«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2002-08-27 | #152, 2002-08-28 | #153, 2002-08-29


...ԵՎ ԱՐՏԱՇԵՍ ԱՐՔԱՅԻՆ ՉՄՈՌԱՆԱՆՔ

Փողոցների, հրապարակների վերանվանումների ու մեր արժեքային համակարգի մասին

Վերջին տարիներին մեզանում արժեքների վերագնահատման հետեւանքներից ու դրսեւորումներից մեկը ինչպես աշխարհագրական տեղանունների, այնպես էլ բնակավայրերի, փողոցների, հրապարակների եւ այլնի վերանվանումներն են։ Այդպիսի փոփոխությունների ամենաակտիվ շրջանում դրանք բավական հախուռն կատարվեցին, երբեմնՙ առանց համակարգված մոտեցումների ու հստակ կողմնորոշիչների, եւ բնականաբար եղան նաեւ մեծ ու փոքր սխալներ։ Արդեն բազմիցս նշված կոպտագույն սխալ էր, օրինակ, հանրապետության երբեմնի երկրորդ քաղաքի վերակոչումը թրքաշունչ Գյումրի անվամբ, որը առանձին ծավալուն խոսակցության նյութ է։ Եթե այդ պարագայում մի բան գաղափարական առումով գոնե հստակ էր, որ նախորդ անունը բոլոր դեպքերում պիտի փոխվի, ապա եղան դեպքեր էլ (դրանք համարենք փոքր սխալներ), երբ նոր անունների հաստատումը կատարվեց ի հաշիվ նախորդ այնպիսի անունների, որոնցից հրաժարումը որեւէ տեսակետից կարող է վիճելի համարվել։ Անշուշտ ողջունելի էր նույն Գյումրու համայնքային ավագանու անցյալ թե նախանցյալ տարի կայացրած այն որոշումը, որով քաղաքի փողոցներից մեկը վերակոչվեց Վազգեն Սարգսյանի, մեկ ուրիշըՙ Կարեն Դեմիրճյանի անվամբ։ Սակայն որքանո՞վ էր խելամիտ ու հեռատեսՙ վերանվանման համար Լենինգրադյան եւ Քութաիսյան փողոցների ընտրությունը, այսինքն հենց այդ անունները քաղաքի քարտեզից ջնջելը։ Համոզված ենքՙ հենց Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանն իրենք նման հապճեպ, «ոտաց վրա» կայացված որոշմանը չէին համաձայնի... Առավել եւս, որ այսօրվա Գյումրիում անվանակոչման կամ վերանվանման սպասող փողոցների պակաս չկա։

Մեկ այլ կարգի սխալ (մեր կարծիքով) կուզեինք նշել մայրաքաղաքից։ Երեւանում կա Տիգրան Մեծի պողոտա, որտեղ գտնվող մետրոյի միակ կայարանը չի կրում նրա անունը, այլ կրում է «Զորավար Անդրանիկ» անունը։ Եվ կա Զորավար Անդրանիկի փողոց քաղաքի մի բոլորովին այլ կողմում, որն իր տեղադրությամբ մետրոյի այս կայարանի հետ որեւէ կապ չունի եւ որտեղ մետրո չկա։ Իսկ չէ՞ որ այս երեքն էլ վերջին շրջանի անվանում կամ վերանվանումներ են, եւ հետեւաբար կարելի էր խուսափել նման շիլաշփոթից։ Պարզապես հարկավոր էր այդ ամենը նախապես մտածել եւ ոչ թե ամեն անգամ կայացնել մտքին եկած որոշումը։ Ո՞վ չգիտի, որ մետրոպոլիտեն ունեցող բոլոր մեծ քաղաքներում էլ դրա կայարանների անունները նաեւ տեղանշման դեր ու գործառույթ ունեն։ Եվ, ասենք, անծանոթ քաղաքում մեր ուզած տեղը գնալու համար մենք հաճախ կողմնորոշվում ենք հենց մետրոյի կայարաններով, դրանց անուններով։ Այդպես է Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Թբիլիսիում, այլուր, ընդհանուր առմամբ այդպես է եւ Երեւանում. Հանրապետության հրապարակ, Մարշալ Բաղրամյան, Բարեկամություն, Նժդեհի հրապարակ, Չարբախ եւ այլն։ Ժամանակին, երբ Հոկտեմբերյան պողոտան վերանվանվում էր, այնտեղ «Զորավար Անդրանիկ» կայարանն արդեն կար, եւ պողոտան էլ պետք էր կոչել նրա անվամբ։ Ճիշտ է, Զորավարի անունով փողոց, եթե չեմ սխալվումՙ քաղաքի նորակառույց բնակելի զանգվածներից մեկում, արդեն կար, բայց հանուն նշված համապատասխանության այդ մի ուղղումն անելն ավելի հեշտ էր, քան հարցն ավելի խճճելուց հետո։ Շփոթը (ներառյալ «չլուսավորված» ուղեւորների հնարավոր սխալները) կատարյալ կլինի, եթե Զորավար Անդրանիկի ներկայիսՙ այն մյուս փողոցում էլ մի գեղեցիկ օր մետրոյի կայարան շարք մտնի (տա Աստված), եւ այդ կայարանն էլ կոչվի մեկ ուրիշ անունով... Իսկ ինչ մնում է հայոց մեծ արքայից արքայի անվան հավերժացմանը, դրան ստորեւ դեռ կանդրադառնանք։

Յուրաքանչյուր ժողովրդի, ազգի արժեքային համակարգը նրա հավաքական հոգեկան կերտվածքի, անցած պատմական ուղու, նրա մտավոր ու բարոյական նկարագրի անխաբ հայելի կարող է համարվել։ Այդ համակարգը, արտահայտված մասնավորապես նշված տիպի եւ այլ անվանումներում, չի կարող պարփակված լինել միայն ազգային շրջանակներում։ Մյուս կողմից, նախկին ԽՍՀՄ-ի տիպի վերազգային պետությունից ազգային պետության անցումը առիթ էՙ առավել չափով վերադառնալու ազգային ավիշ-ակունքներին, ազգային ինքնության հիմնարար եւ ուղենշային արժեքներին (տվյալ դեպքումՙ կարեւոր դեմքեր, իրադարձություններ, ամսաթվեր եւ այլն)։ Այս իմաստով ամենահաջող ընտրության օրինակ էր մայրաքաղաքի կենտրոնի կարեւորագույն զարկերակ հանդիսացող նախկին Լենինի պողոտայի վերակոչումը Մեսրոպ Մաշտոցի անունով։ Այսպիսի անվանակոչություններն ինքնանպատակ չեն ու սոսկ երախտագիտության տուրք չեն մեր ազգային մեծություններին։ Հավերժացնելով նրանց անունները, մենք դրանով հավերժացնում ենք նրանց գործը, նշում մեզ համար այդ գործի կարեւորությունը։ Նման ուղենիշ-անունների առկայությունը սերունդների երթում նաեւ սնում է մեր ազգային ինքնաճանաչումն ու ազգային արժանապատվությունը։ Անցած դարակեսին ծնվածների իմ սերնդի համար տասնամյակների երազանք է եղել, դիցուք, մայրաքաղաք Երեւանում երբեւէ ունենալ եւ քայլել Տիգրան Մեծի պողոտայով, որը պիտի լիներ լուսավոր ու լայնահուն, այդ մեծագույն արքայի անվանն ու գործին արժանի։ Մեր պատկերացմամբ, դա կարող էր լինել, ասենք, Գլխավոր պողոտանՙ այն ավարտուն տեսքով, որպիսին ժամանակին ներկայացվում էր։

Դարերի խորքից մեզ ճանապարհ ցույց տվող անցյալի անմար լուսատուների թվում նաեւ հայոց թագավորների անուններ կան, որոնց ուղղել եւ ուղղելու ենք մեր հայացքները։ Առավել եւս հիմաՙ հայոց նոր պետականության կառուցման այս պատմականորեն պատասխանատու ժամանակաշրջանում։ Տիգրան Բ Մեծից բացի այսօր փողոց ու պողոտա ունենք Արշակունյաց, Բագրատունյաց, Վռամշապուհ արքայի անուններով, իսկ վերջերս Էրեբունիում իր մարտակառքով հավերժացավ քաղաքի հիմնադիր Արգիշտի արքան։ Բայց թվում էՙ այս շարքում, եւ մեր արժեքային համակարգում ընդհանրապես, իր պատշաճ ու միայն իրեն պատկանող տեղը տակավին չի գտել մեր պատմության ճակատը պսակելու արժանի մի պայծառ անուն։ Արժանավորների մեջ արժանավոր եւ երեւելիների մեջ երեւելի այդ մեծ անհատը Արտաշես I-ն է։ Իր իսկ բնորոշմամբՙ «Արտաշես արքա, Երվանդական, որդի Զարեհի, Բարի, Թագակիր»։ Հելլենիստական իսկական ուժեղ, ինքնուրույն եւ ընդարձակ Մեծ Հայքի ստեղծողն ու հզոր տիրակալը... Որ ասպարեզ իջնելով հայ ժողովրդի համար վճռական մի պատմական պահի, ոչ միայն քառակողմ նվաճումներով վերամիավորեց երկիրըՙ հասցնելով մեր ժողովրդի վաղնջական բնակության սահմաններին, այլեւ իր լայնածավալ բարենորոգումներով սրընթաց ներքին զարգացում ապահովեց մեր երկրիՙ թե քաղաքի եւ թե գյուղի համար։ Որի օրոք «Մեր Հայոց աշխարհում անմշակ հող չմնաց, ո՛չ լեռնային եւ ո՛չ դաշտային», այնքան բազմամարդացել ու շենացել էր երկիրը... «Այսպիսով,- ինչպես դիպուկ բնութագրում է մեր օրերի երիտասարդ պատմաբան Գայանե Քոչարյանը,¬ Արտաշես Ա-ի «բոլոր առաքինական գործերից եւ բարեկարգություններից» (Մ. Խորենացի) հառնում է «համահայկական միասնության քաղաքականություն» վարող ողջամիտ քաղաքագետի, խոհեմ բարենորոգչի, հմուտ տնտեսագետի, ճարտար քաղաքաշինարարի, լայնախոհ պետական գործչի լուսավոր կերպարը։ Երկհարյուրամյա արքայատոհմ հիմնած, Հայաստանի քաղաքական անկախությունն ու տարածքային ամբողջականությունը վերականգնած Արտաշես Առաջինի գործունեությամբ կերտվեց հզոր պետական կառույց, զարգացան համազգային մշակույթն ու գիտությունը, տնտեսությունն ու հաղորդակցության (ցամաքային ու ջրային) ուղիները, ստեղծվեցին անհրաժեշտ նախապայմաններ Տիգրան Բ Մեծի միջազգային ասպարեզում ունենալիք նշանակալի դերի եւ, որ ամենակարեւորն է, հայ պետականության գոյատեւման համար»...

Դառնալով տեղանվանումների մասնավոր խնդրին, շատ կցանկանայինք Երեւանի սրտում տեսնել մի հրապարակ կամ կառուցվող Հյուսիսային պողոտայի նման մի հատված այս մեծագործ արքայի անունով, այնտեղՙ Արտաշես արքայի ներկայանալի արձանըՙ հեծած «ի Սեաւն գեղեցիկ», իր արծվենի եւ իմաստուն հայացքըՙ Հայոց չորս կողմերին։ Մեկ էլՙ որ Հայաստանի այսօրվա ընտրվող իշխանապետները պաշտոնակալելիս Սբ. Գրքից բացի երդվեին նաեւ մեր օրինակելի թագավորների հիշատակի առջեւ։

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4