«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#162, 2002-09-11 | #163, 2002-09-12 | #164, 2002-09-13


ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ ԵՎ ԴՐԱ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

Ըստ Շիրակի հասարակական կազմակերպությունների միության վերլուծական-տեղեկատվական զեկույցի

Շիրակի մարզի հասարակական կազմակերպությունների միությունը (ՇՀԿՄ), ձգտելով առանձնահատուկ խնդիրներ ունեցող աղետի գոտուն եւ հատկապես մարզին վերաբերող մասով գործուն մասնակցություն ունենալ կառավարության «Աղքատության նվազեցման ռազմավարական ծրագրի» մշակմանը, դեռ անցյալ տարվանից նախաձեռնել է ստեղծել համապատասխան մինի-ծրագիր։ Այդ գործում նրան աջակցել է բրիտանական ՕՔՍՖԱՄ ոչ կառավարական կազմակերպությունը։ «Աղքատությունը Շիրակի մարզում եւ դրա հաղթահարման ուղիները» ծրագրի շրջանակներում, մարզի իրավիճակային բնութագրերի վերաբերյալ պետական մարմինների տրամադրած տվյալների եւ սեփական հետազոտությունների (հասարակական հանդիպումներ, քննարկումներ, հարցումներ, կարծիքների ուսումնասիրություններ եւ այլն) ընձեռած նյութի հիման վրա կազմվել է վերլուծական-տեղեկատվական զեկույց։ Գյումրու «Դպիր» հրատարակչությունում վերջերս առանձին գրքույկով լույս ընծայված զեկույցը տարբեր կողմերով վեր է հանում Շիրակի մարզում աղքատության առանձնապես բարձր մակարդակի պատճառները, հետեւանքները, առաջարկում դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումների որոշակի շրջանակ։

Հիշյալ պատճառներից գլխավորն այստեղ, ինչպես հայտնի է, երբեմնի հզոր արդյունաբերական ներուժի կորուստն է։ Ինչպես նշվում է ուսումնասիրության մեջ, խորհրդային տարիներին միայն Գյումրի քաղաքում գործում էին 38 արդյունաբերական ձեռնարկություններ, որոնցում աշխատում էր մոտ 37 000 մարդ։ Երկրաշարժի հետեւանքով ոչնչացվել է արտադրական կարողությունների 70 տոկոսից ավելին։ Այսօր ամբողջ մարզում այդ ոլորտում ընդգրկված աշխատողների թիվը հաշվարկով ընդամենը 8500 է (նախկին մոտ 50 հազարի դիմաց), որը եւս իրական պատկերը չէ։ Մարզի տարածքում գործող ձեռնարկությունների արտադրական կարողությունները հիմնականում օգտագործվում են 5-10 տոկոսով։ Իսկ ձեռնարկություններից 29-ը անցյալ տարի ընդհանրապես արտադրանք չեն թողարկել։ Շիրակի մարզի արդյունաբերության զարգացման համար օտարերկրյա կամ տեղական ներդրումային ծրագրերի բացակայության պատճառը, ինչպես նշվում է, ներդրումային բարենպաստ պայմանների բացակայությունը եւ տեղի ձեռնարկությունների կողմից արված առաջարկությունների ոչ հրապուրիչ լինելն է։ Այս իրավիճակում հույժ կարեւորվում է համապատասխան քաղաքականության միջոցով պետական աջակցության դերը, առանց որի անհնար է ապահովել հիմնախնդրի, դրանով եւ բնակչության զբաղվածության հարցի լուծումը։

ՀՀ սոցապ նախարարության զբաղվածության ծառայության անցյալ տարվա նոյեմբերի 1-ի տվյալներովՙ մարզի աշխատուժի ընդհանուր թվաքանակը կազմել է 128,6 հազար մարդ, որից որպես գործազուրկ գրանցված են եղել 29,3 հազարը։ Ենթադրվում է, որ ավելի բարձր է «թաքնված» գործազրկության ցուցանիշը։ Զբաղվածության մակարդակի տեսակետից վիճակն առավել ծանր է Գյումրի, Մարալիկ քաղաքներում, Աշոցքի, Ամասիայի գյուղական շրջաններում։

«Աղքատությունը Շիրակի մարզում եւ դրա հաղթահարման ուղիները» ծրագրի շրջանակներում իրականացված դիտարկումներն ու հետազոտությունները ցույց են տվել, որ վերջին տարիներին իրար հաջորդած արտակարգ իրավիճակները (երկրաշարժ, շրջափակում, պատերազմ) եւ սոցիալ-տնտեսական ծանր պայմանները պատճառ են դարձել ընտանիքներում մարդկանց հոգեկան ոլորտի ֆունկցիոնալ փոփոխությունների։ Դրանք արտահայտվում են տարբեր բացասական հոգեվիճակների, ճանաչողական գործընթացների փոփոխության, վեգետատիվ համակարգության բացասական դրսեւորումների ձեւով։ Անկախ սեռից, հատուկ հոգեկան լարվածություն է գրանցվել միջին եւ բարձր տարիքի անձանց շրջանում։ Սոցիալական աշխատող-հոգեբանի մեկնաբանությամբ, ստեղծված դժվարությունները չեն կարող իրենց հետեւանքները չթողնել հատկապես երիտասարդների արժեքային կողմնորոշման համակարգի, նրանց ուղղվածության, աշխատանքային գործընթացների ձեւավորման վրա։

Հանրապետության սոցիալ-տնտեսական դժվարությունների համապատկերում, հատկապես Գյումրի քաղաքում տնտեսության կաթվածահար վիճակը, զանգվածային գործազրկությունը մեծացնում են սոցիալական ապահովության միջոցառումների դերը։ Մյուս կողմից, այստեղ եւս շատ բան կախված է հենց տնտեսության զարգացման մակարդակից։ Ուստի, ըստ զեկույցի հեղինակների, առաջիկա տարիներին սոցիալական ապահովության ռազմավարությունն ըստ ոլորտների պետք է նպատակաուղղված լինի, նախ, բնակչության զբաղվածության օպտիմալ մակարդակի ապահովմանը, սոցիալական տարբեր ռիսկերից քաղաքացիների ապահովագրության համակարգերի ներդրմանը։ Մինչդեռ, նույն գնահատմամբ, բնակչության կենսամակարդակի անկումը, սոցիալական արդարության սկզբունքի խաթարումն ու հասարակության բեւեռացումը նաեւ այս ոլորտի բարեփոխումների հետ մնալու հետեւանք են։ Մարզի բնակչության լայն զանգվածների համար անհասանելի է նույնիսկ տարրական բժշկական օգնությունը։

Մարզում անհանգստացնող է մնում ծնունդների թվի նվազումը։ Եթե 1991 թվականին միայն Գյումրիում եղել է 4775 ծնունդ, ապա 2000-ին ամբողջ Շիրակի մարզում այդ թիվը իջել է մինչեւ 3527, իսկ 2001 թվականինՙ 2650։ Գլուխ են բարձրացրել սիրտ-անոթային եւ ուռուցքային հիվանդությունները, որոնք շատ ավելի «երիտասարդացել» են։ Զգալիորեն աճել են նաեւ շնչառական ու նյարդային համակարգերի հիվանդությունները, մեծացել է շաքարախտով հիվանդների եւ հոգեկան հիվանդների թիվը, ցավալիորենՙ հատկապես երիտասարդների շրջանում։ Իսկ հիվանդները բժիշկներին դիմում են միայն ծայրահեղ դեպքերում։

Ըստ ծրագրի շրջանակներում կատարված սոցիոլոգիական հարցումների (հարցվել է 365 մարդ), աշխատողների թվի 67 տոկոսը մասնագիտությամբ չի աշխատում։ Հարցված յուրաքանչյուր չորս ընտանիքից մեկում կան երեխաներ, որոնք նյութական եւ այլ պատճառներով դպրոց կամ այլ կրթական հաստատություն չեն հաճախում։ 44 տոկոսը ծրագրել է հեռանալ այլ մարզ կամ արտերկիր։ Որպես մարզի ներկայիս սոցիալ-տնտեսական ճգնաժամի գլխավոր պատճառներ նշվել են նախ աշխատատեղերի բացակայությունը, երկրորդըՙ կառավարության անտարբերությունն ու կոռուպցիան, եւ նոր միայնՙ երկրաշարժի հետեւանքները, շրջափակումը, արցախյան պատերազմը։

Հասարակայնության հետ կազմակերպված հանդիպումների, քննարկումների ընթացքում հնչել են առկա հիմնախնդիրների լուծման տարբեր առաջարկություններ, որոնց մի մասը դրվել է զեկույցում ներկայացված առաջարկությունների հիմքում։ Մասնավորապես կարեւորվում են հաշմանդամներին, տարեցներին (մանավանդ որեւէ կողմնակի աջակցություն չունեցող միայնակներին) տրվող թոշակների ավելացումըՙ գոնե նրանց նվազագույն կենսապահովման հաշվարկով, միջին աշխատավարձից ցածր վաստակ ունեցողների համար բացասական հարկ սահմանելը, նոր աշխատատեղերի ստեղծման քաղաքականության հետ գործազուրկների վերամասնագիտացման, գործարարության զարգացումը խթանող միջոցառումների ծավալումը եւ այլն։ Առաջարկվում է մարզի արդյունաբերական ձեռնարկությունների վերագործարկման համար տրամադրել ֆինանսական օգնություններ տարբեր աղբյուրների միջոցովՙ ընդհուպ պետական բյուջեից ուղղակի ֆինանսավորումը, պետական համակողմանի աջակցություն ցուցաբերել տարածաշրջանի տնտեսական հավասարակշռությունը պայմանավորող բազային ընկերությունների նկատմամբ, խթանել մասնակցությունը արդյունաբերական ձեռնարկությունների միջմարզային, ներհանրապետական եւ միջպետական կոոպերացիային։ Օրակարգային են համարվում մարզի եւ հատկապես Գյումրի քաղաքիՙ որպես թեթեւ արդյունաբերության կենտրոններից մեկի դերի վերականգնումը, տեղի գիտական ներուժի օգտագործմամբ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման խթանումը եւ այլն։

Զեկույցում ներկայացված են առաջարկություններ նաեւ կրթական բարեփոխումների, առողջապահության, համայնքների զարգացման վերաբերյալ եւ այլն։

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4