«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#174, 2002-09-27 | #175, 2002-09-28 | #176, 2002-10-01


ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ

Հունաստանում ավարտվեց շախմատի եվրոպական չեմպիոնների գավաթի հերթական խաղարկությունը։ Պատվավոր մրցանակը վիճարկում էին 43 թիմեր։ Մրցակարգի համաձայն, յուրաքանչյուր թիմում ընդգրկված էին 6 հիմնական եւ 2 պահեստային շախմատիստներ։ Շվեյցարական մրցակարգով անցկացվեց 7 տուր։ Միավորների հաշվարկը կատարվում էր հետեւյալ կերպ. հաղթանակի դեպքում թիմին տրվում էր 2 միավոր, ոչ-ոքին գնահատվում էր մեկ միավորով, պարտության դեպքում թիմը միավոր չէր ստանում։ Հավասար միավորների դեպքում առավելությունը տրվում էր այն թիմին, որի շախմատիստներն ընդհանուր հաշվարկով ավելի շատ միավորներ էին վաստակել։

Մրցաշարի հենց մեկնարկից համառ պայքար ծավալվեց հաղթողի կոչման համար։ Ամեն ինչ վճռվեց վերջինՙ 7-րդ տուրում։ Առաջատարըՙ ֆրանսիական «NAO Chess Club» թիմը, մրցում էր չեմպիոնների ներկայիս գավաթակիր Ռուսաստանի «Նորիլսկի նիկելի» հետ։ Երկու թիմերին էլ հաղթանակ էր անհրաժեշտ։ Հաղթելով 3,5¬2,5 հաշվով, ռուսական ակումբը վաստակեց 12 միավոր։ Վճռորոշ նշանակություն ուներ նաեւ 10-ական միավոր վաստակած Սարաեւոյի «Բոսնիա» եւ Կազանի «Լադյա-Կազան-1000» թիմերի մրցավեճը։ Այստեղ եւս չափազանց սուր ու լարված մրցապայքար ծավալվեց։ Ի վերջո, 3,5¬2,5 հաշվով հաղթեց «Բոսնիան»։ Այդ հաղթանակում իր մեծ ավանդն ունեցավ Չեխիայում բնակվող մեր հայրենակից Սերգեյ Մովսիսյանը, որը հաղթեց Անդրեյ Խառլովին։ Հաղթական մյուս միավորը թիմին պարգեւեց Ալեքսեյ Շիրովը, որը պարտության մատնեց կազանցիների կազմում 2-րդ խաղատախտակի վրա խաղացող Վլադիմիր Հակոբյանին։ Արդյունքում 2 թիմերՙ «Բոսնիան» եւ «Նորիլսկի նիկելը» վաստակեցին հավասար միավորներ (12-ական)։ Չեմպիոնի կոչմանն արժանացավ «Բոսնիան», որի շախմատիստներն ընդհանուր հաշվարկով վաստակել էին կես միավոր (27,5) ավելի, քան «Նորիլսկի նիկելը»։ Նշենք, որ բացի Սերգեյ Մովսիսյանից ու Վլադիմիր Հակոբյանից, մրցաշարին մասնակցեց նաեւ Սմբատ Լպուտյանը, որը խաղում էր Բոսնիայի մեկ այլ թիմումՙ «Կիսելյակում»։ Այն 43 թիմերի մեջ գրավեց 24-րդ տեղը։ Կազանի «Լադյան» 6-րդն էր։ Մրցանակային 3-րդ տեղը 11 միավորով գրավեց Վարշավայի «Պոլոնիա պլյուսը»։ Այսպիսով, հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը «Բոսնիայի» կազմում դարձավ շախմատի եվրոպական չեմպիոնների գավաթակիր։ Նա գերազանց հանդես եկավ մրցաշարում։ 4-րդ խաղատախտակի վրա խաղացած շախմատիստների մեջ Սերգեյ Մովսիսյանի արդյունքը լավագույնն էրՙ 5,5 միավոր 7 հնարավորից։ Մնացած խաղատախտակների վրա լավագույն արդյունքներ ցույց տվեցին հետեւյալ շախմատիստները. Ալեքսանդր Գրիշչուկ, Վերեսլավ Էյնգորն, Սուատ Աթալիկ, Էմիր Սուտովսկի (1-ին խաղատախտակ, 5-ականՙ 7-ից), Ալեքսեյ Դրեեւ, Հուդիթ Պոլգար, Ալիկ Գերշոն (2-րդ խաղատախտակ, 5,5-ականՙ 7-ից), Զոլթան Վարգա (3-րդ խաղատախտակ, 5,5ՙ 7-ից), Լարս Թիդե (5-րդ խաղատախտակ, 6ՙ 7-ից), Արտյոմ Տիմոֆեեւ, Միլան Նովկովիչ (6-րդ խաղատախտակ, 6ՙ 7-ից)։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4