«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2002-10-30 | #198, 2002-10-31 | #199, 2002-11-01


«ՌԻՆԳՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐՆ ԵՆ

Ռեպորտաժ «Ավստրիական ավիաուղիների» աջակցությամբ

ԳԱԳԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ հաղորդում է Բլեդից

5-րդ տուրում ես որոշ ուշացումով մտա մրցասրահ։ Լյուբլյանայի քաղաքապետ տիկին Վիկա Պոտոչնիկն այդ օրն ընդունեց ՖԻԴԵ-ի մի խումբ պաշտոնատարներիՙ պատվավոր նախագահ Ֆլորենսիո Կամպոմանեսին, առաջին փոխնախագահ Գեորգիոս Մակրոպուլոսին, շախմատի եվրոպական միության նախագահ Բորիս Կուտինին եւ տողերիս հեղինակին։ Զրույցի ժամանակ տիկին Պոտոչնիկը նկատեց, որ Սլովենիան երջանիկ երկիր է Հայաստանի շախմատիստների համար։ Հենց Լյուբլյանայում 1995 թ.-ին «Երեւանը» նվաճեց եվրոպական ակումբների չեմպիոնների գավաթը։

Մտնելով մարզապալատ, տեսա սպասված պատկերը. պարաններով արգելափակված տարածքը, որը բռնցքամարտի ռինգ էր հիշեցնում, եւ որտեղ մրցում են առաջատար թիմերը, շրջապատված էր չորս կողմից։ Բոլորը կլանված հետեւում էին Հայաստան-Ռուսաստան մրցախաղին, մասնավորապես Վլադիմիր Հակոբյանի եւ Գարրի Կասպարովի մրցամարտին։ Նշեմ, որ առաջին անգամ ՌԴ հավաքականը հանդես եկավ հիմնական կազմով։ Հակոբյանի եւ Կասպարովի մենամարտում հաշտություն կնքվեց արդեն 24-րդ քայլում։ Սա աշխարհի ուժեղագույն շախմատիստիՙ օլիմպիադայում կորցրած առաջին կես միավորն էր։ Խաղի ավարտից հետո Վլադիմիրն ու Գարրին վերլուծում էին պարտիան։ Ոչ ոքի ավարտվեց նաեւ Կարեն Ասրյանի եւ աշխարհի մեկ այլ նախկին չեմպիոնիՙ Ալեքսանդր Խալիֆմանի մրցախաղը։ Մյուս երկու խաղատախտակների վրա, որտեղ հայ շախմատիստները խաղում էին սեւերով, երկկողմանի սուր պայքար էր ծավալվել։ Գաբրիել Սարգսյանը Բլեդում գործում է վստահ ու համարձակ, բայց փորձի պակասը երբեմն զգացնել է տալիս։ Ալեքսանդր Մորոզեւիչն օգտվեց իր պատանի մրցակցի աննկատ սխալներից եւ շահեց խաղը։ Բայց փոխարենը հրաշալի գործեց Սմբատ Լպուտյանը, որը զուգակցելով նուրբ դիրքային խաղն ու տակտիկական սպառնալիքները, պարտության մատնեց Ալեքսանդր Գրիշչուկին։ Եվ այսպես, արժանապատիվ մրցախաղ աշխարհի ուժեղագույն հավաքականի հետ եւ ոչ ոքի, որն ավելին է, քան շատ հաղթանակներ։ Ռուսաստանի թիմի միջին վարկանիշը ֆանտաստիկ բարձր էՙ 2734 (Հայաստանինըՙ 2620, 9-րդը օլիմպիադայում)։ ՀՀ եւ ՌԴ հավաքականների համար սա ոչ ոքի ավարտված առաջին հանդիպումն էր։

Ցավոք, տեղի տվեցին մեր աղջիկների նյարդերը, այն էլ մի մրցախաղում, որտեղ նրանք հաջողության լավ հեռանկարներ ունեին։ Այն բանից հետո, երբ Լիլիթ Մկրտչյանը սեւերով հաշտություն կնքեց Հունգարիայի թիմի առաջատար Ժիդոնիա Վայդայի հետ, թվում էր, թե ՀՀ հավաքականը կարող էր հաղթել միայն գրոսմայստերներից կազմավորված ուժեղ մրցակցին։ Հլղաթյանն ու Գալոյանը շոշափելի առավելություն ունեին Ելենա Դեմբայի եւ Նիկոլետա Լակոշի նկատմամբ։ Բայց փոքրիկ վրիպումներ թույլ տվեցին։ Ընդ որում, Լիլիթը պարզապես մեկ քայլում կորցրեց թագուհին։ Մեր թիմը պարտվեց 0,5¬2,5 հաշվով, եւ այժմ 15 հնարավորից ունի 8,5 միավոր։

Կարծես թե վերջնականապես կարելի է խոսել օլիմպիադայի մասնակիցների թվի մասինՙ տղամարդկանցՙ 135 եւ կանանց 90 թիմեր։ Զգալի ուշացումով Բլեդ հասան տաջիկները։ Բացի կույր եւ խուլ ու համր շախմատիստներից, մասնակցում է նաեւ հաշմանդամների թիմը։ Առայժմ Բլեդ չի ժամանել շախմատային թիվ 1 պաշտոնատարըՙ Կիրսան Իլյումժինովը, որն օրերս հաղթեց Կալմիկիայի նախագահի ընտրություններում, ինչի առիթով շնորհավորական հեռագիր ուղարկվեց նրան։ Սպասվում է, որ նա Բլեդ կժամանի այսօր, քանի որ վաղը սկսվում է ՖԻԴԵ-ի կոնգրեսի սկզբնական փուլըՙ հանձնաժողովների աշխատանքը։ Ճիշտ է, գլխավոր ասամբլեան, որտեղ կքննարկվեն բոլոր կարեւոր հարցերը եւ կկայանա նախագահի ընտրությունը, կսկսվի միայն նոյեմբերի 7-ին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4