«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#149, 2002-08-23 | #150, 2002-08-24 | #151, 2002-08-27


«ՓՅՈՒՆԻԿԸ» ՄՐՑԱՎԱՐՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՉԻ ԶԳՈՒՄ

Կիրակի օրը «Հանրապետական» մարզադաշտում կայացավ 4-րդ տուրից հետաձգված «Փյունիկ»¬«Զվարթնոց» հանդիպումը։ Խաղն անցավ բավական հետաքրքրական ու լարված մրցապայքարումՙ աչքի ընկնելով գոլերի առատությամբ։ Ափսոս միայն, որ խաղի վրա ստվեր գցեց առաջին խաղակեսի ավարտին տեղի ունեցած միջադեպը։ 2¬2 հաշվի ժամանակ «Զվարթնոցի» ֆուտբոլիստները սուր գրոհ ձեռնարկեցին։ Սեւադա Արզումանյանը խորքից ճշգրիտ փոխանցումով Մհեր Ավանեսյանին մեն-մենակ դուրս բերեց դարպասապահի դիմաց։ «Զվարթնոցի» հարձակվողը փորձեց շրջանցել դարպասապահին, սակայն վերջինս նրան գետին տապալեց։ Թվում էր, թե գլխավոր մրցավար Արարատ Ճաղարյանը Ղարագյոզյանին կհեռացնի խաղադաշտից, սակայն բոլորի համար անսպասելի բավարարվեց դեղին քարտով։ Փոխարենը նա կարմիր քարտի արժանացրեց արդարացի դժգոհություն արտահայտած «Զվարթնոցի» գլխավոր մարզիչ Սամվել Ղասաբօղլյանին։ Անշուշտ, մրցավարի այս կոպիտ սխալն ազդեց մրցակցության ելքի վրա։ Ընթացիկ մրցաշրջանում «Փյունիկը» կարելի է ասել մեկ գլխով բարձր է իր մրցակիցներից եւ բնավ էլ մրցավարների օգնության կարիք չունի, այնպես որ պետք չէ արջի ծառայություն մատուցել թիմին, արժեզրկել իրոք քրտինքով վաստակած հաղթանակի գինը։

Խաղասկզբում փյունիկցիները խաղային եւ տարածքային առավելություն ունեին եւ կարողացան իրացնել այն։ 19-րդ րոպեին Արման Քարամյանը մեն-մենակ հայտնվելով դարպասապահի դիմաց, բացեց հաշիվը, իսկ 9 րոպե անց, Արտավազդ Քարամյանը ձախ թեւից սուր անկյան տակ կրկնապատկեց հաշիվը։ Այն կարող էր ավելի պատկառելի լինել, եթե Ֆեռնանդո Զաքարյանն օգտագործեր գոլային մի քանի նպաստավոր պահերը։ Թվում էր, թե «Զվարթնոցը» խոշոր հաշվով կպարտվի։ Թիմի պաշտպանությունը հստակ չէր գործում, հատկապես խոցելի էր պաշտպանության աջ թեւը, որտեղից էլ փյունիկցիները հիմնականում զարգացնում էին գրոհները։ Բայց ի պատիվ հյուրերի, նրանք առաջին խաղակեսի երկրորդ կեսում կարողացան տիրել նախաձեռնությանը եւ վերականգնեցին հավասարակշռությունը։ Աչքի ընկան Մհեր Ավանեսյանն ու Տիգրան Դավթյանը։ «Զվարթնոցը» նույնիսկ կարող էր հաշվի մեջ առաջ անցնել Արզումանյանի եւ Միրզոյանի չափազանց վտանգավոր հարվածներից հետո։ Ընդմիջումից հետո «Փյունիկը», փաստորեն, 10 րոպեում վճռեց մրցակցության ելքը։ Եվ դարձյալ գոլերը խփվեցին հարձակման ձախ թեւում ձեռնարկված գրոհների շնորհիվ։ 54-րդ րոպեին ողջ խաղի ընթացքում ակտիվ գործած Արտավազդ Քարամյանը ներխուժեց տուգանային հրապարակ եւ գրավեց դարպասը, ապա Աղվան Մկրտչյանը հետեւեց խաղընկերոջ օրինակինՙ հաշիվը դարձնելով 4¬2։ Ճիշտ է, «Զվարթնոցը» բնավ էլ չէր հաշտվել պարտության մտքի հետ եւ մինչեւ վերջ պայքարեց խաղը փրկելու համար։ Խաղավերջում Մհեր Ավանեսյանը կրճատեց հաշվի տարբերությունը։

«Փյունիկին» հերթական հաղթանակը հեշտ չտրվեց։ Ֆուտբոլիստների գործողություններում հոգնածության նշաններ էին զգացվում։ Եվ դա զարմանալի չէ։ Վերջին երկու ամիսները փյունիկցիների համար բավական հագեցած էին ծանր մրցախաղերով։ Ինչեւէ, «Փյունիկն» առաջնությունում իր 10-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցՙ սահմանելով յուրօրինակ ռեկորդ։ Առայժմ չեմպիոնն ընթանում է առանց միավորի կորստի։ Հետաքրքրական է, թե մրցակիցներից ո՞ւմ առաջինը կհաջողվի կանգնեցնել «Փյունիկի» հաղթարշավը։ Մեծ հետաքրքրությամբ է սպասվում սեպտեմբերի 1-ին Աբովյանում կայանալիք երկրորդ շրջանի «Բանանց»¬«Փյունիկ» մեկնարկային հանդիպումը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4