«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2002-09-24 | #172, 2002-09-25 | #173, 2002-09-26


ԿՏՆԱՎՈՐՎԵՆ ՆԱԵՎ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՕՋԱԽՆԵՐԸ

Դրան արդեն մոտ են Իսահակյանի ու Շիրազի թանգարանները

Կարճ ժամանակ հետո Գյումրու կենտրոնում, իրար հարեւանությամբ, դռները կբացեն շիրակցի երկու գրական մեծություններիՙ Ավետիք Իսահակյանի եւ Հովհաննես Շիրազի թանգարանները։ Թվում էՙ ետեւում են մնացել մշակույթի այս կարեւոր օջախների տարիներ շարունակ չլուծվող խնդիրները, որոնց «Ազգը» բազմիցս անդրադարձել է։ Եթե Վարպետի երբեմնի ավանդաշատ հուշատունը 88-ի աղետից որոշ ժամանակ հետո քանդվեց, իսկ սկսված նոր շինարարությունը երկար ժամանակ մնում էր թերավարտ, ապա Շիրազի գրական թանգարանի շենքը զբաղեցրել էին երկրաշարժից անօթեւան 9 ընտանիքներ, որոնց հետ համաձայնություն ոչ մի կերպ չէր գտնվում։

Շիրազյան օջախի խնդրի լուծումը գտնվեց անցյալ տարի, թանգարանի շենքում ապաստանած ընտանիքներին Հայաստանի կառավարության եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համատեղ որոշմամբ բնակարանների գնման վկայագրերի տրամադրմամբ։ Շենքն ազատվելուց հետո, քաղաքապետարանի հայթայթած եւ տրամադրած միջոցներով ու գործուն ջանքերով այստեղ հիմնանորոգման աշխատանքներ սկսվեցին, որոնք այսօր կարելի է ասել ավարտված են։ Ավարտվել է նաեւ բակի պարսպի վերականգնումը, այժմ ընթանում են տարածքի բարեկարգման աշխատանքները։ Առայժմ խնդիր է մնում ցուցադրելիք նյութերի հարցը։ Քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Աշոտ Մկրտչյանի տեղեկացմամբ, դրանք դեռ քիչ են, եւ թանգարանային արժեքները համալրելու նպատակով իրենք դիմել են բանաստեղծի զավակներին, որոնք խոստացել են օգնել։ Պրն. Մկրտչյանը մտավախություն հայտնեց, թե չլինի գործնական քայլերն այս ուղղությամբ ուշանան, որովհետեւ մինչեւ ցուցադրվելիք նյութը չամբողջանա, հնարավոր չէ կազմել ցուցադրանքային պլանը եւ դրանով շարժվել։ Թանգարանի տնօրեն Արամայիս Շիրազունին իր հերթին տեղեկատվական միջոցներով, նաեւ նամակներով տարբեր տեղեր դիմել է եւ խնդրեց «Ազգի» միջոցով եւս հորդոր ուղղել ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում բնակվող մեր բոլոր այն հայրենակիցներին, ովքեր Շիրազից մասունքներ ունենՙ իրենց նախընտրած պայմանով տրամադրեն թանգարանին։ «Շիրազի յուրաքանչյուր մասունք պետք է հանգրվանի բանաստեղծի թանգարանում. սա է մեր մեծագույն ցանկությունը», ասաց նա։

Մշակույթի քաղաքային բաժնի պետի գնահատմամբ, ամեն ինչ բարեհաջող ընթանալու դեպքում ինչպես Շիրազի, այնպես էլ Իսահակյանի թանգարանները կարող են այցելուներ ընդունել թեկուզ այս տարի։ Ավետիք Իսահակյանի թանգարանի շենքում էլ ավարտին են մոտենում ներքին հարդարման աշխատանքները, նաեւ ձեւավորվում է բակի տարածքը։ ՀՀ կառավարությունն այս կառույցն ավարտուն տեսքի բերելու նպատակով պետական միջոցներից հատկացրել է 35 մլն դրամ, իսկ աշխատանքները կատարում է «Ամենափրկիչ» հիմնադրամի շինկազմակերպությունը։ Թվում էՙ այստեղ առայժմ լուրջ խնդիրներ չկան։ Թանգարանի տնօրենությանը հանձնարարված է տեղեկատվություն ներկայացնել հուշատան ցուցանմուշների վիճակի մասին, որոնք եւս առկա են ու գտնվում են «Կումայրի» արգելոց-թանգարանի պահոցներում։ Վերաբացումից հետո Վարպետի թանգարանն, անշուշտ, նորից կդառնա ավանդական իսահակյանական օրերի ճանաչված կենտրոն, ինչպիսին էր նախկինում։

Այս տարին Գյումրու համար կարող է բեկումնային դառնալ մշակույթի օջախների վերականգնման առումով։ Արդեն որոշվել է վերականգնել նկարչուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը, վերակառուցել քանդակագործ Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանը, Ջաջուռ գյուղումՙ Մինաս Ավետիսյանի պատկերասրահը։ Իսկ հերթի սպասողների մեջ կուզեինք նշել գիտամշակութային մի կարեւոր օջախիՙ Շիրակի երկրագիտական թանգարանի մասին։ Այստեղ հարմարեցված շենքում, նեղլիկ ու աննպաստ պայմաններում հազարամյակների մշակութային գանձեր են հանգչում։

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4