրջ հիմնախնդիրները մեզանում հաճախ կարճամտորեն մոռացվում են։ Մինչդեռ դրանց կարեւորությունը դժվար թե կարող է որեւէ մեկը վիճարկել։ Գյումրիում ու Շիրակի մարզում առկա նման խնդիրների մասին վերջերս առիթ ունեցանք զրուցելու շրջակա միջավայրի մոնիտորինգի Գյումրու լաբորատորիայի վարիչ Ռոլան Գասպարյանի, «Գեոֆոն» գիտական-հասարակական կազմակերպության նախագահ, Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ամբիոնի վարիչ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Լեւոն Մարտիրոսյանի եւ Շիրակի մարզպետարանի բնապահպանության բաժնի ղեկավար, երկրաբանական գիտությունների թեկնածու Համլետ Գասպարյանի հետ։ Ինչպես նշվեց զրույցի ընթացքում, Գյումրի քաղաքի էկոլոգիական իրավիճակը սրվել էր 88-ի երկրաշարժից հետո, որի հետեւանքները դեռ շարունակվում են։ Քաղաքը թե բնական, թե տեխնածին բացասական ազդեցություններ այժմ էլ է կրում։ Անհանգստացնող չափերի են հասնում մթնոլորտային օդի աղտոտվածությունը, լանդշաֆտների, գրունտային ջրերի մակարդակի փոփոխությունները, ստորգետնյա տարածքների վիճակից բխող նստեցումային ու փլուզումային երեւույթները, ընդերքի ջրակալման, ինժեներային ցանցերի հետ կապված խնդիրները եւ այլն։

Քաղաքի ծանրագույն խնդիրներից մեկն է մնում օդի աղտոտվածությունը, որն այստեղ 10¬12 անգամ գերազանցում է բոլոր թույլատրելի նորմաները։ Ցավոք, սա թերեւս միակ բանն է, որով Գյումրին այսօր հանրապետությունում առաջին տեղն է գրավում։ Եթե ամռանը դա հիմնականում փոշու շատ մեծ քանակությունն է, ապա ձմռանըՙ բնակարանների տաքացման համար ամենատարբեր, այդ թվում սինթետիկ թունավոր նյութերի այրման հետեւանքները։ Վերջիններիս, ինչպես նաեւ օգտագործվող բնական գազի ոչ լիարժեք այրման, ռադոնային աղտոտվածության ազդեցությունը մի քանի տասնյակ անգամ ավելի մեծ է բնակարանների ներսում։ Այս ամենով են մասնագետները բացատրում հետերկրաշարժյան շրջանում այստեղ ինչպես շնչառական, այնպես էլ ուռուցքային հիվանդություններով հիվանդացածների թվի առանձնապես մեծ աճը։

1996 թվականից չի գործում Գյումրու մաքրման կայանը, որի պատճառով շրջակա, հատկապես ջրային միջավայրի աղտոտումը վտանգավոր հետեւանքներով է հղի։ Նման խնդիրներ կան նաեւ կապված քաղաքային աղբանոցի հետ։

Ինչպես Գյումրիում, այնպես էլ ողջ Շիրակի մարզում մեծ խնդիր է մնում կանաչ տարածքների պակասը։ Մարզի 6 հազար հեկտար անտառապատկան տարածքից այսօր անտառապատ է 3,5 հազար հեկտարը։ Համեմատության համար ասենք, որ դա մարզի տարածքի 1,5 տոկոսից պակաս էՙ հանրապետության 11 տոկոսի դիմաց։ Բավական շատ են գյուղատնտեսական հողատեսքերը ողողումներից պաշտպանելու, լեռնազանգվածային հողատարումների եւ սողանքների, շահագործումից հանված հանքերի տարածքների վերամշակման, ջրամբարների հսկայական կորուստների հետ կապված եւ այլ հարցերը։ Չափազանց մեծ վտանգ է ներկայացնում Ջաջուռի լեռնանցքում, հանրապետության հյուսիսային դարպասը հանդիսացող երկաթուղային մայրուղու թունելի մուտքի մոտ գտնվող սողանքը։ Վերջինս առայժմ հանգիստ վիճակում է, սակայն ակտիվանալու դեպքում, որը երեւի ամեն պահի կարող է տեղի ունենալ, դրա հետեւանքները նույնիսկ դժվար է կանխատեսել։

Այս եւ մի շարք այլ խնդիրները ներկայացրած մասնագետները նշեցին, որ եթե տարբեր երկրներում սովորաբար բյուջեի 2 տոկոսն է հատկացվում դրանց լուծման քայլերին, ապա մեր հանրապետությունումՙ ընդամենը 0,01 տոկոսը։ Այն էլ, երեւի, միայն ապարատի պահպանման համար։ Ցավոք, ինչպես հայտնի է, այսպիսի «խնայողությունները»չափազանց թանկ են նստում։

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4