«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#152, 2002-08-28 | #153, 2002-08-29 | #154, 2002-08-30


ՆՈՐ ԵԿԵՂԵՑԻՙ «ԱՆԻ» ԹԱՂԱՄԱՍՈՒՄ

Գյումրու «Անի» թաղամասի բնակչությունն ունեցավ իր հավատի տունը։ «Անին» 88-ի աղետից հետո քաղաքի շրջագծից դուրս կառուցված ամենամեծ թաղամասն է, որտեղ այժմ բնակվում է շուրջ 6,5 հազար ընտանիք։ Ամերիկահայ բարերար Սարգիս Հակոբյանի եւ նրա ընտանիքի մեկենասությամբ կառուցված Սբ. Հակոբ Մծբինեցի եկեղեցու բացման եւ օծման բազմամարդ արարողությունը տեղի ունեցավ երեկ, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի։ Հանդիսությանը ներկա էին բարձրաստիճան հոգեւորականներ եւ պետական ու պաշտոնական այրեր, հովանավորներն իրենց Անի թոռնուհու հետ, ԱՄՆ-ի դեսպանը, թաղամասի եւ քաղաքի հազարավոր բնակիչներ։ Եկեղեցու սբ. խորանի օծման արարողությունից հետո կաթողիկոսն իր հայրապետական պատգամը հղեց հավատացյալ ժողովրդին։ Գոհություն հայտնելով մի նոր հոգեւոր տան շարք մտնելու առիթով եւ գնահատանքի խոսք ուղղելով ձեռնարկումը հղացողներին ու իրականացնողներին, Նորին սրբությունը տեր եւ տիկին Հակոբյաններին պարգեւատրեց քրիստոնեության 1700-ամյակի Պատվո շքանշանով։ Ապա նորակառույց եկեղեցու կամարների ներքո առաջին պատարագը մատուցվեց։

28 մետր բարձրություն, մեկ կենտրոնական գմբեթ եւ 4 զանգակատուն ունեցող նոր եկեղեցին կառուցվել է ճարտարապետ, այժմ հանգուցյալ Բաղդասար Արզումանյանի նախագծով, երկու տարվա ընթացքում։ Ճաշակով բարեկարգված է նաեւ շրջակայքը։ Շինարարությունը բարձր որակով իրականացրել է Սպիտակի «Մկրտիչ Լամբարյան» ՍՊԸ-ն։

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4