«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2002-10-30 | #198, 2002-10-31 | #199, 2002-11-01


ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Շախմատի համաշխարհային 35-րդ օլիմպիադայի 6-րդ տուրն անհաջող էր հայ շախմատիստների համար։ Մեր թիմը 1,5¬2,5 հաշվով զիջեց ռումինացիներին։ Վլադիմիր Հակոբյանը սեւ խաղաքարերով խաղաղ դաշն կնքեց Իստրատեսկուի հետ։ Նույնպիսի ավարտ ունեցան Լպուտյան¬Մարին, Վայդա¬Ասրյան պարտիաները։ Վերջինն ավարտվեց Մինասյան¬Պարլիգրաս պարտիան, որտեղ սպիտակներով խաղացող հայ գրոսմայստերը պարտություն կրեց։ Օլիմպիադայում դա Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջին պարտությունն էր։ Մեր թիմը 24 հնարավորից վաստակել է 16,5 միավոր եւ Չեխիայի հավաքականի հետ բաժանում է 4¬5-րդ տեղերը։ Իսկ մրցաշարը 18,5 միավորով միանձնյա գլխավորեց Ռուսաստանի հավաքականը, որն առանց իր առաջատար Գարրի Կասպարովի էլ պարզապես ջախջախեց մինչ այդ առաջին տեղում ընթացող բոսնիացի շախմատիստներին (3,5¬0,5)։ Ռուսներից հաղթեցին Գրիշչուկը, Մորոզեւիչն ու Սվիդլերը, եւ միայն Ռուբլյովսկին թույլ տվեց մրցակցինՙ Բիստրիչին, կես միավոր վաստակել։ Ռումինացիները լեհերի հետ 17-ական միավորով բաժանում են 2¬3-րդ հորիզոնականները։ Ուկրաինայի, Անգլիայի եւ Բոսնիայի հավաքականներն ունեն 16-ական միավոր։ Նշենք եւս 2 հետաքրքիր մրցախաղի արդյունք. Չեխիա¬Հունգարիաՙ 2,5¬1,5, Ուկրաինա¬Անգլիաՙ 2¬2։

Ի տարբերություն տղամարդկանց, այս անգամ մեր շախմատիստուհիները ուրախացրին հաջող ելույթովՙ 2¬1 հաշվով պարտության մատնելով դանիացիներին։ Մեր թիմին հաղթական միավորներ պարգեւեցին Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Գալոյանը, իսկ ահա Գոհար Հլղաթյանը զիջեց մրցակցին։ 6 տուրից հետո մեր աղջիկները վաստակել են 10,5 միավոր։ Առաջատարը Վրաստանի թիմն է (15 միավոր), որը 3¬0 հաշվով ջախջախեց հոլանդուհիներին։ Ռուսները 2,5¬0,5 հաշվով հաղթելով ԱՄՆ-ի ընտրանուն, 13,5 միավորով տեղափոխվեցին 2-րդ հորիզոնական։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4