«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2002-08-30 | #155, 2002-08-31 | #156, 2002-09-03


ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆՙ ՆՈՐ ՇԵՆՔԵՐՈՒՄ

Գյումրի քաղաքի եւ Շիրակի մարզի 6 դպրոցներ այս ուսումնական տարին սկսում են նորամուտով։ Երկու դպրոցական շենք էլ մարզում շարք կմտնի մինչեւ սեպտեմբերի 20-ը։ Իսկ մինչեւ այս տարվա վերջ շահագործման կհանձնվի նոր կառուցված կամ ամրացված եւս 3 դպրոցական շենք Գյումրիում, 8-ըՙ գյուղական վայրերում։ Այսպիսի տվյալներ հրապարակվեցին Շիրակի մարզի մանկավարժների շաբաթ օրը տեղի ունեցած օգոստոսյան խորհրդակցությունում, որին մասնակցեցին մարզպետ Ֆելիքս Փիրումյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, փոխնախարար Աիդա Թոփուզյանը։ Ճիշտ է, խորհրդակցություն ասվածն այստեղ փոքր-ինչ պայմանական կարելի էր համարել, որովհետեւ այն, մարզպետի հակիրճ ողջույնից ու նոր ուստարվա առթիվ շնորհավորանքից բացի ներառում էր միայն կրթության վարչության պետի եւ նախարարի ելույթներն ու տեղից տրված մի քանի հարց, որոնց իր խոսքում պատասխանեց պրն. Մկրտչյանը։

Դպրոցաշինությունը Գյումրի քաղաքի եւ մարզի հետերկրաշարժյան վերականգնման առայժմ միակ ոլորտն է, որտեղ առաջադրված խնդրի իրականացումը տեսանելիորեն մոտ է ավարտին։ Այդ խնդիրը տնակային դպրոցներից լրիվ ձերբազատումն է, որը հնարավոր կդառնա եկող տարի եւս 4 նորակառույցի հանձնումով։ Ճիշտ է, ամբողջ խնդրի լուծումը կիրականացվի նաեւ դպոցների մի մասի «խտացման» միջոցով. թվով 7 դպրոցներ իրենց շենքում տեղ կտան համեմատաբար փոքր այլ դպրոցների։ Սա թերեւս պայմանավորված է նաեւ վերջին տարիներին աշակերտների թվի զգալի նվազումով, ինչը շատ տեղերում պատճառ է նաեւ ուսուցիչների աշխատանքային թերբեռնվածության։ Մյուս կողմից, ինչպես իր հաշվետու զեկուցման մեջ տեղեկացրեց մարզի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը, մարզում 135 մասնագետ ուսուցիչների պակաս կա։ Դա ամենից շատ վերաբերում է հեռավոր, լեռնային ու սահմանամերձ այն գյուղերին, որոնցում նրանց համար չկան անհրաժեշտ պայմաններ։

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4