«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2002-08-21 | #148, 2002-08-22 | #149, 2002-08-23


15-ԱՄՅԱ ՊԱՏԱՆԻՆ ԳՈԼԻ ՀԵՂԻՆԱԿ

«Փյունիկի» կազմում ընթացիկ մրցաշրջանում հաճախակի են խաղադաշտ դուրս գալիս տակավին պատանի ֆուտբոլիստներ 15-ամյա Ժորիկ Հովհաննիսյանն ու Էդգար Մանուչարյանը։ Վերջինս «Արցախի» հետ խաղում բացեց իր գոլերի հաշիվը բարձրագույն խմբում։ Սա յուրօրինակ ռեկորդ է։ Մինչ այդ 15 տարեկանում ֆուտբոլիստներից եւ ոչ մեկին չէր հաջողվել ոչ միայն գոլ խփել, այլեւ հանդես գալ բարձրագույն խմբում։ Էդգար Մանուչարյանը հայտավորված է «Փյունիկ-3»-ում եւ մասնակցում է նաեւ առաջին խմբի մրցաշարին, որտեղ աչքի է ընկնում արդյունավետ խաղով։ Ընդհանրապես Էդգարն օժտված է ռմբարկուի հիանալի հատկանիշներովՙ դեռեւս պատանեկան թիմերում խաղալիս ցուցաբերելով բարձր արդյունավետություն։ Կարծում ենք, որ ռմբարկուի իր հատկանիշները Էդգարը կդրսեւորի նաեւ բարձրագույն խմբում հանդես գալիս։ Համենայն դեպս, պատանի ֆուտբոլիստն իրեն վստահ է զգում տարիքով մեծ մրցակիցների հետ մրցապայքարում։

Ինչպես վերը նշեցինք, Էդգարն առաջին ֆուտբոլիստն է, որին հաջողվեց 15 տարեկանում գոլ խփել։ Իսկ ինչպիսի՞ն են ռեկորդային ցուցանիշները տարբեր տարիքների համար։ Ֆուտբոլասերները դրանց կարող են ծանոթանալ ստորեւ բերված աղյուսակից։ Նշենք, որ ռեկորդների մեծ մասը գրանցվել է 1992 թ.ՙ ՀՀ անդրանիկ առաջնությունում եւ մինչ օրս մնացել է անգերազանցելի։ Պատճառն այն է, որ 1992 թ. առաջնությանը մասնակցած 24 թիմերի խաղամակարդակների տարբերությունը զգալի էր, որի արդյունքում բարձր էր առաջնության արդյունավետությունը։ Բացի այդ էլ, անցկացրած խաղերի մեծ քանակը (34) եւս նպաստում էր ռմբարկուների բարձր ցուցանիշներին։ Ուսումնասիրելով տարիքային ռեկորդները, կարելի է վստահորեն նշել, որ դրանցից առնվազն մեկը կգերազանցվի։ Խոսքը 23 տարեկանում Արսեն Ավետիսյանի սահմանած ռեկորդի մասին է (22 գոլ)։ Այն կարող է գերազանցել առաջնության լավագույն ռմբարկու Արման Քարամյանը, որն անցկացրած 8 խաղում խփել է 12 գնդակ։ Կարծում ենք, մնացած 13 հանդիպումներում նրա համար դժվար չի լինի խփել եւս 11 գնդակ։ Խորեն Հովհաննիսյանիՙ 38 տարեկանում սահմանած ռեկորդը գերազանցելու հիանալի հնարավորություն ուներ Սամվել Նիկոլյանը։ Նա «Լեռնագործում» առաջին 6 հանդիպումներում խփեց 3 գնդակ եւ... հրաժեշտ տվեց թիմին։ Առայժմ հայտնի չէ, թե երկրորդ շրջանում նա հանդես կգա՞ որեւէ թիմում։ Առաջնության ամենատարեց ֆուտբոլիստն էլՙ «Արցախի» 41-ամյա հարձակվող Արկադի Հակոբյանը, կարող է ռեկորդ սահմանելՙ խփելով 2 գնդակ։ Առայժմ նա չի բացել իր գոլերի թիվն ընթացիկ առաջնությունում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4