«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#152, 2002-08-28 | #153, 2002-08-29 | #154, 2002-08-30


ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՎԱՆԴՆԵՐԸ

«Շվեյցարական բանկերում դեռ մնում են 1915 թվականի Եղեռնի զոհ դարձած առանձին մարդկանց խնայողությունները, իսկ հիմա մեզանում եկող-գնացող նախագահներն ու վարչապետները փորձում են երկաթե վարագույր դնել ընդամենը 15 տարվա ապօրինի իրողությանն ու փակված համարել ավանդների հարցը»։ Այսպիսի տողեր կան գյումրեցի մի խումբ կենսաթոշակառու ավանդատուների կողմից հանրապետության նախագահին ուղղված բաց նամակում, որը տպագրվել է քաղաքային «Կումայրի» թերթի վերջին համարում։ Հասկանալի էՙ խոսքը վերաբերում է ԽՍՀՄ փլուզումից հետո խնայբանկերում սառեցված, «ժողովրդի տառապանքով խնայած կոպեկներից ու ռուբլիներից գոյացած» դրամական ավանդներին, որոնց վերաբերյալ անցած տարիներին ժամանակ առ ժամանակ շրջանառվող խոսակցությունները կարծես թե մոռացվել են։

Նամակագիրների բառերով, գյումրեցի սոցիալապես անպաշտպան կենսաթոշակառուները, որոնց շարքերը գնալով նոսրանում են, պահանջում են վերադարձնել երկրաշարժից քանդված իրենց տների, կորցրած ողջ ունեցվածքի դիմաց հատկացված եւ բանկերում մնացած ավանդները։ Գումարներ, որոնք այստեղ ապրողների մարդկային ու նյութական կորուստների հետ համեմատած «ընդամենը չնչին հատուցում էին»։ Նշվում է, թե Գյումրիում վիճակն առավել ծանրանում է նրանով, որ անցած 14 տարիներին այստեղ չի բացվել եւ չի գործում գրեթե ոչ մի ձեռնարկություն, չեն ավելացել համապատասխան աշխատատեղեր, ինչը Հայաստանի ղեկավարության մեծ թերությունն է։ Բարձրակարգ բանվորական ուժը ցիրուցան է եղել, նվազել, եւ անխնա լուծարվել են եղած արտադրական միավորումները, ֆաբրիկաները, չքացել են արտադրության մասնագետները, եւ այսօր «ոչ մի ընտանիք» չունի մշտական կերակրող։

Ավանդների վերադարձի հետ կապելով նաեւ եկող տարվա նախագահական ընտրություններում իրենց հնարավոր դիրքորոշումը, նամակի հեղինակները նկատել են տալիս, թե «Ժողովրդի պարտքը վերադարձնելու խոստումը ազնիվ միտք է, որի կատարումը կհամարվի ազնվագույն եւ մեծահոգի արարք»։

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4