«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#157, 2002-09-04 | #158, 2002-09-05 | #159, 2002-09-06


ՏՈՐՈՆՏՈՅԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ ԲԱՑՎԵՑ ԱՏՈՄ ԵՂՈՅԱՆԻ «ԱՐԱՐԱՏՈՎ»

Երեկ Կանադայի Տորոնտո քաղաքում բացվեց 27-րդ միջազգային կինոփառատոնը։ Վենետիկում փառատոնը դեռ չի ավարտվել, բայց արդեն իսկ որպես պատվավոր հրավիրյալներ Տորոնտո են ժամանել այնպիսի կինոաստղեր, ինչպիսիք են Ժուլիետ Բինոշը, Կատրին Դնյովը, Դաստին Հոֆմանը, Սոֆի Լորենը, Անտոնիո Բանդերասը, Լինն Ռեդգրեյվը, Դենզել Վաշինգտոնը եւ ուրիշներ։

Տորոնտոյի կինոփառատոնն աշխարհում առավել հեղինակավորներից մեկն է եւ կարեւորությամբ զիջում է միայն Կաննի, Բեռլինի եւ Վենետիկի փառատոներին։ «Ֆիգարո» թերթի տվյալներով, Տորոնտոյում 10 օրվա ընթացքում ցուցադրվելու են աշխարհի 50 երկրների 344 ֆիլմեր, այդ թվումՙ 80 կարճամետրաժ ժապավեն։ Միայն համաշխարհային պրեմիերաների թիվը հասնում է 69-ի։

Ի թիվս ամերիկյան, եվրոպական եւ այլ ֆիլմերի, այս տարի Տորոնտո է բերվել 10 հարավկորեական ֆիլմ։ Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների առաջին տարելիցի օրը կանցնի առանց փայլփլուն ազդագրերի եւ կնշանավորվի այդ ողբերգական դեպքերին նվիրված 2 ֆիլմերի ցուցադրությամբ։ Անցյալ տարվա սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո Տորոնտոյի փառատոնն ընդհատել էր աշխատանքը։

Այս տարի փառատոնը բացվեց կանադահայ նշանավոր կինոբեմադրիչ Ատոմ Եղոյանի «Արարատ» ֆիլմի ցուցադրությամբ։ Ի դեպ, դեռ Կաննի փառատոնից առաջ ֆիլմը մեծ աղմուկ էր բարձրացրել աշխարհում, իսկ ներկայումս ցուցադրվում է Ֆրանսիայի 70 կինոթատրոններում։ Ըստ «Ֆիգարոյի», Տորոնտոյում փառատոնը եզրափակվելու է Բրայան դա Պալմայի «Ճակատագրական կինը» ֆիլմով, որտեղ նկարահանված են Անտոնիո Բանդերասը եւ Ռեբեկա Ռոմիյն Ստամոսը։

Կինոփառատոնը նաեւ մեծ շուկա է հարյուրավոր գնորդներով։ Ի տարբերություն Կաննի եւ Բեռլինի, Տորոնտոյում մինչեւ անցյալ տարի միայն 1 մրցանակ էր տրվում օտարերկրյա ֆիլմերինՙ «Հանրության ընտրություն» մրցանակը։ Կանադական ֆիլմերին շնորհվում է 3 մրցանակ։ Բայց այս տարի «Կանադական ֆիլմ» հեռուստաալիքն օտարերկրյա ֆիլմերի համար սահմանել է եւս մեկ մրցանակ, որի դրամական պարգեւը 12700 դոլար է։

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4