«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2002-10-29 | #197, 2002-10-30 | #198, 2002-10-31


ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ

Ռեպորտաժ «Ավստրիական ավիաուղիների» աջակցությամբ

Գագիկ Հովհաննիսյանը հաղորդում է Բլեդից

«Չգիտեմՙ ո՞ւմ խաղացնեմ վաղը», համարյա ամեն օր իր «տանջանքները» ինձ հետ կիսում է Արշակ Պետրոսյանը։ Բայց շատերը կերազեին ունենալ Հայաստանի հավաքականի մարզչի ապրումները, քանի որ Պետրոսյանը «նեղվում է» ոչ թե խաղացողների պակասից, այլ նրանից, որ մեր բոլոր վեց տղաները հիանալի են խաղում։ Գործնականում թիմի ցանկացած քառյակ կարող է հայտավորվել յուրաքանչյուր տուրի։ Բաժանումը հիմնական եւ պահեստային անդամների ՀՀ հավաքականի պարագայում պարզապես անիմաստ է։ Ի դեպ, մեր պահեստայիններ Արտաշես Մինասյանն ու Աշոտ Անաստասյանը միասին հինգ հանդիպումներում վաստակել են նույնքան միավոր։

Չորրորդ տուրում աշխարհի ամենաշախմատային երկրներից մեկիՙ Հարավսլավիայի հավաքականի հետ հայ շախմատիստները խաղացին հիմնական կազմով եւ շախմատային արվեստի բոլոր կանոններով մի գեղեցիկ ներկայացում ցուցադրեցին։ Վլադիմիր Հակոբյանը կոմբինացիոն հարվածներով, արտիստիկ ոճով արդեն 26-րդ քայլում պարտության մատնեց հռչակավոր Լյուբոմիր Լյուբոեւիչին։ Օլիմպիադայում իր հաղթական պարտիաների հաշիվը բացեց Կարեն Ասրյանը։ Իվան Իվանիշեւիչի դեմ նա հասավ երկու զինվորի առավելության, դրանք հասցրեց 7-րդ հորիզոնական, որից հետո մրցակիցը հանձնվեց։ Գաբրիել Սարգսյանը սեւերով վարպետորեն ծնկի բերեց Ալեքսանդր Կովաչեւիչին։ Մի պահ թվում էր, թե մրցախաղում կարող էր գրանցվել ֆանտաստիկ հաշիվՙ 4-0, քանի որ Սմբատ Լպուտյանն էլ անվիճելի առավելություն ուներ Բրանկո Դամլյանովիչի հետ պարտիայում, բայց հարավսլավացին կարողացավ դժվարությամբ փրկել կես միավորը։

Եվ այսպես, ՀՀ հավաքականը 3,5-0,5 հաշվով տպավորիչ հաղթանակ տոնելով, շահեց չորրորդ անընդմեջ մրցախաղը եւ 16 հնարավորից վաստակելով 13 միավոր, Ռուսաստանի ու Լեհաստանի շախմատիստների հետ գլխավորեց աղյուսակը։ Լեհերը 3-1 հաշվով հաղթեցին կուբացիներին, իսկ ռուսները նույնպիսի արդյունքով առավելության հասան վրացիների նկատմամբ։ Կասպարովը տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը, բայց նա «ստիպված» էր հաղթել միայն երիտասարդ շախմատիստ Միխայիլ Մճեդլիշվիլուն, քանի որ հավաքականի առաջատար Զուրաբ Ազմայփարաշվիլին Կասպարովին չպարտվելու ամենահուսալի ձեւն ընտրեց. պարզապես խուսափեց հանդիպումից։

5-րդ տուրում կկայանա օլիմպիադայի կենտրոնական եւ ամենասկզբունքային հանդիպումներից մեկըՙ Հայաստան-Ռուսաստան։ Այն, որ Ռուսաստանը օլիմպիական բազմակի չեմպիոն է եւ հաղթողի գլխավոր հավակնորդ, բոլորին է հայտնի։ Կրակին յուղ է լցնում ռուսաստանցիների վրեժի ծարավը։ Անցյալ տարի Երեւանում աշխարհի թիմային առաջնությունում Ռուսաստանը տանտերերից ծանր պարտություն կրեց (1-3), իսկ մի քանի շաբաթ առաջ Մոսկվայում Կասպարովը ստիպված էր արդեն 25-րդ քայլում, ինչը նրա մարզական կենսագրությունում եզակի երեւույթ է, անձնատուր լինել Հակոբյանին։ Նախորդ օրվա փայլուն ելույթից հետո Պետրոսյանը որոշեց չփոխել կազմը։ Առավոտյան, երբ Հակոբյանը, Լպուտյանը, Ասրյանը, Սարգսյանը հերթով մտնում էին մարզչի սենյակըՙ նրա եւ համակարգչի օգնությամբ կարեւորագույն մրցախաղին պատրաստվելու համար, բոլորը հավաք էին ու հանգիստ։

Իսկ մեր աղջիկները Ռուսաստանի հետ, որը կանանց մրցաշարում եւս ուժեղագույններից մեկն է, արդեն հանդիպեցին չորրորդ տուրում։ Ընդհանուր առմամբ մեր շախմատիստուհիները կրկին արժանապատիվ ելույթ ունեցան։ Լիլիթ Մկրտչյանը սեւերով խաղաղ դաշն կնքեց աշխարհի փոխչեմպիոնուհի Ալեքսանդրա Կոստենյուկի հետ։ Լիլիթ Գալոյանը, որն առայժմ միջազգային որեւէ կոչում չունի, ոչ ոքի խաղաց գրոսմայստեր Տատյանա Կոսինցեւայի հետ։ Եվ միայն Էլինա Դանիելյանը զիջեց Սվետլանա Մատվեեւային։ Մեր թիմը զիջեց 1-2 հաշվովՙ կրելով առաջին պարտությունը։ Կանանց հավաքականը 12 հնարավորից վաստակել է 8 միավոր։ 9,5-ական միավորով առաջատարներն են Չինաստանի եւ ԱՄՆ-ի հավաքականները։ Մեր թիմի հաջորդ մրցակիցները հունգարուհիներն են։

Բլեդի օլիմպիադայում եւս տարբեր երկրների հավաքականներում հանդես են գալիս մեր հայրենակիցները։ Մոլդովայի թիմում խաղում է Հայաստանի եւ Արցախի նախկին չեմպիոնուհի, գրոսմայստեր Նաիրա Աղաբաբյանը։ Նրա գրոսմայստեր դուստրըՙ Էլմիրան թեեւ բաժանվել է Ժոել Լոթյեից, սակայն շարունակում է պաշտպանել Ֆրանսիայի մարզական պատիվը։ Լիբանանի կանանց հավաքականի առաջին երկու խաղատախտակներին հանդես են գալիս նազելի քույրեր Քնարիկ եւ Սուզան Մուրադյանները։ Կանադայի հավաքականում խաղում է երիտասարդ Դինա Կագրամանովան։ Դե, իսկ տղամարդկանց մրցաշարում Գարրի Կասպարովից եւ նրա մարզիչ Յուրի Դոխոյանից բացի սփյուռքը ներկայացված է այժմ Սլովակիայում ապրող եւ նրա հավաքականը գլխավորող գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանով։ Ճիշտ է, օլիմպիադայում հայերեն խոսում են նաեւ ուրիշները, բայց այդ մասին մեկ այլ անգամ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4